Կարծիք

03.05.2019 07:17


Չէի ցանկանա՝ արդարադատության նախարարն աներ հայտարարություններ, որոնք կառաջացնեն մարդկանց քմծիծաղը

Չէի ցանկանա՝ արդարադատության նախարարն աներ հայտարարություններ, որոնք կառաջացնեն մարդկանց քմծիծաղը

Երկու օր առաջ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ որեւէ բողոք չկա քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից, չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է, մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում եւ այլն։

Ես իրապես չէի ցանկանա, որ երկրի արդարադատության նախարարը աներ հայտարարություններ, որոնք կառաջացնեն ոչ միայն պաշտոնատար անձանց եւ մասնագիտական շրջանակների, այլ նույնիսկ ոլորտից ոչ իրազեկ մարդկանց քմծիծաղը։

Դատապարյալներն ունեն բարեկամներ, եւ նվազագույնը այդ մարդիկ գիտեն, թե ինչ է կատարվում այդ հիմնարկներում։ Ավելին՝ նախարարը, կարծես թե, դեմ չէ նաեւ տրամաբանական խճողումներին։

Իր մեկ այլ հայտարարությամբ նա որպես հպարտության առարկա նշում է, որ իրենք ամեն օր հայտնաբերում են շատ ավելի շատ քանակով հեռախոս և WI-FI սարք, քան ԱԱԾ-ն մեկ օրում։ Բայց.... ախր, եթե իրենք ամեն օր հեռախոս ու WI-Fi սարք են հայտնաբերում, նշանակում է չէ՞, որ ամեն օր այդ սարքերը սահմանված կարգի խախտմամբ ներս են բերվում հիմնարկ, այսինքն՝ գումար կա չէ՞, որ այդ առարկաները սպառում ունեն։

Քրեակատարողական ոլորտը մեր երկրի ամենացավոտ եւ բարդ ոլորտներից է, եւ բոլոր ժամանակներում արդարադատության տարբեր նախարարներ փորձել են բարեփոխել համակարգը, սակայն երբեւէ որեւէ նախարար իրեն թույլ չի տվել ոլորտում փոքր կամ ոչ այնքան տեղաշարժերը հրամցնել որպես հեղափոխական առաջընթաց։ Այս ոլորտում վիճակը դանդաղ է փոխվելու՝ անկախ նման հայտարարություններից եւ դրա պատճառները խորքային են։

Այս հայտարարությունները հանցավոր ինքնավստահության եւ բարեխիղճ մոլորության բացառիկ սիմբիոզ են։ Ինչքան էլ, որ հաճելի է ցանկալի իրավիճակը ներկայացնել որպես իրականություն, ամեն դեպքում իրականությունը շարունակում է մնալ իրականություն։ Սա այնքան իրականություն է, որքան այն, որ Հայաստանում կոռուպցիա չկա, մենաշնորհներ չկան, օլիգարխներ չկան եւ էլի նման պոպուլիստական անհեթեթություններ։

Հ.Գ. Կանխելով բոլոր մեկնաբանությունները՝ թե բա էն ժամանակ ինչի չէիր խոսում, ասեմ՝ էն ժամանակ արդարադատության նախարարները զավեշտի աստիճանի հասնող ինքնավստահությամբ չէին տառապում։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը