Կարծիք

29.04.2019 12:55


Արդյոք «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը կդրսևորի՞ քաղաքական գործչին հարիր կեցվածք

Արդյոք «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը կդրսևորի՞ քաղաքական գործչին հարիր կեցվածք

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը Ազգային ժողովի ս.թ. ապրիլի 18-ի լիագումար նիստում, դիմելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, պահանջել էր վերջինիս մեկնաբանությունը այն կապակցությամբ, որ նախկինում ՀԾԿՀ-ն տվել է ՀԷԿ-երի և ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր տարբեր նախկին պաշտոնյաներին, այդ թվում նշելով նաև իմ անունը՝ փաստելով, որ ‹‹այդ ոլորտներում բազմաթիվ օրինախախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել, և այսօր էլ դրանք շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ››: Այսինքն, նշված պատգամավորը հրապարակավ մեղադրել է ինձ ապօրինությունների և հանցագործության մեջ:

Այդ հայտարարությունից անմիջապես հետո ես կապվեցի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար պարոն Մարուքյանի հետ և տեղեկացնելով, որ իր խմբակցության անդամի հայտարարությունը իրականության հետ որևէ աղերս չունի՝ առաջարկեցի հորդորել պատգամավորին հրապարակավ հերքել իմ հասցեին հնչեցրած զրպարտությունը: Ի դեպ, այդ օրը նույն առաջարկով պատգամավորի հետ կապվելու իմ բոլոր փորձերը անցել են ապարդյուն:

Տեսնելով, որ իմ հորդորը մնաց անարձագանք՝ ես ս.թ. ապրիլի 26-ին գրավոր դիմել եմ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ առաջարկելով նրան Ազգային ժողովի առաջիկա լիագումար նիստում հրապարակավ իր հարցադրումը որակել անտեղյակությամբ պայմանավորված դիպված և ներողություն խնդրել ինձնից զրպարտելու և պետական գործչի իմ հեղինակությունը վարկաբեկելու համար: Ի դեպ, այդ գրությանը կցել եմ նաև Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի պաշտոնական տեղեկանքը այն մասին, որ ոչ ես, ոչ էլ իմ միջնորդությամբ որևէ ընկերություն որևէ ոլորտում գործունեություն ծավալելու արտոնագիր երբևէ չի ստացել:

Այս մասին ես գրավոր տեղեկացրել եմ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Հուսով եմ՝ պարոն Բաբաջանյանը կդրսևորի պատգամավորին հարիր կեցվածք և կհետևի քաղաքական ողջամտության և բարոյականության իմ այս հորդորին։

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը