Կարծիք

25.04.2019 09:29


Էլի պարգևավճար ու էլի փնթփնթոց

Էլի պարգևավճար ու էլի փնթփնթոց

Հին ռուսական անեկդոտը իմ սերնդի համար շատ տիպական օրինակ էր: 1917թ. հոկտեմբերին ազնվականը սպասավորին խնդրում է գնալ պարզել, թե ինչ աղմուկ է փողոցում: Սպասավորը վերադառնալով՝ ասում է, որ մարդիկ լցվել են փողոց ու հրապարակ` պահանջելով ունեզրկել հարուստներին: Ազնվականը մտածում է. «Տարօրինակ բան է կյանքը. մոտ հարյուր տարի առաջ իմ պապը ընկերների հետ դուրս էր եկել Սենատի հրապարակ՝ պահանջելով վերացնել աղքատությունը»:

Պատմությունից հայտնի է, որ հաղթեց այն հեղափոխությունը, որի նպատակը ունեզրկումն էր: Սովորաբար, այդպես էլ եղել է միշտ։ Հավանաբար, հենց այս պատճառով էլ վերջին մեկ տարում մեր հասարակական քննարկումների ամենասիրելի թեման ունեզրկումն է: Իսկ երկրորդ սիրելին տերեվերջյան պարգևատրումներն էին: Որ բնույթով նույնն է։ Ի վերջո։ Հիմա այս թեմաները կրկին բոցկլտացին:

Ճիշտ է, վաղուց ունեզրկման մասին հեղափոխական «խրոխտ» հայտարարություններ չկան: Ավելին՝ նույնիսկ իշխանություններն են, ի դեմս վարչապետի, աղքատությանը պատերազմ հայտարարելու կոչով հանդես եկավ: Կարծեմ՝ տնտեսագետ ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Բայց տևական ու քրտնաջան աշխատանքով ստեղծված հասարակական կարծրատիպերը ջարդելը բարդ ու շատ ավելի ժամանակատար գործ է։ Նույնիսկ հեղինակների համար։

Հարստատյացության նոր կայծկլտոցի պատճառը կրկին պարգևավճարներն են։ Այս անգամ մայրաքաղաքի քաղաքապետն է որոշել պարգևատրել իր ղեկավարած կառույցի աշխատակիցներին։ Երևի հասարակության բացասական արձագանքը կանխազգալը բարդ չէր։ Հնարավոր է՝ քաղաքապետն այդ պատճառով է որոշել պարգևատրել բոլոր աշխատակիցներին, բայց ոչ իրեն։ Նման որոշման դեմ խոսելն ու հասարակական ջերմ ընկալման արժանանալն ամենևին էլ բարդ չեն։ Հատկապես այս պահին, երբ քաղաքը աղբահանության հերթական սեզոնն է ապրում։ Բայց հիմա աղքատության պատկերն արձանագրելն ու դրա հաղթահարման ծրագրեր մշակելն ամենևին էլ նորաձև չեն։

Հայաստանի աղքատության պատկեր-նկարագիրը վերջին անգամ տրվել է 2017թ.-ին։ Որևէ ապացույց, տնտեսական կամ վիճակագրական հաշվարկ չկա, որ աղքատության ծավալները փոխվել են։ Հիշեցնեմ՝ աղքատ համարվում է բնակչության 25,7 տոկոսը (չափահասների հաշվարկով)։ Աղքատ է այն չափահասը, ով ամսական 41 հազար 612 դրամից պակաս է ծախսում։ Մեր երկրի ժողովրդագրության պարագայում խոսքը մոտ 766 հազար մարդու մասին է։ Նրանց թվում, բնականաբար, կան ավելի աղքատներ՝ մարդիկ, ովքեր ամսական 35 հազար 253 դրամից պակաս են տնօրինում։ Պաշտոնական վիճակագրությունը նրանց քնքշորեն անվանում է «չափավոր աղքատներ»։ Նրանց քանակը ևս ազդեցիկ է՝ 316 հազար մարդ։

«Բայց սա դեռ ամենը չէ»,- ինչպես ասում է հանրահայտ գովազդը։ Աղքատության ավելի անմարդկային շերտ կա։ Նրանք պաշտոնապես համարվում են «ծայրահեղ աղքատ»։ Խոսքը մոտ 42 հազար մարդու մասին է։ Նրանք ամսական շատ ավելի սուղ միջոցներ ունեն սնվելու, և մյուս կարիքների բավարարման համար նրանք ամսական 24 հազար 269 դրամից փոքր գումար են տնօրինում։ Հասկանալի է, որ այս պարագայում «գումար» և «տնօրինել» բառերը տարօրինակ բառակապակցություն են դառնում։ Այդ պատճառով էլ 24 հազար 269 դրամը հայտարարված է աղքատության պարենի կամ ծայրահեղ աղքատության սահմանագիծ։

Պաշտոնապես պարենային աղքատության սահմանագծից ներքև գտնվող 42 հազարի 28 տոկոսն ապրում է Երևանում։ Դե հիմա փորձեք քաղաքապետին քննադատողների դեմն առնել կամ փակել այն մարդկանց բերանը, ովքեր հաշվում են, թե «Քաղաքացու օր» հայտարարված տոնի ծախսով քանի մարդ քանի օր կարելի էր կերակրել։ Կամ վերապատրաստել ու աշխատանք առաջարկել։ Կամ քանի ընտանիքի կարելի էր ապահովել Գյումրիում։

Ի վերջո, որպես աղքատ հաշվառվող բնակչության մեծամասնությունն ապրում է քաղաքային բնակավայրերում։ Մեր պաշտոնական վիճակագրությունը (ճիշտ ու ճիշտ իշխանության նման) կարծում է, որ գյուղական բնակչությունը պարտավոր է հավ ու ոչխար պահել։ Հետևաբար, հավկիթի ու կաթի առկայությունը նրանց կդարձնի ոչ աղքատ։ Ի վերջո, այս տվյալների ամփոփումից հետո երկու տարի է անցել։ Հետևաբար, կարելի է պնդել, որ պատկերը փոխվել է։ Հիմա աղքատության նոր ուսումնասիրությունը հազար չուզողի խոսք ու զրույցի թեմա կդառնա։ Կարելի է մոռանալ աղքատության գոյությունը։ Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ խեղդվողի փրկությունը հենց իր՝ խեղդվողի գործն է։ Ու այսպես ամեն անգամ եռամսյակային պարգևավճարների առիթով զայրանալու ենք։ Ասեք, որ տրամաբանական է։ Կամ էլ՝ հակառակը։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը