Մեկնաբանություն

07.05.2019 13:00


«Տնտեսական հեղափոխություն». իյա՜, իրո՞ք

«Տնտեսական հեղափոխություն». իյա՜, իրո՞ք

Օրերս ներդրումային թեմայով քննարկում էր Հանրային հեռուստաընկերության եթերում։ Լրագրող Պետրոս Ղազարյանի հաղորդմանը մասնակցում էին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանի հռչակած «տնտեսական հեղափոխության» իրականացման հիմնական պատասխանատուները՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Բագրատյանը քննադատում էր կառավարության ու ԿԲ–ի վարած քաղաքականությունը։ Ժանրի կանոնների համաձայն՝ Խաչատրյանն ու Թունյանը պետք է հակադարձեին Բագրատյանին, բայց նրանք դա, մեծ հաշվով, չարեցին։ Չարեցին չկարողանալո՞վ, թե՞ չուզենալով, այլ հարց է։

«Տնտեսական հեղափոխության» օրենսդիր ու գործադիր ճյուղերի իշխանական ներկայացուցիչները հիմնականում համաձայնում էին Բագրատյանի հետ։ Այստեղից բնական հարց է առաջանում՝ եթե սույն պաշտոնյաները համաձայն են Բագրատյանի քննադատության և դիտողությունների հետ, ապա ինչպե՞ս են աշխատում Փաշինյանի հետ, և ինչպե՞ս են առաջ տանում «տնտեսական հեղափոխություն» կոչվածը։

Չի՛ կարող մարդը, այն էլ՝ տնտեսական ոլորտի պատասխանատու մարդը, համաձայն լինել Բագրատյանի հետ ու, միևնույն ժամանակ, լինել «Իմ քայլը» խմբակցությունում կամ կառավարության կազմում։ Հատկապես երբ նախկինում եղել ես պատասխանատու պաշտոնյա կամ որպես լրագրող քննադատել ես այն, ինչն այսօր էլ կքննադատեիր, եթե խորհրդարանական խոշոր խմբակցությունը չներկայացնեիր։

Հարցն այն չէ, թե արդյոք Բագրատյանի քննադատությունը ճի՞շտ է, թե՞ սխալ։ Հարցն այն է, որ Փաշինյանի թիմակիցները նրան կա՛մ չէին կարողանում հակադարձել, կա՛մ համաձայնում էին նախկին վարչապետի հետ։

Ի դեպ, մինչև հաղորդման գալը նախարար Տ. Խաչատրյանը, ամփոփելով այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները, անդրադարձել է ներդրումների թեմային։

«Կարծում ենք՝ դեռ ներդրումներն այն մակարդակին չեն, որքան մենք կուզեինք, եւ դա մեզ մտահոգում է: Մենք ամեն ինչ անում ենք, որ դրանք ավելանան»,– հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը։

Փաստորեն, «տնտեսական հեղափոխության» կյանքի կոչման նախարարներից մեկը մտահոգ է։ Սա այն դեպքն է, երբ կարելի է օգտագործել «Իյա՜, իրո՞ք» հայտնի ձևակերպումը։

Որտեղի՞ց պետք է ներդրումներ լինեին, եթե Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը կանգնեցվել է հեղափոխական տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ պետությունը կասկածելիորեն ու զարմանալիորեն մատը մատին չի տալիս։ Խոսքն Ամուլսարի հանքի մասին է։

Ո՞ր մի հիմարը Հայաստանում գումար կներդնի, երբ տեսնում է, որ կառավարությունը զարմանալիորեն ու կասկածելիորեն քայլեր չի ձեռնարկում 400 միլիոն դոլարից ավելի նեդրում անող, 1000–ից ավելի աշխատատեղ ստեղծող, 100 միլիոն դոլարի չափով բյուջետային մուտք ապահովելու կարողություն ունեցող, տասնյակից ավելի կապալառուների համար պատվերներ ապահովող և գերթափանցիկ ու միջազգային ստանդարտներով աշխատող «Լիդիան Արմենիայի» դեմ առաջացած ապօրինի խոչընդոտները վերացնելու համար։

Ինչո՞ւ պետք է ներդրումներ լինեն մի երկրում, որտեղ վարչապետն ուղղորդում է դատական որոշումները, հանրահավաքային հարթակից կոչ է անում մարդկանց պառկեցնել ասֆալտներին կամ ծեփել պատերին, հայտարարում է առանց դատական վճռի սեփականությունից զրկելու մասին։

Վիճակագրությունը հետհեղափոխական Հայաստանում արձանագրում է կապիտալի փախուստ։ Այդ վիճակագրությանը ծանոթանում են ոչ միայն հպարտ քաղաքացիները, այլ նաև դրսի ու ներսի պոտենցիալ ներդրողները։ Դրանից հետո ո՞ւմ ենք համոզելու, որ փող ներդնեն։

Ի դեպ, ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն է ունենում նաև սեփականության վերաբաշխման սողացող գործընթացը, որը թավշյա հեղափոխական իշխանությունն անում է անթաքույց ագահությամբ ու ոչ առանց սեփական շահի։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը