Կարծիք

26.04.2019 10:20


Կառավարությունն իր առաջին քննությունը՝ ապրիլի 24-ի հետ կապված, հանձնեց անբավարար

Կառավարությունն իր առաջին քննությունը՝ ապրիլի 24-ի հետ կապված, հանձնեց անբավարար

Հատուկ այս թեմայով արտահայտվում եմ այսօր, երբ մեկօրյա տեղեկատվական դադարից հետո առավել սթափ կարելի է գնահատել այն, թե ինչպես Փաշինյանի կառավարությունը հանձնեց իր առաջին կարևոր քննություններից մեկը` այս դեպքում ապրիլի 24-ի հետ կապված:

Իմ գնահատմամբ` անբավարար, համոզիչ անբավարար: Եթե ներքին կյանքի հետ կապված հարցերում Փաշինյանի կառավարության հախուռն, շփոթ, երբեմն՝ մանկամիտ, չմտածված ու մեկօրյա PR ակցիաների տրամաբանությունից բխող գործելաոճը միայն ափսոսանք ու հիասթափություն են առաջացնում` վարկաբեկելով բարեփոխումների բուն օրակարգն ու ընդամենը մաշեցնում օրվա իշխանությունների վարկանիշը, ապա համազգային նշանակության հարցերում, (ներառյալ արցախյան հիմնահարցի և առանցքային այլ խնդիրների շուրջ) նման հախուռն և «օրվա կուրսով» գործելաոճն ուղղակի աններելի անպատվություն է:

Այն, ինչ տեսանք ապրիլի 24-ին, մեր դեսպանությունների և Սփյուռքի ազդեցիկ համայնքների կողմից տարբեր երկրներում կազմակերպված ավանդական դարձած միջոցառումներն էին, ՀՅԴ-ի ավանդական ջահերով տպավորիչ երթն էր, «Ավրորա»-ի նախաձեռնության մի տեսակ արհեստականորեն խլեցված ձայնն էր, Նիկոլ Փաշինյանի՝ աներևակալիորեն փնթի ու անգամ վիրավորական ուղերձն էր` օրվա առիթով, Թուրքիայի նախագահի կողմից բարձրաձայնված աննախադեպ ցինիզմն էր ու դրա նպատակային, կազմակերպված ու զանգվածային տարածումը համաշխարհային լրատվամիջոցներով և ևս մեկ-երկու հիշատակման արժանի հանգամանք: Բայց այլ, շատ ավելի «տպավորիչ» բանի մասին եմ ցանկանում խոսել:

Ինձ ուղղակի ապշեցրեց այն, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր իրեն թույլ տալ ապրիլի 24-ի օրով ռուսական հեռուստաեթերում Ցեղասպանության օրվա խորհրդից դուրս որևէ այլ թեմայով հանդես գալ, որքան էլ այդ պրոցեսից, ինչպես ասում են, ձեռքի հետ «հաճույք ստանալու» պահի քաղաքական անհրաժեշտություն ունենար: Սա անընդունելի, լավ չմտածված և հարցեր առաջացնող քայլ էր ու տիպիկ օրինակն այն բանի, երբ քաղաքական գործչի օրվա PR, հատվածական շահերը գերադասվում են ազգային եւ պետական օրակարգին, անգամ եթե այն գիտակցվում է: Եթե իշխանության ձգտող քաղաքական գործչի պարագայում նման գործելաոճը դեռ «ընկալելի» է և կարող էր ընդամենը նյարդայնացնել, ապա պետության ղեկավարի պարագայում սա սեփական դերի ու առաքելության չընկալման հիասթափեցնող ազդակ է: Կրկնում եմ՝ հենց նույն օրը` ապրիլի 24-ին, երբ մեր «պետական բացակայության» պայմաններում թուրքական ներկայությունն անգամ ռուսական մեդիատիրույթն էր հեղեղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի աննախադեպ ցինիկ գնահատականներով:

Կամ այն, ինչ կատարվում էր ապրիլի 24-ին Թբիլիսիում, մի հարևան-բարեկամ երկրի մայրաքաղաքում, որի վարչապետի հետ իր ունեցած հարաբերությունները Փաշինյանը, զուտ տպավորություն գործելու համար, տեղին ու անտեղի որակում է որպես «ընկերական», ուղղակի դուրս էր բարիդրացիության ու «ընկերական հարաբերությունների» տրամաբանությունից: Որտե՞ղ էին վարչապետ Բախտաձեի հետ ամիսը մեկ թեյ խմող «ժողովրդի վարչապետը», մեր արտգործնախարարությունն ու դիվանագիտական կորպուսը, երբ Թբիլիսիի քաղաքային իշխանությունները այդ երկրում Թուրքիայի դեսպանությանն արտոնում էին ցեղասպանության զոհերի հիշատակի համազգային ոգեկոչման նույն օրն ու նույն ժամերին երգուտաղով ու պարերով զուգահեռ տոնական միջոցառում անցկացնել: Սա ևս խոսուն օրինակն է այն բանի, թե ինչպես է Հայաստանի ու հայ ժողովրդի շահն ու օրակարգը առաջ մղելու փոխարեն երկրի բարձրագույն ղեկավարությունը չտեսնելու տալիս այն, ինչ պետք էր տեսնել, և անում այն, ինչ չպետք էր անել:

Բացվող ամեն օրը նորովի է հիմնավորում, որ կառավարման նման հախուռն ու շփոթ ձեռագիրը իշխանության` քաղաքական բովանդակությունից զուրկ լինելու, իրական առաքելության զգացում չունենալու պարզ հետևանք է, որ միայն Աստված գիտի, թե ինչ անակնկալների է բերելու, եթե այն ճիշտ պահին չկասեցվի:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը