Քաղաքական

29.04.2019 19:00


Արթուր Վանեցյանի մասին աղմկոտ գրառումներից հետո Արամ Մանուկյանն աշխատանքի չի գնացել (լուսանկար)

Արթուր Վանեցյանի մասին աղմկոտ գրառումներից հետո Արամ Մանուկյանն աշխատանքի չի գնացել (լուսանկար)

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում: Նա երեկ գիշեր մի քանի րոպեն մեկ պարբերականությամբ գրառումներ է կատարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, մասնավորապես, անդրադարձել էր «168 ժամ» թերթի այն տեղեկություններին, որ ԱԱԾ-ն պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով տեսանյութ է ներկայացրել վարչապետ Փաշինյանին և գրել. «Թե բա վիդեո կա, ԱԱԾ-ն յուղ ա վառում, բա էդ պահին բռնեիք։ Հիմար կառույց ա, սաղ հանցագործները իրենց հաճույքով փողերը ծախսում են: Հ. Գ. Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնի»։

0-27 1-25 3-19 Capture-440

Քիչ առաջ, որոշ լրատվամիջոցներ տեղեկություն հրապարակեցին, որ Արամ Մանուկյանն ազատվելու է աշխատանքից: Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ թաղապետի տեղակալը աղմկոտ գրառումներից հետո ֆեյսբուքի էջը ջնջել է, իսկ հեռախոսահամարն էլ անհասանելի է դարձրել: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, որ Արամ Մանուկյանն ազատվել է աշխատանքից: Միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր աշխատանքի չի գնացել:

-Պարոն Բաբայան, Ձեր տեղակալ Արամ Մանուկյանն աշխատանքից ազատվե՞լ է:

-Ոչ:

-Նա այսօր եկե՞լ է աշխատանքի:

-Այսօր իրեն վատ է զգում, վաղը «բյուլետեն» կբերի:

–Գուցե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին ֆեյսբուքյան գրառումնե՞րն են պատճառը, որ չի եկել աշխատանքի:

-Տեղյակ չեմ:

–Ի՞նչ է կատարվում Ձեր աշխատակազմում: Պարբերաբար աղմուկի կենտրոնում եք հայտնվում:

-Ադմինիստրացիայի մեջ բան չի կատարվում, իսկ պարոն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումներին ես չեմ կարող պատասխանել: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է:

–Նախորդ օրերին Արամ Մանուկյանն աշխատանքի եկե՞լ էր:

-Այո, ուրբաթ օրը եկել էր: Շաբաթ օրն էլ միասին Քաղաքացու տոնն ենք նշել:

-Ըստ Ձեզ՝ նրա այդ գրառումներն ինչո՞վ են պայմանավորված: Ինչ–որ խնդիր կա՞:

-Ես չեմ կարող նման հարցերին պատասխանել:

–Դուք իր հետ այսօր խոսե՞լ եք:

-Ոչ:

–Իսկ ի՞նչ գիտեք, որ վատ է զգում իրեն:

-Չգիտեմ՝ վատառո՞ղջ է, թե՞ ոչ, բայց վաղը «բյուլետեն» կբերի:

-Բայց Դուք հենց նոր ասացիք, որ իրեն վատ է զգում և չգալու պատճառը դա է: Եթե իր հետ չեք խոսել՝ ի՞նչ գիտեք վատ է:

-Դե, եթե «բյուլետեն» է բերում, ուրեմն առողջական խնդրի համար է բերում:

–Եթե վաղը գա աշխատանքի՝ խորհուրդ տալո՞ւ եք, որ աշխատանքից ազատվի:

-Դեռ չեմ մտածել այդ հարցի մասին, քննարկելու ենք:

–Ո՞ւմ հետ եք քննարկելու:

-Աշխատակազմի:

–Ի՞նչ եք կարծում, նրա այդ գրառումները համատեղելի են փոխթաղապետի պաշտոնի հետ:

-Ես գնահատում եմ աշխատանքով, ֆեյսբուքյան գրառումները չեմ կարող մեկնաբանել: Այդ գրառումներն աշխատանքի որակի վրա չեն անդրադառնում։

Այս խորագրի վերջին նյութերը