Կարծիք

04.05.2019 07:30


Իշխանությունը իրավունք չէ. իշխանությունը պատասխանատվություն է

Իշխանությունը իրավունք չէ. իշխանությունը պատասխանատվություն է

Հայտնի քաղաքական գործիչ և իրավագետ Էլինար Վարդանյանը, որը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը «Մտնում ենք վտանգավոր փուլ» գրառմամբ արտահայտում է իր արդարացված և՛ դժգոհությունը, և՛ մտահոգությունը՝ կապված մեզանում պետական բազմաթիվ մարմինների, նրանց գործառույթների եւ հեղինակության նկատմամբ հանրության վստահության ակնհայտ նվազման հետ:

Հարային կյանքը դեգրադացիայի ենթարկող այդ երևույթի պատճառները տիկին Վարդանյանը, ի թիվս այլ երևույթների, պայմանավորում է նաև նրանով, որ ամեն նորանշանակ պաշտոնյա իր խնդիրն է համարում առանց հիմք ու առանց ապացույց աջ ու ձախ բոլորին մեղադրել կոռուպցիայի ու այլ մեղքերի մեջ: Ակնհայտ է, եզրակացնում է Վարդանյանը, որ պաշտոնյաների նման վարքագիծը ունենալու էր իր ծանր հետեւանքները։

Անշուշտ պետք է համաձայնել տիկին Վարդանյանի հետ:

Սակայն այդ ամենի պատճառը, ըստ իս, պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօրվա իշխանավորների բացարձակ մեծամասնությունը չի գիտակցում, որ իշխանությունն իրավունք չէ. իշխանությունը պատասխանատվություն է:

Պատասխանատվություն է հանրության առջև հրապարակած քո խոսքերի և խոստումների համար, քո որոշումների հետևանքների և հանրային կյանքի բնականոն զարգացումն ապահովելու համար:

Անկախության շրջանի բոլոր իշխանությունների պատմական փորձը ապացուցում է անողոք մի ճշմարտություն՝ չի կարող հաջողել այն իշխանությունը, որը չի գիտակցում, որ ինքը, նախ և առաջ պատասխանատու է, ապա նոր՝ այդ պատասխանատվությանը ադեկվատ լիազորությամբ օժտված ինստիտուտ:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը