Կարծիք

08.05.2019 10:35


Այդ քաղցր բառը` ծառայություն

Այդ քաղցր բառը` ծառայություն

Չի կարելի միանշանակ պնդել, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի ամեն հրապարակումից հետո մեր հեգ հասարակությունը տվայտանքների մեջ է ընկնում: Բայց հասարակական կյանքում նման իրավիճակ հիշեցնող ինչ–որ բան կատարվում է: Հանաք բան չէ. տնտեսական ակտիվության ցուցանիշը միապաղաղ ու (կամ) անբռնազբոս աճում է: Իսկ այդ աճը ո՛չ տնտեսությունն է զգում, ո՛չ պարզ սպառողը:

«Ինչի՞ հաշվին է արձանագրվում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը», - հարցը պարբերաբար ինչ–որ պատասխանի արժանանում է։ Օրինակ՝ 2018-ի երկրորդ եռամսյակի համար վարչապետը բացատրեց, որ այն աճել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության (կամ գավաթի) առիթով արված խաղադրույքների հաշվին (կամ շնորհիվ)։ Բացատրությունը ցնցեց բոլորին ու շատ արագ մոռացվեց։ Բնականաբար։ Հետո հասարակությունն ամեն անգամ այդ ցուցանիշի աճի տեղակատվությունն ընթերցելիս համարյա նույն ցնցումն է ապրում։ Սա այն պատճառով, որ տնտեսության իրական հատվածի ցուցանիշները (նույնիսկ այն ոլորտները, որոնք աճ են արձանագրել) ավելի «համեստ» արդյունք ունեն։ Բոլորը՝ բացառությամբ ծառայություններ անվանվող ոլորտի։

2019թ. առաջին եռամսյակի հաշվետությունն ընթերցելիս կարելի է համոզվել, որ այդ ոլորտը համարյա էպիկական մասշտաբով է աճել՝ 17․3 տոկոս։ Հետևաբար, պարզ մարդու համար «ծառայություններ» կոչվածը նախնադարյան տոտեմի որակի պաշտամունքային արժեք է դառնում։ Իրականում այդ ոլորտում առեղծվածային ոչինչ չկա։ Ավելին՝ պաշտոնական վիճակագրությունը բնակչության կողմից կրթության և, ասենք, առողջապահության վրա արված բոլոր ծախսերը համարում է ծառայություն։ Հետևաբար, զարմանալի է, երբ տեսնում ես, թե ինչպես են իշխանությունները հպարտանում առողջապահության՝ ասենք՝ սրտի կամ երիկամի վիրաբուժական միջամտության ծախսերի պատճառով աճած «տնտեսական ակտիվության ցուցանիշով»։

Ծառայությունների ոլորտի խոշոր մասնաբաժինն, այնուամենայնիվ, ո՛չ առողջապահությանն է բաժին հասնում, ո՛չ կրթությանը։ Ծավալով մյուս ոլորտը «Մշակույթ, զվարճություն, հանգիստ» տողով է արձանագրվում։ «Հանգիստ» կոչվածը արձակուրդային վճարի հետ կապ ունի, ուստի այս տողն ինքնին հասկանալի է ու բացատրելի։ Հնարավոր է, որ այն երկրորդային (կամ հեռավոր աղերս ունի) տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ։ Տնտեսագիտական ու վիճակագրական դասակարգման տեսանկյունից։ Հարկավ։ Բայց ո՛չ տնտեսական աճի հանդեպ հարգանք պահանջելու տեսանկյունից։ Հատկապես որ ծառայությունների ծավալով երրորդ ոլորտը տեղեկատվությունն ու կապն է։

Եթե ձեզ թվում էր, որ այդ ոլորտը այս կամ այն չափով կապված է մեծ ու փոքր ծավալի գործարարության հետ, ապա սխալվել եք, այն էլ՝ չարաչար։ Հատկապես որ ծառայությունների ոլորտի «Տեղեկատվություն ու կապ» անունով ենթակետի 5 տոկոսը վերաբերում է հեռահաղորդակցմանը։ Այսինքն, երբ սիրահարված կամայական զույգն ամսվա (առավել ևս՝ եռամսյակի) ընթացքում ավելի երկար է խոսում հեռախոսով, խթանում է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը։ Ինքնաբերաբար։ Այս տողի տեսակարար կշիռը ծառայությունների ոլորտում համարյա 16 տոկոս է։ Հետևաբար, եթե դուք փոստով որևէ ծանրոց (կամ նման այլ բան) եք ստանում, ապա առաքողի հետ ինքնաբուխ ու ակամա խթանում եք տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Այս պարագայում ցանկացած իշխանավոր կարող է պնդել, որ հեռախոսով ոչ թե սիրահար զույգեր են հեռահաղորդակցվում, այլ բիզնես գործարար զույգեր։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ծառայությունների ոլորտում նկատելի բաժին ունի բանկային գործունեության ոլորտը (պաշտոնական վերջին տվյալներով՝ մոտ 15 տոկոս)։ Պատկերացրեք, քաղաքացին սպառողական վարկ է վերցնում, որ կենցաղային սարքավորում գնի կամ երեխայի կրթավարձը վճարի, և այդ պահին վրա է հասնում պաշտոնական վիճակագրությունն ու այդ գործարքը հայտարարում «տնտեսական ակտիվության ցուցանիշ»։ Ավելին՝ դրա աճ։ Դասագրքում նման մոտեցման մասին ընթերցելիս հասկանում ես, որ սա ֆինանսական հոսքերը դասակարգելու տեսական մեթոդ է (մեթոդ, որը շատերը վիճարկելի են համարում)։ Բայց նույնիսկ այս մեթոդը մթագնում է այն տվյալների հանդեպ, որոնք հանդգնել ենք ներկայացնել վերջում։ Խոսքը ծառայությունների ոլորտի ամեմամեծ, ամենախոշոր կամ պարզապես առաջին ոլորտի մասին է։

Հապա կարդացեք ու համոզվեք, թե որքան հպարտ է հնչում տնտեսական վիճակագրության այս տողի անունը՝ «Ֆինանսական ապահովագրական գործունեություն»։ Եթե գլխի չընկաք, մեղմորեն ակնարկեմ՝ խոսքը հիմնականում խաղադրույքների ոլորտի մասին է։ Գնահատեցի՞ք, թե դասական տնտեսագիտությունը որքան կոռեկտ ու գրագետ անուն է հորինել մեր երկրում ծառայությունների (2019-ի առաջին եռամսյակում) ոլորտի մոտ 21 տոկոս կազմող «ղումարբազությանը»։ Չար լեզուներն ասում են, որ այն կազմել է 2018թ. ՀՆԱ-ի մոտ 8 տոկոսը։ Բայց քանի դեռ անցած տարին պաշտոնապես չի ամփոփվել, ձևացնենք, որ չենք հավատում, որ «տնտեսական ակտիվություն» ասվածի այդ ծավալները խաղադրույքներն են։ Ոչինչ, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներն արդեն հրապարակվել են։ Դրանք «սրբագրելու» ահագին ժամանակ կա։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը