Կարծիք

26.04.2019 19:35


Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չգնաց «մարտի 1-ը» կանխելու

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չգնաց «մարտի 1-ը» կանխելու

Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը։

Չնայած 11 տարիվա պնդումներին, թե առաջին նախագահը, իշխանության կողմից անհիմն պահվել է տանը, Եվրոպական դատարանը այլ կարծիք հայտնեց՝ գանգատը համարելով անհիմն։

Այս որոշումը շատ ավելի մեծ նշանակություն ստացավ, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Նախ ստացվում է որ, մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չի եղել, նրա ազատ տեղաշարժը չի խոչնդոտվել՝ կարող էր գնալ և միանալ ցուցարարներին, տեղում ելույթ ունենար, հանդարտեցներ և այլ։ Բայց չգնաց։ Ինչու՞։

Չէ՞ որ մարտի 1-ի ցերեկն արդեն հանրահավաքային տրամադրությունը շատ արագ փոխակերպվեց ամբոխային անկարգություններով, ոստիկանական մեքենաներ այրելով, ոստիկան ծեծելով, որի շարունակությունը կարելի էր հեշտությամբ կանխատեսել։ Բայց չգնաց։ Ինչո՞ւ։

Այդ ողբերգական օրվա առավոտից բոլորը լարված էին, չգիտեին ինչ անել։ Ազատության հրապարակից դուրս հանված առաջին նախագահի կողմնակիցների մի մասը գնացել էր տուն, մյուս մասը շարժվում էր տարբեր ուղություներով՝ սպասելով նրա կոչին՝ թե ինչ անել։ Հանրահավաքների այլ կազմակերպիչները, ինչպես կպատմեն հետագայում, ուղղակի փախել էին՝ վախենալով ձերբակալություններից, և ինչպես կպարզվի հետագայում, ցուցարարներին ուղղորդում էին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմացի հրապարակում։ Տարբեր գործիչներ նույնպես այդտեղ էին հավաքվել՝ իմանալով որ ժողովուրդ է հավաքվում և պետք է լինել այնտեղ՝ թույլ չտալու բախումներ, ոստիկանության և ցուցարարների միջև, մինչ Տեր-Պետրոսյանի վերադարձը, որն իր տանը ասուլիս էր տալիս այդ ժամանակ։

Ոստիկանությունը նույնպես այնտեղ էր ներկայացված՝ տարբեր կալիբրի պաշտոնյաներից մինչ շարքային։ Բոլորի նպատակն էր թույլ չտալ բախումներ, մինչ առաջին նախագահը կգար։ Բայց, ասուլիսից հետո էլ չեկավ։ Տարիներ անց ցուցմունքում նա կպատմի, որ ասուլիսից հետո անգամ իր կողմնակիցներին է ընդունել տանը, խոսել իր որպիսությունից։ Այդքանից հետո, նույնպես, հանգիստ մնացել է տանը։ Ինչո՞ւ։

Ակամա հիշում ես առաջին նախագահի գաղտնազերծված արդեն հաջորդ օրվա, խոսակցությունն իր շտաբի պետ Ալիկ Արզումանյանի հետ․-«Ամեն ինչ լավ է, իսկապես, Ալիկ ջան․․․էդ ա, ուրիշ ձև չկա»։

Հետո, արդեն տարիներ անց, իր ամենից վառ կողմնակից Նիկոլ Փաշինյանը հոդվածաշարում վերլուծելով, առաջին նախագահի այդ օրվա պահվածքը կանվանի արկածախնդրություն և անուղղակի կմեղադրի մարտի 1-ի ողբերգական հանգուցալուծման մեջ։

Իսկ ի՞նչը կարող էր պատճառ լինել նախագահի՝ տանը մնալուն և կողմնակիցներին չմիանալուն։

Վարկածները տարբեր կարող են լինել, բայց առաջին նախագահի գործունեությանը հետևած, տարբեր ելույթներից, գրած հոդվածներից կարելի է վերլուծել և հասկանալով մտածելակերպը՝ եզրակացնել՝ ընդամենը պարզ քաղաքական հաշվարկը։ Իսկ հաշվարկը հետևյալն էր՝ չդառնալ հերթական պարտված ընդիմադիր գործիչ։ Պարտված գործիչ դառնալն այդքան ցավոտ չէր լինի իր համար, եթե չլիներ 1998 թվականի իր հրաժարականը՝ փաստացի ներիշխանական պայքարում պարտվելը, այն էլ՝ նախագահի կարգավիճակում։ Այդ իսկ պատճառով նա չցանկացավ դառնալ հերթական պարտված ընդդիմադիրը, ինչպիսին էր, օրինակ, Ստեփան Դեմիրճյանը։

Մարտի 1-ին հրապարակ չգնալով՝ հնարավորություն տեսավ իրեն քաղաքական հեռանկար պահպանելու, երկրորդ անգամ չանցնել պատմության գիրկը։ Նկատե՞լ եք, որ մեր նորագույն պատմության մեջ միակ դեպքը, երբ ընդդիմությունը բախումների է գնացել, և որևէ կերպ չի կանխել դրանք, այլ հրահրել է մինչև վերջ, եղել է հենց 2008 թվականը։ Լևոն Տեր-Պետրոսյանից բացի, ընդդիմության ոչ մի առաջնորդ պատրաստ չէր այդպիսի գին վճարել հանուն իր քաղաքական հավակնությունների՝ ո՛չ Վազգեն Մանուկյանը 1996-ին, ո՛չ Կարեն Դեմիրճյանը 1998-ին կամ Ստեփան Դեմիրճյանը՝ 2003-ին, ոչ էլ հետագայում՝ 2013-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը։

Իսկ ի՞նչ կլիներ, եթե առաջին նախագահը գնար հրապարակ և միանար իր կողմնակիցներին։ Դժվար թե այն մարդը, որն ընտրություններից առաջ իր միակ որդուն անվտանգության դրդապատճառով ԱՄՆ էր ուղարկել, իր անվտանգությունը վտանգի տակ դներ և բախումներ հրահրեր անձամբ։ Տեղից չշարժվելու, բարիկադներ կառուցելու և ոստիկանության հետ բախվելու հրահանգ կարելի էր տալ տանից՝ Նիկոլ Փաշինյանի և Ալիկ Արզումանյանի միջոցով, բայց՝ ոչ անձամբ։ Իսկ անձամբ գալով, նա թերևս կարող էր անցկացնել հերթական հանրահավաք, հնարավոր է պայմանավորվեր իշխանության հետ երկրորդ փուլ անցկացնելու շուրջ, պահանջեր ապահովել հնարավորինս արդար ընտրությունների համար միջավայր։ Երևի թե այդպես էլ կլիներ, եթե առաջին նախագահը գար հրապարակ և անձամբ խոսեր իր կողմնակիցների հետ։

Ամենայն հավանականությամբ՝ նա դարձյալ կպարտվեր։ Բայց կարևորը դա չէր, այլ այն, որ չէր լինի մարտի 1-ի ողբերգությունը։

Կարող էր գնալ հրապարակ, բայց չգնաց։


Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը