Կարծիք

01.05.2019 09:25


Մեր էներգետիկայի թվային պատկերը

Մեր էներգետիկայի թվային պատկերը

Էներգետիկ ճգնաժամի հաղթահարումից հետո էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտը հասարակական հետաքրքրության կենտրոնում չէ: Եվ դա բնական է: Քանի տնտեսությունն ու բնակչությունն ի վիճակի են վճարել անխափան մատակարարվող էլեկտրաէներգիայի դիմաց, այս ոլորտը միմիայն մասնագետներին ու իշխանություններին պիտի հետաքրքրի: Հատկապես որ 2010թ. սկսած՝ ոլորտի հիմնական ցուցանիշները բավական կայուն են: Առաջին՝ պահպանվում է ատոմակայանի, ջէկերի և հէկերի էլեկտրաարտադրության համամասնությունը: Երկրորդ՝ հենց 2010թ. հետո Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տատանվում է տարեկան 7,5-8 մլրդ կՎատ ցուցանիշի արանքում: Ամենացածր արդյունքը գրանցվել է 2011-ին (7,4 մլրդ կՎատ), իսկ ամենաբարձրը՝ 2012-ին (8,04 կՎատ):

Մեկ հետաքրքիր առանձնահատկություն՝ Հայաստանը նաև հոսանք ներմուծող երկիր է: 2000-ականների սկզբին էլեկտրաէներգիայի ներմուծումն ավելի մեծ մասնաբաժին ուներ, քան 2010թ. հետո: Ներմուծման ռեկորդային ցածր արդյունքը գրանցվել է 2012-ին (98.1 մլն կՎատ), իսկ վերջին տարիների ամենաբարձր արդյունքն արձանագրվել է 2017-ին (319 մլն կՎատ): 2010-ից սկսած՝ Հայաստանը նաև նկատելի ավելացրել է էլեկտրաէներգիայի արտահանումը: Այդ թվականին արտահանման ծավալն առաջին անգամ գերազանցեց 1 մլրդ կՎատ-ի ցուցանիշը, և դրանից պակաս արդյունք չի արձանագրվել: Արտահանման ռեկորդը գրանցվել է 2012-ին (մոտ 1.7 մլրդ կվատ), իսկ 2013-ին եղել է ամենափոքր արտահանումը` (1.2 մլրդ կՎատ): Պաշտոնապես հաշվարկվում է նաև մեր ներքին շուկայում օգտակար սպառման ծավալը:

Պարզ ասած՝ այն հաշվարկվում է հետևյալ եղանակով` արտադրություն+ներմուծում- արտահանում-կորուստներ: Կորուստների թեման ամենացավոտն ու ամենահակասականն է մեր էներգետիկ համակարգի համար: Նախ` սկզբունքային է կորուստների հաշվարկի մեթոդաբանությունը: Մի բան է, երբ կորուստները հաշվվում են ընդհանուր արտադրանքի համեմատ, բոլորովին այլ պատկեր է, երբ կորուստները հաշվվում են օգտակար սպառման համեմատ: Այս հաշվարկով ամենավատ ցուցանիշը 2012-ինն է. կորուստները կազմել են 18.4 տոկոս (2000-ականներին շատ ավելի «դաժան» արդյունքներ են արձանագրվել: Օրինակ՝ 2003-ին ռեկորդային 1.24 մլրդ կՎատ կորուստ է գրանցվել` օգտակար սպառման մոտ 24 տոկոսը, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում էր այդ տարի արտահանված էլեկտրաէներգիայի ծավալը): Բայց վերջին տարիներին կորուստները կամաց-կամաց կրճատվել են. 2015-ին դրանք 15 տոկոս էին, 2016-ին` 13, իսկ 2017-ին՝ 11.9 տոկոս:

Կորուստների նվազումը մասնագետները բացատրում են ոլորտի կառավարման համակարգում կատարված քայլերով և մասամբ նոր տեխնիկական միջոցների ներդրումով: Բայց, միևնույն է, առ այսօր էլ «կորուստ» ասվածը «հաշվարկվում-կոտրվում» է միմիայն ներքին սպառողի վրա: Արտահանվող էլեկտրաէներգիայի՝ պայմանական ասած «սակագնում» կորուստներ չեն հաշվառվում.այն միայն ներքին սպառողին մատակարարվող սակագնում է ներառված: Իսկ «ներքին սպառող» ասվածն առաջին հերթին բնակչությունն է: Բնակչությանն է բաժին ընկնում օգտակար սպառման մեկ երրորդից ավելին (2014` 36.1 տոկոս, 2015`34.9, 2016` 34.7, 2017` 33.9): Երկրորդ խոշոր սպառողը տնտեսության առաջամարտիկն է` արդյունաբերությունը: Արդյունաբերությունը ոչ միայն աճի, այլ նաև պարզ գոյատևման խնդիրը չի կարող լուծել առանց էլեկտրաէներգիայի սպառման։ Այս ոլորտը սպառում է էլեկտրաէներգիայի մոտ մեկ քառորդը (խոսքը օգտակար սպառման մասին է): Նույն թվականների պարագայում արտադրության սպառումն այսպիսին է 2014` 22.4 տոկոս, 2015` 23.2, 2016` 25.8, 2017` 25.6: Եվ քանի դեռ այս երկու սպառողներն ի վիճակի են տանելու էներգետիկայի սակագնային բեռը, ոլորտը կայուն վիճակ կունենա։ Ահա այսպիսին է մեր էնեգետիկ ոլորտի թվային պատկերը։

Աղյուսակ ՀՀ էներգետիկ բալանսը, մլն կՎատ
Տարեթիվ Արտադրություն Ներմուծում Արտահանում
2011 7,433 301 1,383
2012 8,036 98 1,696
2013 7,710 198 1,226
2014 7,750 206 1,314
2015 7,798 174 1,424
2016 7,315 275 1,229
2017 7,763 319 1,440

Գծապատկեր էլեկտրաէներգիայի օգտակար սպառումը և կորուստները, մլն կՎատ

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը