Կարծիք

31.03.2010 09:41


Շինարարությունն իբրև իշխանափո- խության խոտոր ճանապարհ

Շինարարությունն իբրև իշխանափո- խության խոտոր ճանապարհ

Հայաստանյան զարգացումների համար արդեն գրեթե բոլոր վերլուծաբաններն ու քաղաքագետները կանխատեսում են ֆորս մաժորի տեսլականը։ Գործի է անցել անգամ ռուսական «ծանր հրետանին»։  Ս.Մարկեդոնովը լրջորեն քննարկում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ճանապարհները և իշխանափոխության մեր փասիանսի  դասավորությունը: Հայաստանում գերզգուշավորները միայն չեն արձագանքել «Մեդիամաքսին» տված նախկին նախագահի հույժ գործնական հարցազրույցին: ՀՀԿ-ն փորձում է խուսափել կտրուկ գնահատականներից, սակայն բարձր է պահում իրադարձությունների բերումով իրենց կուսակից դարձած Տիգրան Սարգսյանի վարչապետական պատիվը: Պատճառը միանշանակ է' այս խաղում ասում ենք' Տիգրան Սարգսյան, հասկանում ենք միայն' Սերժ Սարգսյան: Ուստի Տ.Սարգսայնին ուղղված արդեն յուրաքանչյուր քննադատություն կամա, թե ակամա դառնում է Ս.Սարգսյանի դատափետումը:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը չի ուզում թոշակառու լինել, կասկածի տեղիք չի տալիս, որ ուզում է վերստին նախագահ դառնալ, դարձյալ անտարակույս է, վարչապետության ճանապարհով է ուզում վերադառնալ, դա էլ հասկանալի է, քանզի մի անգամ արդեն այդ կերպ նախագահ է դարձել հաջողությամբ, ուստի հույս ունի նույն գետը մտնել երկրորդ անգամ. քաղաքական երևակայության պակասը զգացնել է տալիս: Այս ամենին գումարվում է անհաշտ թշնամի ' Լևոն Տեր-Պետրոսյանի նախադեպը, Քոչարյանին թվում է, որ եթե Տեր-Պետրոսյանին հաջողվեց վերադառնալ և աջակիցների բանակ ձեռք բերել, ապա իրեն էլ դա կհաջողի' այն էլ առավել արագ ու անմիջապես, որովհետև' ինքը քաղաքական աղավնի չէ, այլ գիշանգղ: Ընդունենք սա ի գիտություն և   փորձենք պարզել, թե ինչ ճանապարհով է Քոչարյանը փորձում վերադառնալ և հանել Հայաստանը տնտեսական ձախողումների վիհից: Ըստ ողջամիտ տրամաբանության' Քոչարյանը պետք է մի հզոր այլընտրանք-ծրագիր ներկայացներ, որի շուրջ կհամախմբեր դժգոհների ստվար բանակին, ի վերջո Հրանտ Բագրատյանի և նրա թիմի կողմից նման ծրագիր մշակվեց և անգամ միջազգային կառույցները դրական գնահատեցին այն:

Ավաղ, Քոչարյանը գնում է սխալ ճանապարհով, ես-ի և յուրայինների շահերի գերակայությունը ստիպում է ստորադասել պետական շահերը: Քոչարյանը գովքն է երգում բնակարանային շինարարության և առաջարկում պետությանը խրախուսել կամ աջակցել բնակարաններ գնելու մարող ձգտումները, այսինքն' ի հեճուկս ներկայիս տնտեսական իրավիճակի' արհեստական պահանջարկ ստեղծել: Չեն վաճառվում յուրայինների քարե զանգվածները շենքերի նմանությամբ, այնտեղ ներդրված գումարները մնացել սառած, կարծես նախկին բնակիչների անեծքն է գործում, և Քոչարյանը փաստացի առաջարկում է հիպոթեքային և այլ վարկերի համար գումարներ գցել շուկա և մարդկանց վարկային լծի տակ գցել ու իրացնել իրենց ոչ լիկվիդային ունեցվածքը: Վարչապետ-նախագահի այս լուրջ հավակնորդը չի խոսում արտահանման խրախուսման, արտադրական հզորությունների վերագործարկման, դրամավարկային ու բյուջետային քաղաքականության և այլ օրախնդիր հարցերի մասին, այլ մտահոգվում է իր ընկերախմբի չիրացվող գույքի և ձախողված հավակնոտ շինարարություն մասին:

Իրոք լավ է, որ Քոչարյանը հարցազրույց տվեց և ապացուցեց, որ ոչինչ չի փոխվել, կարծում եմ, իր հետ սին հույսեր կապող մարդկանց մի փոքրիկ ռոմանտիկ շերտին, վերջին անգամ ապացուցեց, որ ինքն այլընտրանք չէ, վերադարձի ճանապարհ չունի: Ձեր լեզուն Ձեր թշնամին է ... Ռոբերտ-շինարարի կերպարը, որ գուցե հղացվել է խորհրդային տարիներից կամ հեռավոր անցյալի արքաների կարոտախտից, բնավ հարիր չէ Քոչարյանին:

Իշխանափոխության Ճանապարհը, սակայն, ուրվագծվում է, առաջարկը ծնում է պահանջարկ, պետք է սպասել այլ հայտերի ևս:

Նարինե Դիլբարյան

Այս խորագրի վերջին նյութերը