Քաղաքական

29.04.2019 16:40


530 հազար դոլար՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի ընկերներին․ Politik.am

530 հազար դոլար՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի ընկերներին․ Politik.am

Politik.am-ը անդրադարձ էր կատարել Քաղաքացու օրվա մարզային տոնակատարությունները կազմակերպած ընկերություններից մի քանիսին, որոնց մասին տեղեկությունները պետռեգիստրում բացակայում են։

Մասնավորապես, պարզել էին, որ Սյունիքի և Վայոց ձորի միջոցառումների կազմակերպման համար ավելի քան 17 մլն դրամ ստացած «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Կոտայքի մարզի միջոցառումները կազմակերպած «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն, ավելի քան 8 մլն դրամով Գեղարքունիքի մարզի տոնական միջոցառումները կազմակերպած «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն գոյություն չունեցող ընկերություններ են։ Նրանց մասին տեղեկությունները Պետական ռեգիստրի պաշտոնական կայքում բացակայում են։ Համացանցի բաց աղբյուրներից կարողացան ճշտել, որ «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն գործել է մինչև 2018 թվականը։

Հետագայում պարզվել է, որ կառավարությունը լրատվամիջոցին տրված պատասխանում սխալ է ներկայացրել ընկերությունների անունները, ինչ կայքին թույլ չի տվել պետռեգիստրի կայքում գտնել համապատասխան տեղեկատվություն։ Օրինակ կառավարության պաշտոնական պատասխանում նշված «EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն իրականում «Գևորգ Աղաբալյան Հակոբի» ԱՁ-ն, «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն իրականում գրանցված է, որպես «Մհերյան Ալքսանդր» ԱՁ։ Politik.am-ին հաջողվել է որոշակի մանրամասներ պարզել նրանց սեփականատերերի մասով։

Ի դեպ պետք է նկատել, որ նշված կազմակերպությունները յուրաքանչյուրը ունի ընդամենը մեկ աշխատակից։

«EX production/ Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ն պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերոջը՝ Գևորգ Աղաբալյանին։ Ի դեպ ամիսներ առաջ Աղաջանյանը ջանք չի խնայել, որպեսզի Գևորգ Աղաբալյանին դարձնի Մարզահամերգային համալիրի տնօրեն, սակայն նրան չի հաջողվել դա՝ փոխարենը նրա ընկերության համար ապահովում է ֆինանսական հոսքեր պետական բյուջեի հաշվին։

Ի դեպ, Գևորգ Աղաբալյանը նաև ակտիվ մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին և Փաշինյանի ղեկավարծ դաշինքի դրամահավաք երեկոյին։ Ստացվում է՝ Աղաբալյանը ճիշտ «ներդրում» է արել ու հիմա «փոխհատուցում» է ստանում։

«Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն պատկանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մյուս ընկերոջը՝ Ալեքսանդր Մհերյանին, ում ֆեյսբուքում կարելի է գտնել Sash Mheryan: Այս ընկերությունը, ըստ ընկերության հիմնադրի ֆեյսբուքյան էջի, այլ միջոցառումների պատվերներ ևս ստացել է պետությունից։ Նախկինում կազմակերպված միջոցառումների համար պետությունից ստացած միջոցների մասին այս պահին հստակ թվեր չկամ, սակայն խնդիրը անպայման կլինի կայքի ուշադրության կենտրոնում։

Բացահայտված մեկ այլ կազմակերպություն «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ն փոխկապակցված է «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ին։ Այն պատկնում է ընկերության աշխատակից Արտյոմ Զաքարյանին։ Եվ չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը «Պանորամա․ամ» լրատվականին պաշտոնապես տեղեկացրել է, որ Քաղաքացու օրվա Գեղարքունիքի մարզի տոնական միջոցառումներ կազմակերպելու համար ավելի քան 8 մլն դրամի պայմանագիր է կնքել «Արտյոմ Զաքարյան» ԱՁ-ի հետ «Unity production/ Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն -ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, ըստ որի Գեղարքունիքի մարզի միջոցառումները ևս իրենց կազմակերպություն է կազմակերպում։ Այսինքն այստեղ հստակ մեքենայություն է տեղի ունեցել։

Տոնական միջոցառումներ կազմակերպող ընկերությունների թվում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ևս պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերներին։ Այս ընկերությունը կազմակերպել է Երևան քաղաքի տոնական միջոցառումները, որի համար ստացել է ավելի քան 25 մլն դրամ։

2017 թվականին ստեղծված «Ֆակտորի Փրոդաքշնը», որին հատկացվել է Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսված բյուջեի շուրջ մեկ քառորդը՝ 25 մլն 20 հազար դրամ, օգոստոսից ի վեր 237.014.280 դրամի կամ շուրջ կես միլիոն դոլարի պատվեր է ստացել պետական տարբեր ատյաններից։ Գնումներին այդ ընկերության մասնակցությունը առնվազն հինգ խոշորագույն գործարքների դեպքում կազմակերպվել է մեկ անձից գնման միջոցով, առանց մրցույթի («Ֆակտորի փրոդաքշնի» պետբյուջեից ստացած գումարների մասին ծավալուն հոդված էր գրել «Մեդիալաբ․ամ լրատվականը)։

Լոռու մարզում ավելի քան 8 մլն դրամով տոնական միջոցառումներ կազմակերպած «Մալինա» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում, բայց ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ընկերությունը որևէ անգամ գրանցած աշխատկցի համար պարտադիր 1000 դրամ վճար չի իրականացրել։ Սա նշանակում է, որ ընկերությունը անգամ մեկ գրանցված աշխատակից չունի։

Արարատի մարզում տոնական միջոցառումների կազմակերպման համար կառավարությունից 9 մլն դրամ ստացած «Ափ ընդ ափ պրոդաքշն» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում և ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի՝ ունի մեկ աշխատակից։

Այս խորագրի վերջին նյութերը