Կարծիք

08.05.2019 17:50


Ձուկը գլխից են բռնում

Ձուկը գլխից են բռնում

Լավ է, իհարկե, որ Արցախի գործող նախագահը` Բակո Սահակյանը, եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ուշացումով «թավշյա» իշխանիկների ուշադրությունը հրավիրեցին մեր մայիսյան հաղթանակների Եռատոնին ընդառաջ ստեղծված անհեթեթ իրավիճակի վրա, երբ այդ հաղթանակները կերտողներից մեկը` Ռոբերտ Քոչարյանը, ճաղերի հետեւում է։

Բայց, համաձայնեք, հեգնական մի բան կա նրանում, որ նախագահներն այդ հարցով դիմել են ոչ թե հարցի իրական հասցեատիրոջը` Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանին, այլ հանրապետական «հանցավոր ռեժիմի» կողմից «ժողովրդի կառավարությանը» ժառանգության իրավունքով փոխանցված գլխավոր դատախազին։

Նախ, Արթուր Դավթյանը հարց լուծող չէ. նույնիսկ եթե շատ ուզենար (ասում ենք` եթե), չէր կարող վերացնել Քոչարյանին նշանակված խափանման միջոցը։ Անգամ չէր էլ կարող ակնարկել այդ մասին։ Եվ ամենեւին` ո՛չ այն պատճառով, որ դա իր իրավասությունից դուրս է, ինչպես փորձում է ներկայացնել, այլ`որովհետեւ նրա կարծիքը որեւէ մեկին չի հետաքրքրում. նա անում է այն, ինչի տակ էն գլխից ստորագրել է`երդվելով ատամներով պաշտպանել ի վերուստ իջեցված ցանկացած քաղաքական պատվեր։

Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք, որ «Նոր Հայաստանի նայողը»` մեծ կամ փոքր, կարեւոր ու անկարեւոր, տեղական եւ գլոբալ, արտաքին կամ ներքին բոլոր հարցերը լուծողը մի մարդ է, եւ այդ մարդը բախտի բերմամբ Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնված Նիկոլ Փաշինյանն է։ Ինչի մասին էլ «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց իր վարչապետական բուռն գործունեության տարին ամփոփող հաշվետու ասուլիսում`ասելով. «Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ճիշտ հասցեով չեն դիմել»։

Ասել է թե`մոլորության մեջ են։ Եվ գիտե՞ք ինչու. որովհետեւ վատ խորհրդատուներ ունեն, ի տարբերություն իր իմաստուն խորհրդատուների, որոնք, ինչպես հայտնի է, երբեք չեն սխալվում. «Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդներ տան... Ճիշտ չէ Արցախի երկու նախկին նախագահների համար հասցեագրել դիմում մի տեղ, որն իրենց իրավազորության ներքո չէ»:

Թեման զարգացնելով`մեր հերոսն անուղղակիորեն հաստատեց այն, ինչի մասին գրել էինք մեր հրապարակումներից մեկում`փորձելով հասկանալ, ինչո՞ւ այնուամենայնիվ «ժերտվա տվեց» իր ընկեր Սանասարյանին`քաջ իմանալով, որ հայտնվելու է երկու կրակի արանքում` սորոսական «գործընկերների» եւ «ոչ սորոսական» հակառակորդների երկկողմանի հրետակոծության տակ։ Ու եկել էինք այն հետեւության, որ փորձում է ներկայանալ որպես անաչառ արբիտր, որը հանուն արդարության պատրաստ է զոհաբերել քայլարածական իր ընկերոջը, ուր մնաց` «ուրիշների» ընկերներին խնայի։ Առավել եւս` հակառակորդներին, որոնց իր ողջ գիտակից կյանքում նշավակել, մեղադրել եւ պիտակավորել է վերջին խոսքերով։

«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց իմ ընկերը օրենքից վեր չի կարող լինել, այդպես մենք պետություն չենք կառուցի», եւ ուրեմն`«եթե իմ ընկերն օրենքից վեր չէ, ուրիշ որեւէ մեկի ընկերն էլ չի կարող օրենքից վեր լինել»,-վստահեցրեց նա` ապացուցելով այն, ինչ «պահանջվում» էր ապացուցել. որ դա մեսիջ է Քոչարյանին հարմարեցված անհիմն մեղադրանքը քաղաքական եւ անձնական վենդետտայի ցցուն դրսեւորում համարող շրջանակներին։ Առաջին հերթին` նախագահ Պուտինին, որը իրեն ենթակա լրատվամիջոցների միջոցով պարբերաբար խտղտացնում է Փաշինյանի եւ իր թիմակիցների նյարդերը` բարձրաձայնելով այդ ակնհայտ իրողությունը։

Մի բան է ոգեւորում`որ այս անգամ գոնե կարողացավ զսպել իրեն (պահը հարմար չէր` ազատ Արցախի տոնը փչացնելը «ճիշտ չէր ընկալվի» հպարտ քաղաքացիների կողմից)`ձեռքը չխփեց սեղանին, մատ թափ չտվեց Արցախի ղեկավարության վրա, կարգի չհրավիրեց ու Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի երեսին չշպրտեց թեւավոր դարձած արտահայտությունը՝ հանգի՛ստ նստեք տեղներդ եւ գործով զբաղվեք` ո՞վ եք դուք, քանի՞ գլուխ ունեք, որ միջամտում եք ժողովրդի կառավարության «ներքին գործերին»...

Չնայած` դեռ ուշ չէ. մի քիչ էլ հոգու հետ խաղան` բանը դրան էլ կհասնի...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը