Կարծիք

04.05.2019 17:50


Ախր վրադ հե՛չ վարչապետի շնորհք չկա, է՜...

Ախր վրադ հե՛չ վարչապետի շնորհք չկա, է՜...

Նիկոլ Փաշինյանը երկու օր է`լո՜ւրջ գործի վրա է։

Երեկ բաժակ-բաժակի հետեւից գինի էր «համտեսում» մայրաքաղաքի կենտրոնում, ու քեֆին քեֆ չէր հասնի։

Մի շաբաթ առաջ հապճեպ եւ անտաղանդ «բեմականացված» քաղաքացու օրը չստացվեց, եւ ինչքան էլ փորձում էր անհոգ երեւալ, ահագին նեղսրտել էր։ Հեղափոխական ոգու այդ «խրախճանքն» էդքան կատաղորեն գովազդելուց, հպարտ քաղաքացուն մանղալա-խորովածային «կայֆերով» գայթակղելուց հետո ժողովուրդը քչություն էր անում` քչերն էին դուրս եկել փողոց` «կիսելու» Նիկոլի իշխանության գալու ուրախությունը։

Կարոտել էր մարդաշատ միջոցառումներին, եւ գինու տոնը եկավ` մասամբ ամոքելու ցաված սիրտը, կարոտն առնելու թիթեռնիկի պես իր շուրջ պտտվող «սիրառատ» քաղաքացիներից։ Ու ոգեւորված էր անսպասելի այդ հաջողությունից` համտեսում էր գինին ու սելֆիներ անում, հետո էլի էր խմում, էլի՛ սելֆի անում, եւ ինքն իրենից, ինքն իրենով զարմացած` կրկնում. «էս ի՜նչ մթնոլորտ է», «ի՜նչ մթնոլորտ»...

Այսօր ժողվարչապետը նորից իր բնական տարերքի մեջ էր։ Արարատի կոկորդիլոսագետ մարզպետը լա՜վ ջանացել էր. «էքսպո» ցուցահանդես էր կազմակերպել տեղական արտադրողների մասնակցությամբ, Նիկոլի ախորժակն էլ, ինչպես միշտ, տեղն էր։ Կարծես մի քանի օր բան չէր կերել։

Տաղավարից տաղավար շրջելով` լավաշի մեջ պանիր էր փաթաթում ու ագահորեն ծամում, հա՛մ ծամում էր, հա՛մ խոսում, հերթապահ հարցեր տալիս, գովում արտադրանքն ու արտադրողին։ Ամեն պատառի վրայից «զապիվատ էր անում», որ բկին չկանգնի, հետն էլ` դուխ տալիս կողքի տաղավարները «նայողներին». «Հեսա էս էլ ուտենք, անցնենք դեսերտին»։ Մեկ մեկ էլ «չուզողների ինադու» գղտում էր։

Եվ կողքին չկար մեկը, որ ասեր` փո՞ր է, թե՞ հոր... էդքան մի՛ կեր, կպայթես. կողքից նայողի համար հեչ հաճելի չէ` տհաճ է հետեւել տեսախցիկների առաջ բորբոքվող «աղեստամոքսային» կրքերիդ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը