Քաղաքական

08.05.2019 19:35


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորներից մեկը նկատողություն ստացավ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորներից մեկը նկատողություն ստացավ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանի և Հարություն Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ:

Հարուցված կարգապահական վարույթների արդյունքներով Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թ. մարտի 25-ին որոշում է կայացրել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություններ ներկայացնելու մասին:

Դատավոր Նելլի Բաղդասարյանին առնչվող որոշմամբ արձանագրվել է, որ թիվ ԵԴ/0743/06/18 քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու որոշումը կայացնելիս դատավորի կողմից չեն պահպանվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահամանդրական օրենքի պահանջները, ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե նշված օրենքով նախատեսված՝ ինքնաբացարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարագայում, այլ մեղադրանքի կողմից չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում:

Դատավոր Հարություն Մանուկյանի առնչությամբ վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դատավորի արձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը: Հանձնաժողովն արձանագրել է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ սահմանված՝ դատավորների միջև գործերի վերաբաշխման իրավակարգավորումներից, դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված դատավորին մակագրված դատական գործերը վերադարձնելու ընթացակարգ սահմանված չէ, հետևաբար՝ դատավոր Հ. Մանուկյանն իրեն մակագրված թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերը տվյալ դեպքում իրավասու չէր վերադարձնել: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Հ. Մանուկյանը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները` թույլ տալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում:

Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ն. Բաղդասարյանին և Հ. Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունները, 2019 թ. մայիսի 8-ին կայացրած որոշումներով բավարարեց Հանձնաժողովի միջնորդությունները և ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149 հոդվածի պահանջներով դատավոր Ն. Բաղդասարյանին հայտարարեց նկատողություն, իսկ դատավոր Հ. Մանուկյանին՝ նախազգուշացում:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության

հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը