Մեկնաբանություն

25.04.2019 15:50


«Մարտիմեկիստների» բազմամյա սուտը հերքվեց (տեսանյութ)

«Մարտիմեկիստների» բազմամյա սուտը հերքվեց (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Թեման 2008-ի մարտի 1-ի հետ կապված իրադարձություններն էին:

«Լևոն Տեր-Պետրոսյանն՝ ընդդեմ Հայաստանի» հայցին ի պատասխան՝ ՄԻԵԴ-ը հերքել է 1-ին նախագահի ու իր թիմակիցների բազմամյա սուտն ու բացահայտել մանիպուլյացիան:

Տեր-Պետրոսյանը վիճարկել էր իրեն, այսպես կոչված, տնային կալանքի ենթարկելու իրավաչափության հարցը: Նրա համոզմամբ՝ տեղի է ունեցել իր ազատության և ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում:

Ի՞նչ է վճռել ՄԻԵԴ-ը

Ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանը և «Մարտի 1»-ի մյուս շահարկողները տարիներ շարունակ պնդում էին, որ Տեր-Պետրոսյանին այն ժամանակվա իշխանությունները զրկել էին ազատ տեղաշարժի իրավունքից, ու դա էր պատճառը, որ նա չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ ու չփորձեց տեր կանգնել իր կողմնակիցներին: ՄԻԵԴ-ն, ահա, անհիմն ու անընդունելի է համարել Տեր-Պետրոսյանի բողոքն այն մասին, որ ինքը 2008թ. մարտի 1-ին զրկված է եղել ազատ տեղաշարժվելու իրավունքից: Այսինքն՝ ՄԻԵԴ-ը հերքել է սուտն այն մասին, թե, իբր, Տեր-Պետրոսյանին մարտի 1-ին «տնային կալանքի» տակ են պահած եղել:

Սա շատ ուշագրավ որոշում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ Նիկոլ Փաշինյանի պատվիրած գործով սպասվելիք դատավարությանն ընդառաջ:

Երբ նախկինում հիմնավոր տեսակետներ էին հնչում, որ Տեր-Պետրոսյանը, հանրահավաքներից մեկի ժամանակ արտասանելով «Մահվան տեսիլը», իրականում առաջնորդվում էր «Թող լիքը զոհ պահանջվի ինձնից բացի» կարգախոսով, ու դա էր պատճառը, որ նա տնից դուրս չեկավ 2008-ի մարտի 1-ին և տնից փաստացի ղեկավարում էր բախումները, մարտիմեկիստները կոկորդիլոսի արցունքներ էին թափում, թե բա՝ նա տնային կալանքի տակ է եղել և ուրեմն, ինչպե՞ս կարող էր գալ ու կանխել արյունահեղությունը: ՄԻԵԴ-ը վճռեց, որ Լևոնենց ասածները սուտ են:

Տեր-Պետրոսյանը կարող էր գալ հրապարակ ու հանդարտեցնել ժողովրդին՝ կանխելով մահվան ելքով բախումները, բայց նրան մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներից հետո արդեն զոհեր էին պետք՝ դրանք շահարկելու և իշխանությունը վերցնելու համար: Որպես գործիք՝ նա օգտագործեց Նիկոլ Փաշինյանին, ով փաստացի ղեկավարում էր բախումները, և ով փախավ, երբ պարզ դարձավ, որ բախումներով իշխանությունը չեն կարողանալու վերցնել (տե՛ս կից տեսանյութը):

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ վճռի մյուս կետերին, ապա հարկ է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքին: Այո՛, ՄԻԵԴ-ում գտնում են, որ 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իշխանություններն անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ և խախտել են նրանց՝ հավաքներ անելու իրավունքը, բայց բոլորին էլ հայտնի է, որ մարտի 1–ի առավոտյան զոհեր չեն եղել: 10 զոհը եղել է մարտի 1-ի երեկոյան ու լույս 2-ի գիշերը:

Կրկնենք. արյունահեղությունը կարող էր կանխել Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց նա դա չարեց, քանզի այլ հաշվարկներ ուներ: Հետագայում, իհարկե, Լևոնենք փորձեցին արդարանալ, թե բա՝ Քոչարյանենք տանն էին փակել Լևոնին, և հետևաբար, նա չէր կարող գալ Մյասնիկյանի արձանի մոտ, բայց ՄԻԵԴ-ը վերջնական կնիք դրեց մարտիմեկիստների այդ բազմամյա ստի վրա: ՄԻԵԴ-ը հաստատեց, որ Տեր-Պետրոսյանը կարող էր ազատ տեղաշարժվել ու գալ Մյասնիկյանի արձանի մոտ: Մնացած եզրակացություններն արդեն հայ ժողովուրդը պետք է անի՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» բառերն արտասանողի վարքագծին անդրադառնալով:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: 1996-ից հետո նախագահական բոլոր ընտրությունները՝ բացառությամբ 1998թ. տեղի ունեցածի, ուղեկցվել են հետընտրական ընդվզմամբ: Բոլոր ընդդիմադիր թեկնածուները համարել են, որ ընտրությունները կեղծվել են ու դուրս են եկել փողոց: Բայց միայն 2008թ. ընտրություններից հետո ունեցանք զոհեր:

Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը չգնացին ամեն գնով իշխանությունը վերցնելու և մինչև վերջ իրենց կողմնակիցներին օգտագործելու ճանապարհով, իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես ընդդիմության առաջնորդ, վարվեց այլ կերպ: Արդյունքում՝ 2008թ. մարտի 1-ի արյունահեղությունը ոչ միայն չկանխվեց, այլ զոհերն արդեն մտնում էին նրա հաշվարկների մեջ:

Տեր-Պետրոսյանը չէր էլ թաքցնում, որ շատ հանգիստ քնել է, քանզի 10 զոհերը նրան առավելագույնը կարող էին իշխանության բերել, իսկ նվազագույնը՝ մշտական շահարկման ու քաղաքական առևտրի առարկա դառնալ:

Հ.Գ.-2: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վերջերս հայտարարել էր, որ 2008թ. մարտի 1-ի բախումների ժամանակ բացի 10 զոհերից՝ ունեցել ենք նաև վիրավորներ: Վիրավորվել են 187 ոստիկան և 32 ցուցարար: Այս թվերը ևս մեկ ապացույցն են այն բանի, թե ինչպիսին է եղել Տեր-Պետրոսյանի կոմղնակիցների վարքագիծը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Մարտի 1»-ի գործը բումերանգի էֆեկտով հարվածելու է այն շահարկողներին ու այն քաղաքական նպատակներով օգտագործողներին:

Այս խորագրի վերջին նյութերը