Քաղաքական

10.05.2019 12:20


Եթե դատավոր Դավիթ Գրիգորյանը չենթարկվի պատասխանատվության, շատ կասկածելի կլինի. Հայկ Ալումյան

Եթե դատավոր Դավիթ Գրիգորյանը չենթարկվի պատասխանատվության, շատ կասկածելի կլինի. Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը մայիսի 13-ին տեղի կունենա Երեւանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում ժ. 14։00-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից։

Օրեր առաջ Հայկ Ալումյանը նշել էր, որ իր կարծիքով՝ սխալ կլինի, եթե գործը շարունակի քննել դատավոր Դավիթ Գրիգորյանը։ «Փաստինֆո»-ի այն հարցին՝ արդյոք պաշտպանական կողմը պատրաստվո՞ւմ է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Այս պահին այդ հարցը չենք ուզում մեկնաբանել»։

Ի պատասխան մյուս հարցին, թե օրեր առաջ ԲԴԽ-ում երկու դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկվելը հնարավո՞ր է, որ կկաշկանդի դատավորներին այս գործի քննության ընթացքում, Հայկ Ալումյանն ասաց. «Կաշկանդվողը առիթ է փնտրում, որ կաշկանդվի, իսկ չկաշկանդվողը չի կաշկանդվում ամեն պարագայում»։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին դատավորներ Նելլի Բաղդասարյանը եւ Հարություն Մանուկյանը ենթարկեցին կարգապահական պատասխանատվության՝ համապատասխանաբար ստանալով նկատողություն եւ նախազգուշացում։ ԲԴԽ-ն գտել էր, որ ինքնաբացարկ հայտնելով՝ Բաղդասարյանը թույլ էր տվել դատական վարքագծի կոպիտ խախտում, իսկ Մանուկյանը չէր իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները։

Նշենք նաեւ, որ ԲԴԽ-ն քննել է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է նույն օրը՝ մայիսի 13-ին. «Եթե նա չենթարկվի պատասխանատվության, շատ կասկածելի կլինի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Այս խորագրի վերջին նյութերը