Մեկնաբանություն

29.04.2019 10:25


«Թավշյա հեղափոխության» քեռին (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխության» քեռին (տեսանյութ)

«Թավշյա հեղափոխությունը» մի քանի քայլող խորհրդանիշ ունի։ Զոմբիացած հայացքով հարթակին գամված տատիկը, Նիկոլ Փաշինյանը, Չալո անունով շունը, Աշոտի չեղած տատիկը։

Քայլող մարմնավորում կարող է լինել նաև ցանկացած մեկը, ով «դուխով» գրությամբ գլխարկը գլխին փողոց էր փակում։

Ժամանակը «թավշյա հեղափոխության» քայլող նոր խորհրդանիշներ է ի հայտ բերում։ Կոնտրաստային խորհրդանիշներ։ Այդպիսին կարող է դառնալ, օրինակ, Դավիթ Սանասարյանը, ով ԱԱԾ–ի կողմից մեղադրվում է կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար։ Դավիթն ամենաբարձրն էր գոռում կոռուպցիայի դեմ պայքարի մասին և ամենաշատն էր խախտում այլոց անմեղության կանխավարկածը։ «Թավշյա հեղափոխությունից» հետո նա նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, որպեսզի կոռուպցիա թույլ չտա, բայց հիմա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ ու պահանջում է, որպեսզի իր անմեղության կանխավարկածը չխախտեն։

Դավիթ Սանասարյանը խորհրդանշում է Նիկոլենց փարիսեցիական ու դեմագոգիկ էությունը։

Սանասարյանի դեմ քրեական գործի հարուցումից հետո ՊՎԾ պետի պաշտոնակատար է դարձել մեկը, ով հավակնում է «թավշյա» տղաների ու աղջիկների նոր խորհրդանիշը դառնալուն։

Խոսքն Արգիշտի Քյարամյանի մասին է, ով ոչ այն է՝ Կոտայքի թեմի առաջնորդի զավակն է, ոչ այն է՝ նրա զավակը չէ (ինքն ասում է՝ կարող է հեշտությամբ հերքել, որ նրա որդին է, բայց չի հերքի, քանզի տեղին չի համարում մարդու անձնական, ընտանեկան կյանքի մեջ մտնելը և այդ համատեքստում ինչ-որ հարցեր տալը

Սեփական հոր հարցում փակագծերը բացել չկամեցող Քյարամյանը 28 տարեկան է։ Նա ոչ այն է՝ կոռուպցիոներ է, ոչ այն է՝ կոռուպցիոներ չէ։ Սույն երիտասարդը իրավապահ համակարգում աշխատած շատ կարճ ժամանակահատվածում կուտակել է 100 հազար դոլարից ավելի գումար, ավելի կոնկրետ՝ 48 հազար դոլար և 32 միլիոն ՀՀ դրամ։ Համենայնդեպս, այդքան է նա հայտարարագրել։

Շատ խորհրդանշական է, որ հենց նման մարդ է դարձել կոռուպցիայի մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանին փոխարինողը՝ մինչ այդ լինելով նրա տեղակալը։

Ի դեպ, երբ Քյարամյանից հետաքրքրվեցին, թե որտեղից նրան այդքան գումար, ցրողական պատասխան տվեց։ Նրա այդ պատասխանից հետո երևի եղավ «վերևից» հրահանգ՝ գոնե ինչ–որ կերպ բացատրել, թե որտեղի՞ց իրեն 100 հազար դոլարից ավելի գումար։ Քյարամյանը ներկայացրեց մի այնպիսի բացատրություն, որը կարելի է հետագայում ներառել դասագրքերում ու պատմել սերունդներին, թե ինչպես էին կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով հանդես եկող «թավշյա հեղափոխականները» «կռուտիտ» լինում։

Սեփական եկամուտների ծագման աղբյուրների մասին չխոսելու ուխտը խախտած Քյարամյանն իր տնօրինած գումարների մասին հետևյալ պարզաբանումն է տվել. «Հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։ Հիշյալ գումարների մի մասն էլ ձևավորվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականներիս և մեր ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից, ովքեր միշտ գումարային օգնություններ են տրամադրել ինձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես չեմ զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ»։

Այս՝ վերին աստիճանի «շուստրի» բացատրությունից հետո Քյարամյանը, բնականաբար, պաթոսային ոճով ավելացրել է. «Հանրությունից թաքցնելու ոչինչ չունեմ, ողջ կյանքս ապրել եմ հզոր հայրենիքի երազանքով, կոռուպցիայի նկատմամբ ունեմ ընդգծված ատելություն, որն անթաքույց ցուցադրել եմ ողջ կյանքիս ընթացքում: Երբևէ չեմ առաջնորդվել անձնական շահով, որևէ անձնական կապ ինձ չի կարող ուղղորդել, առավել ևս բարձր դասվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահից»։

Փաստորեն, Քյարամյանի քեռին ու մյուս ազգականները դրսում աշխատում են, որպեսզի իրենց բարեկամը Հայաստանում կենտրոնանա բացառապես հայրենասիրության վրա, ցուցաբերի ընդգծված ատելություն կոռուպցիայի նկատմամբ ու քափուքրտինքի մեջ մտած պայքարի կոռուպցիայի դեմ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Սաշիկն ու Վաչոն Արգիշտիի այս «կռուտիտից» հետո երևի նյարդայնացած ծխում են, քանզի չեն ֆայմել, որ կարելի էր տնօրինած գումարների ծագման աղբյուր ներկայացնել եվրոպաներում դեգերող քեռուն ու մաքուր դուրս գալ։ Նյարդային վիճակում է, թերևս, նաև Լֆիկ Սամոն, ով նույնպես չէր ֆայմել քեռուն հիշել ու հիմա ստիպված է ինքնաբուխ ձևով գումարներ հատկացնել հայտնի հիմնադրամներին։

«Թավշյա» տղաների ու աղջիկների հոգևոր հայրը, ըստ ամենայնի, Օստապ Բենդերն է։ Նա էլ էր «օրինական» ճանապարհով «ձախ» գումարներ վաստակում ու նեղն ընկած ժամանակ հիշում վիրտուալ քեռուն։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը