Լրահոս

30.04.2019 15:20


Գյումրիում երկու եղբայրների սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

Գյումրիում երկու եղբայրների սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գյումրիում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում տեղի էր ունեցել զինված միջադեպ, որի ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էին ստացել Գյումրի քաղաքի երկու բնակիչներ, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 և 1985 թթ.։

Դեպքի առթիվ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:

Նախաքննության ընթացքում կատարվել են լայնածավալ քննչական գործողություններ, իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ և ստացվել դրանց եզրակացությունները, պարզվել են դեպքի մի շարք հանգամանքեր, սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1997 թվականին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել են մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես՝ դեպքի օրը՝ 15։30-ի սահմաններում՝ Գյումրիի Տերյան փողոցում, 1997թ. ծնված երիտասարդը վիճաբանել է տուժողներից մեկի եղբոր հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել վերջինիս։

Ավելի ուշ, տեղի ունեցածի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, կողմերը հանդիպել են Ղուկասյան փողոցում, որի ժամանակ էլ 1997 թվականին ծնված երիտասարդն ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած «AK-74» տեսակի 5,45մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգով, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեպքի վայրին հարակից տարածքում և բնակելի տներում գտնվող բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթեր է արձակել եղբայրների ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը