Քաղաքական

30.03.2010 18:18


ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար. «Ամեն ինչ գնում է դեպի պատերազմի ճանապարհ»

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար. «Ամեն ինչ գնում է դեպի պատերազմի ճանապարհ»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ցանկանում է, որ բոլորը գիտակցեն պետության հզորացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը և թույլ չտան ղարաբաղյան պատերազմի վերսկսումը, քանի որ ներկա իրավիճակը տանում է հենց դրան։

-Մենք ավելի շուտ պետք է պատրաստ լինենք տնտեսապես հզորանալու և ապագան կառուցելու հզոր պետության վրա, որ կարողանանք դիմակայել հակառակորդի լկտիությանը։ Իսկ այն, որ մենք մոտ ժամանակներս կունենանք պայմանագիր, փաստաթուղթ և այլն, ես չեմ կարծում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ս. Բաբայանը՝ ավելացնելով, որ առաջիկա մի քանի տարիներին Ղարաբաղի հարցով քաղաքական որոշում չի տեսնում։

Ս. Բաբայանի խոսքերով՝ պատմությունն է ցույց տալիս, որ մեր տարածաշրջանի ժողովրդի մենթալիտետը միմյանց հետ խոսելը չէ, այլ պայմանագրերը պարտադրված կնքելը։

-1994-ին պետք է չկանգնեինք, պետք է պարտադրեինք վերջնական փաթեթ ստորագրել՝ գիտակցելով, հասկանալով, որ մեր հակառակորդը 1993-ին համաձայնվել է փաստաթղթեր ստորագրել, բայց նույն 1993թ. դեկտեմբերին պատերազմ սկսեց։ 1994-ին, երբ սկսվել է պարտվելը, նորից պարտադրված գնացել է փաստաթղթեր ստորագրելու։ Սա՛ է մեր հակառակորդը, մենք պետք է գիտակցենք, և ամոթ չի դա ասելը, ոչ թե իլյուզիաներով տառապենք, ասենք՝ վաղը պայմանագիր են ստորագրելու, խաղաղություն է լինելու։ Լուրջ չի մի քիչ,- ասաց Ս. Բաբայանը,- ինչքան էլ մեզ ասեն, որ մենք պետք է Ադրբեջանի հետ լեզու գտնենք, բանակցենք, գանք վերջնական լուծման, ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ կլինի նման քայլերի գնալուն։ Ինքը միայն ռազմի դաշտում կարող է պատրաստ լինել. եթե պարտվելուց լինի, ուրիշ ոչ մի դեպքում չի գնալու դրան։

Հենց այն նույն տրամաբանությամբ, որ խնդիրը պետք է լուծվեր 1994-ին, Ս. Բաբայանը բանակցային գործընթացում ԼՂ-ի ընդգրկման հնարավորությունը չի տեսնում և չի կարծում նաև, որ Լեռնային Ղարաբաղի ընդգրկմամբ ներկա փուլում ինչ-որ հարց կփոխվի։

-Որովհետև մենք պահը կորցրել ենք։ Եթե անկեղծ լինենք, ԼՂ-ի հարցի լուծման քաղաքական պահը կորցրած է վաղուց՝ 1994-ից,- ասաց նա։

Բացի այս, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը համոզված է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ ղարաբաղյան կողմը ներգրավվի գործընթաց, իսկ միջնորդներն անգամ չեն էլ փորձում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և ղարաբաղյան կողմին ներքաշել բանակցություններ։

-Միջնորդները պետք է դատավորի դեր ստանձնեն, եթե նրանք իրոք հրավիրվել են որպես միջնորդ, կողմերի սխալն ու ճիշտը քննարկելու, այլ ոչ թե ասեն՝ կողմե՛ր, համաձայնվե՛ք, հետո մենք աջակցելու ենք։

Եվ ընդհանրապես Ս. Բաբայանն ասում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում չպետք է փորձենք հույսը կապել ինչ-որ ուժերի հետ։ Առավել ևս, որ, նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հետևում են Ադրբեջանի թելադրանքին.

-Ադրբեջանն ինչ թելադրում է՝ այն էլ անում են։ Նրանք ամբողջականությունը պաշտպանելու խնդիր ունեն իրենց առջև։ Ես գտնում եմ, որ Մինսկի խումբն իր դերը չի կատարում։

Այսպիսով, Ս. Բաբայանը կարծում է, որ միայն իրավիճակի սրման դեպքում ԼՂՀ-ն կընդգրկվի գործընթացի մեջ։ Իսկ պատերազմի սպառնալիքը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարն իրական է համարում։

-Ամեն ինչ գնում է դեպի պատերազմի ճանապարհը, որովհետև այն լկտիությունը, որն Ադրբեջանն ունի (որևիցե բան չտալ, ամեն ինչ ստանալ), խոսում է այն մասին, որ նա տանում է դեպի պատերազմ։ Այսօր այդ փաստաթուղթը, որ ներկայացրել են, այսպես կոչված, նորացված տարբերակը, նա սարքել է դրոշակ և ընկել առաջ, փորձում է դրանով իսկ իր հարցերը լուծել, ընդհանուր ֆոն ստեղծել,- ասաց Ս. Բաբայանը՝ նշելով, որ կարելի է ասել՝ մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակով վերադարձել ենք 1997թ., և այդ փաստաթուղթն Ադրբեջանն ընդունել է, իսկ հայկական կողմը՝ մերժել։

Այսպիսով, ըստ Ս. Բաբայանի, իրավիճակը վտանգավոր է, և ցանկացած րոպե պատերազմը կարող է վերսկսվել.

-Մենք դատապարտված ենք այդ պատերազմում հաղթելու. այլընտրանք չունենք։ Եթե Ադրբեջանն ունի ինչ-որ ընտրանք հետ քաշվելու կամ ինչ-որ զիջումների գնալու, մե՛նք չունենք այլընտրանք։

Այն, որ Ադրբեջանը ցանկանում է ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, Ս. Բաբայանը կասկած չունի, սակայն նաև վստահ է, որ ադրբեջանական կողմին այդ քայլից հետ պահող ամենամեծ գործոնն իր անպատրաստ ու անվստահ լինելն է։

-Թե ե՞րբ ինքը հոգեպես և ռազմական առումով պատրաստ կլինի վերսկսելու, չեմ կարող Ադրբեջանի փոխարեն որոշել։ Ադրբեջանը գիտակցում է, որ եթե վերսկսեց պատերազմն ու անհաջողություն ունեցավ ռազմի դաշտում, նա արդեն կորցնելու է ոչ թե պետության 13-20%-ը, այլ կարող է 50%-ը կորցնել։ Եվ որևիցե միջնորդ չի կարողանալու կանգնեցնել դա։ Սա գիտակցում է և հասկանում, որ շատ լավ պետք է պատրաստվել այդ մարտին։ Դա մի անգամ է լինելու ու վե՛րջ։ Դրանից հետո կրող, կրվող կողմերն ընթացքում ստորագրելու են բոլոր այն փաստաթղթերը, որոնք այս 16 տարին չեն ստորագրում,- հայտարարեց նա։

Ի դեպ, նա նաև սխալ է համարում այս փուլում փոխզիջումների մասին խոսելը, քանի որ համոզված է, որ այդ հայտարարությունները հակառակորդին վերին աստիճանի լկտիացնում են, իսկ մեզ՝ նվաստացնում.

-Ընդհանրապես հողեր տալը, ինչ-որ մի քանի շրջան հանձնելը կամ մի կտոր տալը մեզ համար հեշտ է (հայկական կողմը սովոր է հողերի այդ նվիրատվությանը), բայց ադրբեջանական կողմը կամ Թուրքիան ես չեմ լսել, որ նման նվիրատվություն անեն պատմության ընթացքում։ Իրենց համար դժվար է, դրա համար իրենք միայն ու միայն կարող են պարտադրված վիճակում անել դա։

Ս. Բաբայանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ հող հանձնելու միջոցով ՀՀ տնտեսության կլանաօլիգարխիկ համակարգի, մենաշնորհների և ներքին այլ թերությունների վրա միջազգային հանրության աչքն են փակում.

-1994-ից սկսած նույն հայտարարությունն են անում։ Այդ մարդիկ դեռ չէին էլ պատկերացնում կամ հասկանում՝ օլիգարխիայի, մոնոպոլիա պահելու կամ, չգիտեմ, այլ հարցեր լուծելու համար են հայտարարում։ Ո՛չ, ուղղակի մեր ազգային մենթալիտետն եմ համարում, որ փորձում ենք ավելի գումաննի լինել, քան կանք։

Նրա խոսքերով՝ 1992-93թթ., երբ դեռ հայկական կողմը հաղթանակներով առաջ էր շարժվում, Երևանում արդեն անգամ Լաչինի միջանցքից խոսող կար, քանոնով չափում էին՝ ինչքանն են պահելու, ինչքանը՝ տալու։

-Քանոնով չափում էին քարտեզը՝ քանի կմ գրադի հրթիռը կհասնի, ճանապարհը ներքևի ու վերևի կողմից, ու դա դառնա միջանցք։ Դեռ պատերազմը կանգնած չէր։ Կամ  կար քաղաքական գործիչ, որ ասում էր՝ Քելբաջարում քրդեր են ապրում, քրդական պետություն սարքենք դա, դարձնենք Քրդստան։ Քաղաքական այդ գործիչները մինչև այսօր գոյության մեջ են։ Մեր ազգի դժբախտությունն այդտեղ է,–ամփոփել է նա։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը