Կարծիք

11.05.2019 07:07


Քայլի՛ր և պաշտոն ստացիր. ինչո՞ւ Հայաստանում չեն գործում «սոցիալական վերելակի» մեխանիզմները

Քայլի՛ր և պաշտոն ստացիր. ինչո՞ւ Հայաստանում չեն գործում «սոցիալական վերելակի» մեխանիզմները

«Սոցիալական վերելակը» սոցիալական կարգավիճակի բարձրացման (կամ իջեցման) մեխանիզմ է: «Սոցիալական վերելակի» հայեցակարգն անմիջականորեն կապված է սոցիալական շերտավորման հայեցակարգի հետ: Բայց ավելի շատ՝ սոցիալական շարժունակության:

«Սոցիալական վերելակները» բարձրացնում են (կամ իջեցնում) չորս հիմնական սոցիալական հատկանիշները՝ անձի իշխանություն ունենալու չափը, եկամուտը, հեղինակությունը եւ կրթությունը:

Նախորդ իշխանությունների ժամանակ հիմնական բողոքներից մեկը, որ հնչում էր իրենց հասցեին, այն էր, որ Հայաստանում «սոցիալական վերելակով» բարձրանալու համար պարտադիր պետք է կուսակցականացվել և անցնել «ՀՀԿ-ի թրի տակով», որպեսզի կարողանաս քաղաքական և հասարակական սեկտորում կայանաս:

Նոր իշխանություններից գլխավոր սպասելիքներից մեկն այն է, որ այս համակարգն արմատականապես կփոխվի, և հատկապես երիտասարդ սերնդի համար առաջ գնալու գլխավոր նախապայմանը լինելու է ոչ թե քաղաքական պատկանելությունը, այլ գիտելիքները, հմտությունները և ունակությունները: Սակայն դատելով իշխանական խմբակցության, կառավարության, մարզպետների և քաղաքապետերի կազմից՝ պարզ է դառնում, որ անգամ իշխանափոխությունից հետո «սոցիալական վերելակները» Հայաստանում չեն գործում, և քաղաքական ասպարեզում առաջխաղացման համար մարդուց պահանջվում է հստակ քաղաքական պատկանելություն կամ կենսագրության մեջ մի կետ, որում նշված է, որ տվյալ անձը բառիս բուն կամ փոխաբերական իմաստով քայլել է:

Ոմանք նշում են, որ սխալ էր Նիկոլ Փաշինյանից և «Իմ քայլը» դաշինքից սպասել արագ փոփոխություններ, քանի որ 30 տարի երկիրը թալանվել է ու քայքայվել, և հնարավոր չէ մեկ տարում ամեն ինչ միանգամից փոխել, բայց, համաձայնեք, հնարավոր է ստեղծել նվազագույն նախապայմաններ, որպեսզի գոնե այս հարցն իր լուծումը ստանա, և հանրությունը տեսնի, որ Հայաստանում իրականում կառուցվում է ներառական իշխանություն, որի գլխավոր նպատակն է իր շուրջ համախմբել մարդկանց, որոնք կարող են հանրօգուտ գործունեություն ծավալել: Բարձրանալ սոցիալական վերելակի հարկերով՝ առանց իշխող ուժին ու նրա առաջնորդին մինչև կյանքի վերջ ծառայելու կամ ասելու, եթե անգամ կառավարության ծրագրում մեկ տող գրված լիներ, և այնտեղ նշված լիներ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, միևնույն է, Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին կողմ էին քվեարկելու:

Կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ է իր կառավարությունում և «Իմ քայլը» խմբակցությունում հավաքել անդեմ մարդկանց, որպեսզի նրանց ֆոնին իր վարկանիշը միշտ բարձր մնա: Սակայն խնդիրն այն է, որ սրանով իսկ Փաշինյանը փակ համակարգ է կառուցում: Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր պետք մեկին փոխել մյուսով, եթե վերջնարդյունքում ամեն ինչ փակ է մնալու ու դեռ մի բան էլ վատանալու է:

Ինչո՞ւ էր պետք ամպագոռգոռ հայտարարություններ անել, երբ, միևնույն է, իշխանության մաս դառնալու համար անհրաժեշտ չէ անցնել անձի զարգացման տրամաբանական փուլերը, այլ հարկավոր է կամ քայլական լինել, կամ էլ քայլականի հետ աղուհաց կիսած: Չհաշված խնամի, ծանոթ կամ բարեկամ լինելը:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը