Կարծիք

30.04.2019 14:25


Իշխանության և քաղաքական վերնախավի որ գործառույթների մասին Փաշինյանը դեռևս տեղեկացված չէ

Իշխանության և քաղաքական վերնախավի որ գործառույթների մասին Փաշինյանը դեռևս տեղեկացված չէ

«Չունենք հայեցակարգ՝ ինչպես ենք ուզում, որ լուծվի Ղարաբաղի հարցը. երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս ու հարցը այսպես կլուծես»,-ապրիլի 22-ին հայտարարել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եթե մի կողմ դնենք այն հանգամանքը, որ ԵՊՀ-ում արած իր այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը նորից խուսափեց իր անձնական տեսակետը ներկայացնել Ղարաբաղի հարցով (չնայած, իմ խորին համոզմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Բոլթոնի հետ բանակցում էր ԼՂ տարածքներ՝ կոմունիկացիաների դիմաց հարցով, Փաշինյանի տեսակետները շատ չեն փոխվել 2000-կանների սկզբի իր տեսակետներից, ըստ որոնց՝ մարդը չի կողմնորոշվում՝ Ղարաբաղի ազատագրված տարածքները հիմա ազատագրվա՞ծ են, թե՞ օկուպացված), սրանով նա ցույց տվեց այն, որ մինչ այժմ վերջնականապես չի հասկացել, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, և թե ինչ պարտականություններ է այդ պաշտոնն իր վրա դնում:

Քաղաքագիտության մեջ բազում տեսակետներ կան առ այն, թե ինչ գործառույթներ պետք է իրականացնի քաղաքական վերնախավը՝ կազմակերպչական, կոմունիկատիվ, կրթող և այլն: Բայց ես կառանձնացնեի քաղաքական վերնախավի մի շատ կարևոր գործառույթ, որը քաղաքագիտական գրականության մեջ կոչվում է ռազմավարական: Ըստ այդ գործառույթի՝ քաղաքական վերնախավը պետք է մշակի հասարակության և պետության զարգացման ծրագիր: Մշակի անհրաժեշտ հրատապ բարեփոխումների փաթեթ, ինչպես նաև հասարակությանը ներկայացնի երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծման տեսլականը:

Եթե վարչապետն ու նրա թիմակիցներն այս պարզունակ ճշմարտությունը դեռ չեն հասկացել, ապա մենք կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթն այն մասին, որ որոշ քաղաքացիական ակտիվիստներ դեռ չեն գիտակցում, որ իրենք պետական պաշտոնյաներ են, վերաբերում է նաև հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին:

Իհարկե, լավ է, որ վարչապետը փորձում է հանրությունից տեղեկանալ, թե ինչպես են մարդիկ տեսնում Ղարաբաղի հարցի լուծումը: Բայց կարևոր է, որ հանրությունն էլ տեղյակ լինի, թե ինչպես է վարչապետը տեսնում հարցի լուծումը, ինչ ասել է իր համար «փոխզիջում» հասկացությունը, որն է իր համար այն կարմիր գիծը, որից այն կողմ բանակցությունների ընթացքում նա պատրաստ չէ նահանջել: Սրանք հարցեր են, որոնք պարտադիր պատասխաններ են պահանջում, բայց մինչ այժմ չեն ստացել: Եվ ևս մեկ կարևոր դիտարկում. իշխանությունը քաղաքական ընդդիմախոսներին ԱԱԾ մեկուսարանում պահելու հնարավորություն չէ միայն: Իշխանությունը, այն էլ՝ Հայաստանի պես երկրում, լուրջ բեռ է, որը ենթադրում է նաև բարդ որոշումների ընդունում: Եվ եթե մարդը պատրաստ չէ դրան, ապա հասկանալի չէ, թե որքանով է տրամաբանական և անհրաժեշտ նրա հետագա իշխանավարումը:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը