Կարծիք

04.05.2019 12:00


Նորից առաջին եռամսյակը

Նորից առաջին եռամսյակը

Կրկին հասարակական հետաքրքրության ոլորտում 2018թ. առաջին եռամսյակի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն են։ Պատճառը տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ բավական ինքնատիպ մեկնաբանություններն են։ Նախարարը դրանք ներկայացրել է լրագրողների հանդիպման ժամանակ։ Տնտեսական՝ որոշակի իմաստով անհաճո գործընթացների մի մասը մեր նախարարը բացատրել է սեզոնայնությամբ։

Տնտեսական վիճակագրությունը սովորաբար հենց նույն սեզոնայնությամբ էլ ներկայացնում է տվյալները։ Պատճառը տրամաբանական է։ Ավելին՝ խիստ տրամաբանական։ Օրինակ՝ չի կարելի գյուղատնտեսության վիճակը նկարագրել գարնանային սեզոնի ցուցանիշները աշնանայինի հետ համադրելով։ Կամ գազամատակարարման ձմեռային տվյալները համեմատել ամառայինի հետ ու եզրակացություններ անել ոլորտի արդյունավետության մասին։ Դրա համար էլ աշխատանքի արդյունավետության, ոլորտի տնտեսական վիճակի նկարագրման համար տվյալ տարվա արդյունքները տնտեսական վիճակագրությունը ներկայացնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատելով։

Տնտեսության յուրաքանչյուր հատված (արտադրություն, առևտուր, ծառայությունների մատուցման ոլորտ և այլն) տարվա կոնկրետ ժամանակահատվածի հետ կապված իր տատանման գրաֆիկն ունի։ Դա մի կողմից բացատրվում է պատմական որոշակի ավանդույթներով։ Օրինակ՝ առևտրի պիկն ամբողջ աշխարհում առայժմ համընկնում է Ս․ Ծննդյան տոներին նախորդող շրջանի հետ։

Մյուս կողմից, որոշ ոլորտների տնտեսական բարձր արդյունքները բնակլիմայական պատճառեր ունեն, որոնք իրենց հետ որոշակի գործընթացներ կարող են պարտադրել։ Օրինակ՝ Հայաստանում ամռան վերջին գյուղատնտեսական արդյունքը ոչ մի կերպ համադրելի չէ տարվա առաջին եռամսյակի տվյալների հետ։ Դրա համար էլ տնտեսական վիճակագրությունը դրանք երբեք միմյանց հետ չի համեմատում։ Բայց նույն բերքահավաքի սեզոնը տնտեսական որոշ գործընթացների պատճառ է դառնում։ Զուտ այն պատճառով, որ բերքահավաքի սեզոնը գյուղմթերքի պահածոյացման (և այլ վերամշակման) սեզոն է, այդ շրջանում կտրուկ աճում են, օրինակ, ձեթի ու շաքարի սպառումը։ Հենց այս պատճառով այդ ապրանքատեսակների շուկան վերլուծելու տեսանկյունից անիմաստ է բերքահավաքի շրջանում սպառվող ձեթի և շաքարի ծավալները համեմատել մայիս ամսվա ցուցանիշների հետ ու առաջընթաց արձանագրել։ Միևնույնն է, հաջորդ մայիս ամսին դրանց վաճառքի ծավալները զիջելու են օգոստոս-սեպտեմբերի տվյալներին։

Հենց սա է սեզոնայնության «հետքը» տնտեսության մեջ։ Հենց այդ պատճառով տնտեսական վիճակագրությունն, ի տարբերություն, օրինակ, պոեզիայի, ոչ համեմատում է, ոչ էլ հիշեցնում անհամեմատելին ու անհիշեցնելին։ Բայց մեր նախարարը խոսելով արտահանման ոլորտում 8,6–տոկոսանոց անկման մասին՝ դա բացատրեց մասամբ լեռնահանքային ոլորտում տեղի ունեցածով։ Նրա խոսքով՝ լեռնահանքային ոլորտում այս տարվա առաջին եռամսյակում արտահանումը նվազել է 51 մլն դոլարի չափով։ Հասկանալի է, որ նախարարը պակասելու չափը (51 մլն դոլար) համեմատել է անցած տարվա նույն ժամանակի հետ։

Ապա անցնելով էլեկտրաէներգիայի արտադրության կրճատման արձանագրված տվյալին՝ այն բացատրել է արտահանման կրճատմամբ։

«Էլեկտրաէներգիայի արտահանումն է կրճատվել առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա համեմատ, - բառացիորեն ասել է նախարարը և որպես հիմնավորում՝ շարունակել,– սա ևս սեզոնայնության հետ կապ ունի»։

Ընդունեք, որ ինքնատիպ փաստարկ է։ Օրիգինալության աստիճանի ինքնատիպ։ Բայց բավական չէ 14–տոկոսանոց անկումը բացատրելու համար։ Ախր, բոլոր տարիների (և՛ անցած, և՛ գալիք) «առաջին եռամսյակ» կոչվածը նույն սեզոնն է։ Հատկապես որ վերջին երկու տարում բնակլիմայական աշխարհացունց տարբերություններ չեն արձանագրվել սեզոնայնության փոփոխության իմաստով։ Ավելին՝ արտահանման նվազումը որևէ ոլորտի վրա գցելն ու այդ ոլորտի «չարտահանող» դառնալու սոսկական արձանագրությունը բացատրություն չէ։ Եթե սխալվում եմ, ուղղեք։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը