Կարծիք

07.05.2019 18:32


Արդարությունը դանդաղ է գալիս, բայց նա գալիս է ծանրաքայլ փղի վճռականությամբ

Արդարությունը դանդաղ է գալիս, բայց նա գալիս է ծանրաքայլ փղի վճռականությամբ

Ոմանց երեւի թվում էր, թե հանրապետության երկրորդ նախագահը կգնա «տրորված ճանապարհով». ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի, նրանց միջոցով` Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված այլ նախկին բարձրաստիճաների ու նրանց հարազատների պես կփորձի ինդուլգենցիա մուրալ «Նոր Հայաստանի» միապետից։

Ինչպե՞ս է դա արվում` գաղտնիք չէ։ «Մուծվելու եւ հանգիստ քնելու» տարբեր ձեւեր ու մեթոդներ կան` հայտնի հիմնադրամներին անվանական եւ անանուն նվիրատվություններից մինչեւ որպես մեղքերի թողության համար վճարվող կամավոր-պարտադիր «մասհանումներ»։ Որոնք, որպես կանոն, անհետանում են թավշյահեղափոխական «կռուտիտների» բերմուդյան եռանկյունում։

Ռոբերտ Քոչարյանն այլ ճանապարհ ընտրեց` օրենքով սահմանված կարգով սեփական իրավունքները պաշտպանելու եւ արդարությունը վերականգնելու դժվար, բայց արժանապատիվ ճանապարհը։ Գումարած` հայրենական արդարադատության (կամ անարդարադատության`ինչպես կուզեք) ատյանների անօրինական որոշումները Եվրոպական դատարանում վիճարկելու հնարավորությունը։

Սահմանադրական դատարանի այսօրվա որոշմամբ, ըստ էության, անհիմն ճանաչվեց Վճռաբեկ դատարանի նոյեմբերի 15-ի որոշումը Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը վերացնելու իրավաչափությունը վերանայելու` նոր քննության առարկա դարձնելու վերաբերյալ։

Ինչպես նշել է փաստաբան Արամ Վարդեւանյանը, ՍԴ-ն արձանագրել է, որ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը խախտվել է. Վճռաբեկ դատարանն իրավասու չէր խուսափել այդ հարցով վերջնական որոշում կայացնելու պատասխանատվությունից`գնդակը փոխանցել առաջին ատյանի դատարան եւ հնարավորություն ընձեռել, որ վերջինս Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատարանի դահլիճից ազատ արձակված երկրորդ նախագահին վերստին «փակի տակ առնի»։

Սա առաջին տեսանելի հաջողությունն է արդարության վերականգնման ճանապարհին։ Առաջինը, բայց վստահաբար`ո՛չ վերջինը։
Ամեն ինչ նոր է սկսվում։ Քոչարյանի պաշտպանության իրավունքի ճչացող խախտումները բազմաթիվ են եւ քայլ առ քայլ բացահայտվելու են։ Եվ ոչ միայն բացահայտվելու են` վերացվելու են։ Դա ընդամենը ժամանակի հարց է։

Ուղղակի լավ կլինի`բանը չհասնի Եվրոպական դատարան։ Ամո՛թ է մեր կեղտոտ սպիտակեղենը հասցնել Եվրոպա եւ թափ տալ իրավունքի խախտումների նկատմամբ գերզգայուն եվրադատավորների քթի տակ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը