Կարծիք

27.04.2019 15:20


Փողն իրավունքի համարժեքն է

Փողն իրավունքի համարժեքն է

Ասում են՝ Հենրի Ֆորդը ժամանակին հայտարարել է, որ ժողովրդավարությունը սկսվում է ժամը 15 դոլար աշխատավարձից (այն էլ այն ժամանակվա կուրսով, որը թերևս անհավանական թիվ է): Սրանք ոսկի խոսքեր են: Բանն այն է, որ մարդկանց կյանքի որակը ուղղակիորեն կախված է իրենց իրավունքների պաշտպանված լինելուց կամ չլինելուց, եթե այդ իրավունքները պաշտպանված են, ապա մարդիկ բարեկեցիկ են ապրում, որովհետև փող են ունենում, իսկ փողը հենց իրավունքի էկվիվալենտն է: Եթե փող չունես (նաև հնարավորություն չունես փող աշխատելու), ուրեմն իրավազուրկ ես, ինչքան էլ որ հեքիաթներ պատմեն այն մասին, որ դու ազատ մարդ ես ու քաղաքացի, և ինչքան էլ որ Քաղաքացու օրեր սահմանեն ու շինծու խանդավառությամբ նշեն դրանք: Բարեկեցությունն ու ազատությունը մեկը մյուսով պայմանավորված երևույթներ են: Ազատ մարդը այն մարդն է, որի փոխարեն ուրիշները որոշումներ չեն կայացնում, հետևաբար որպես դրա հետևանք, նրան չեն շահագործում, նրա հեղինակային իրավունքը չեն ոտնահարում, նրա սեփականությունն ու բիզնեսը չեն խլում, և նա իր երկրի տերն է դառնում: Եվ այս ամենը կոչվում է ժողովրդավարություն, որի մասին ժամանակին խոսել է Ֆորդը ու շատ դիպուկ կերպով նկատել է, որ աղքատ մարդկանցով ժողովրդավարություն ու քաղաքացիական հասարակություն չես կառուցի, քանի որ աղքատությունն ու անազատությունը փոխպայմանավորված երևույթներ են, իսկ ժողովրդավարությունն ու քաղաքացու իշխանությունը` ազատություն է ու բարեկեցություն:

Մեր երկրում այդ ամենը չկա, մեր երկիրը բռնազավթված է, իսկ մենք ոչ թե ազատ քաղաքացիներ ենք, այլ անազատ հպատակներ ենք, եթե այսքանը հասկանանք, ամեն ինչ իր տեղը կնկնի, որովհետև երբ անգամ վերջին ապուշը հասկանում է, որ ինքը ճաղերի հետևում է հայտնվել, գոնե ենթագիտակցորեն կսկսի այդ ճաղերից դուրս գալու մասին մտածել: Քանի դեռ մենք չենք վերադարձրել մեզ վերաբերվող հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու մեր սուրբ իրավունքը, մենք բանտված ենք: Մեր իշխանությունները զրկել են մեզ այդ իրավունքից, նրանք մեր անունից մեզ վերաբերվող հարցերի հետ կապված որոշումներ են կայացնում, որոնք իրականում ոչ թե մեր շահերից են բխում, այլ ուղիղ հակառակը, սակայն մեզ ուզում են հավատացնել, որ մենք ենք իրենց լիազորել այդ անօրինականությունները իրականացնելու համար, ու հավելումն այդ ամենի, իբրև թե մեզ շատ սիրելու և հարգելու կապակցությամբ Քաղաքացու օր են տոնում:

Կարճ ասած սուտն ու կեղծավորությունը նորմ է դարձել մեր իրականության մեջ, ու դրա պատճառներից ամենագլխավորը այն է, որ մեզանում շատ են այն մարդիկ, որոնք սերնդեսերունդ անազատությունից բացի ոչինչ չեն տեսել, նրանց նախնիները անազատության մեջ են ապրել, նրաք նույնպես անազատության մեջ են ծնվել ու մեծացել, նրանք սիրում են այդ անազատությունը, և նրանց համար նորմալ է այսօրվա իշխանությունների կողմից կազմակերպված այս զզվելի ֆարսը: Բայց այստեղ մի շատ արդարացի հարց է առաջանում, ինչու՞ պիտի այդ մարդկանց պատճառով մենք` հոգեպես ազատ մարդիկս, նույնպես պիտի հավերժ անազատության մեջ մնանք: Մենք ուզում ենք ապրել ազատ ու բարեկեցիկ կյանքով, ժողովրդավար երկրում, որտեղ ապրում են իսկական քաղաքացիներ, այլ ոչ թե բռնավորներ, որոնց չգիտես թե ինչու քաղաքացի են անվանում, այն էլ հպարտ քաղաքացի և բոլշևիկյան պաթոսով նրա օրը նշում:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը