Կարծիք

29.04.2019 14:29


Կե՛ր, խմի, քեֆ արա, Նազա՛ր ջան... քանի կարող ես

Կե՛ր, խմի, քեֆ արա, Նազա՛ր ջան... քանի կարող ես

Այն, որ «քաղաքացու օրը» չստացվեց`աքսիոմ է։ Այսինքն` ապացուցման կարիք չունի։

Այն, որ Փաշինյան Նիկոլի երկրպագուների շարքերն արագորեն նոսրանում են`ակնհայտ էր դեռ «ժողովրդի կառավարության» շախով-շուխով հայտարարած շաբաթօրյակի օրը։ Երբ հպարտ քաղաքացին իր, մեղմ ասած, պասիվ մասնակցությամբ փաստացի մերժեց «մերկ ձեռքերով աղբահանության» գործընթացը համաժողովրդական տոնի վերածելու հրավերը։

«Քաղաքացու օրվա» 124 միլիոն դրամանոց «պերճանքն ու թշվառությունը» եկավ ապացուցելու, որ վարչապետով եւ իր թրաշամանուկներով հայիլ-մայիլ եղած «մոլորյալ ոչխարների» գլխաքանակը երկրաչափական պրոգրեսիայով շարունակում է ընկնել. անգամ Մաշտոցի պողոտայում շարված մանղալներն ու անձամբ` վարչապետի մակարդակով խորովվող խոզի մսի ճենճահոտը չօգնեցին, որ քաղաքացին դարդուցավը թողած լցվի քաղաքի կենտրոն (ծայրամասերի մասին արդեն չեմ խոսում)`տոնելու մի տարի առաջ «հանցավոր վարչախմբի» դեմ տարած պյուռոսյան հաղթանակը։

Ճշմարտության պահը մոտենում է։ Թավշյա, ոչ բռնի տնտեսական, քաղաքական ձեռնածությունների եւս մի քանի ամիս, եւ հեղափոխական «Նոր Հայաստանն» ուզած-չուզած հայտնվելու է Խնկո Ապոր հերոսի կարգվիճակում. «Թռի-վռի մի ճպուռ, ողջ ամառը շուռ ու մուռ, երգեց, ճռռաց, ճռճռաց, մին էլ, ըհը՜, ձմեռը փռեց իրա թևերը, բացեց գորգը սպիտակ, դաշտերն առավ Ձյունի տակ: Անցան պայծառ օրերը, էլ ո՞րն ասեմ, էլ ո՞ րը` երբ ամեն մի թփի տակ թե՛ սեղան կար, թե՛ օթյակ: Եկան օրեր ցրտաշունչ, ճպուռն ընկավ լուռ ու մունջ. քաղցած փորին էլ ի՜նչ երգ, ցուրտը տարավ ոտ ու ձեռք»...

Մնում է հուսալ, որ ճպուռի դերում այնուամենայնիվ կլինի ոչ թե ժողովուրդը`հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ կատարած ձախավեր ընտրությամբ, այլ` Նազարի բախտով միանձնյա իշխանության տերուտնօրեն դարձած, թագավորական ժողովներում ճառ ասող, ուտող-խմող, քեֆ քաշող ու «թաքուն տեղ» ժողովրդի վրա ծիծաղող Փաշինյանը` չկայացած հեղափոխականների իր խմբակով։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը