Կարծիք

27.04.2019 07:55


Խնդրում եմ Ալեն Սիմոնյանին ադրբեջաներեն իմացող օգնական կցել՝ տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար

Խնդրում եմ Ալեն Սիմոնյանին ադրբեջաներեն իմացող օգնական կցել՝ տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար

Քանի որ մի քանի տեղ կարդացի, որ 5-րդ ալիքի եթերում ՀՀ ԱԺ փոխնախագահ, բարձրաստիճան պաշտոնյա Ալեն Սիմոնյանը ոչնչացրեց լրագրող Ագնեսա Խամոյանին, ապա ասեմ.

5-րդ ալիքի եթերում Ալեն Սիմոնյանը երկու կարեւոր բան է ասել.

ա/ Հայաստանի խաղաղության կոչերը ազդել են նաեւ Ադրբեջանի վրա, քանի որ առաջին անգամ Միլի Մեջլիսում պատգամավորը արտասանել է խաղաղություն բառը:

Միանգամից ասեմ, որ խաղաղություն բառ արտասանողը ոչ թե Միլի Մեջլիսի պատգամավոր է, այլ Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, որը այո՛, օգտագործել է խաղաղություն բառը, բայց ասել է, հետեւյալը՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը պատերազմով լուծի հարցը, եթե մեր պայմաններով պետք է հարցը լուծվի: Ասադովը նաեւ շատ վատ բան է ասել ՀՀ նախարարներից մեկի հասցեին, ինչը չեմ էլ ասի: Իսկ Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկը ասել է, թե հայերը տեղ ունեն ոչ թե Ադրբեջանի հողի վրա, այլ այդ հողի տակ:

Խնդրում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ բարձրաստիճան պաշտոնյա Ալեն Սիմոնյանին մի՝ ադրբեջաներեն իմացող օգնական կցել՝ տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար՝ 5-րդ ալիքի եթերում կամ էլ, օրինակ Հանրայինի եթերում, որի աշխատանքը, ինչպես ինքն է ասում՝ լրջորեն փոխվել է. Պետրոս առաքյալը՝ վկա:

Եւ՝ բ/ Ալեն Սիմոնյանը 5-ի եթերում նաեւ ասել է, որ հեղափոխությունից հետո Հայաստան է ներգաղթել 20 հազար հայ ընտանիք:
Սա, հասկանալի է, նշանակում է՝ 60-70-80 հազար մարդ:

Սփյուռքի նախարարությունը սա չի հաստատում, Միգրացիոն ծառայությունը սա չի հաստատում,
Մեր բակում՝ բոլորի մասին ամեն ինչ իմացող Զոյա տատիկն էլ սա չի հաստատում:

Եզրակացնում եմ, որ ներգաղթը անտեսանելի է, եւ ուրեմն խնդրում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահ, բարձրաստիճան պաշտոնյա Ալեն Սիմոնյանին կցել նաեւ անտեսանելի բաները տեսանելի բաների հետ չխառնող օգնական:

Մի՛ ոչնչացրեք իրար, դա հեղափոխության սկզբունքներին դեմ է:
Շնորհակալություն:

Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը