Կարծիք

25.04.2019 00:13


Ո՞րն է մեր երկրի ու ժողովրդի հիմնական բրենդը

Ո՞րն է մեր երկրի ու ժողովրդի հիմնական բրենդը

Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է տանում այն թեզը, համաձայն որի՝ հայերը մինչև 19-րդ դարը երբեք կոմպակտ որևէ տարածքում չեն բնակվել (այսինքն՝ մենք երբեք հայրենիք չենք ունեցել), և որ հայերը տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների կողմից Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալու արդյունքում են ձևավորվել որպես միասնական ժողովուրդ ու այսօրվա Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայտնվել են մոտավորապես 200 տարի առաջ, ու նրանց այդ տարածքներում բնակեցրել է Ռուսական Կայսրությունը, որպեսզի նրանց վրա հենվելով իր ազդեցությունն ամրապնդի Հարավային Կովկասում: Պատմական Արմենիան էլ ընդամենը տեղանուն է ու հայ ժողովրդի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի: Ու հետաքրքիրն այն է, որ այս զառանցանքները պնդում են ոչ միայն ադրբեջանցիներն ու թուրքերը (չնայած ոչ բոլոր թուրքերը), այլ նաև նրանց հետ կապ չունեցող շատ օտար պատմակեղծարարներ ու անգամ քաղաքական գործիչներ:

Ինչո՞ւ եմ սա գրում. ես մի քանի անգամ արդեն նշել եմ, որ աշխարհում կան որոշ ուժեր, որոնք կոնկրետ հակահայկական դիրքորոշում ունեն, իսկ ավելի կոնկրետ՝ աշխարհում կա հակահայկական դավադրություն: Իհարկե, դա շատ ծիծաղելի է հնչում, վերջապես, ո՞վ կմտածի, որ աշխարհում կարող են լինել ուժեր, որոնք խիստ անկազմակերպ ու աննշան կարողությունների տեր հայ ժողովրդից պիտի վախենան ու, ելնելով դրանից, նրա նկատմամբ ինչ-որ դավադրություն կազմակերպեն, սակայն փաստը մնում է փաստ, որ այդպիսիք իսկապես կան:

Չխորանալով դրա պատճառների մեջ՝ ուզում եմ խոսել դրա նպատակների մասին: Բանն այն է, որ այդ ամենը նախ և առաջ, ինչ-որ իմաստով, կարծես թե մեզ շրջապատող խիստ նացիոնալիստական մենթալիտետ ունեցող ազգերին` թուրքերին, ադրբեջանցիներին, քրդերին ու վրացիներին «իրավունք» է տալիս մեզ վերջնականապես հայրենազրկել ու բնաջնջել որպես ազգ: Դա արվում է նաև մեր մեջ ինքնության ճգնաժամ առաջացնելու համար, որը, բնականաբար, ավելի կթուլացնի մեր ինքնապաշտպանական կարողությունները (պատահական չէ, որ մեր երիտասարդների մեջ նպատակաուղղված կերպով ապազգայնություն են ներարկում և աշխատանքներ են տանում, որպեսզի վերջիններիս կողմից արժեհամակարգային և բարոյական նորմերը որպես հետամնացություն ընկալվեն):

Այս երևույթը նոր չէ. սա երկար պատմություն ունի: Մեր ժողովրդի դեմ այս մեթոդներով սկսել են պայքարել դեռևս շատ վաղուց. դրանք տարբեր փուլերի կարելի է բաժանել, առաջին ամենամեծ հարվածը երևի թե քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունելու արդյունքում եղավ, քանի որ մեր պատմությունը կեղծվեց հենց մեր քրիստոնյա պատմիչների կողմից, դա արվում էր նախ հանուն քրիստոնեական գաղափարաբանության, և հետո պիտի գիտակցենք, որ քրիստոնեության առաքելությունը հեթանոսության դեմ պայքարն էր և է, իսկ այն ժամանակներում «հեթանոսություն» ասածն ազգայինի հոմանիշն էր (չմոռանանք նաև, որ այն ժամանակներում պատմագիտություն՝ որպես այդպիսին, գոյություն էլ չուներ): Այնուհետև էլի կարող ենք գտնել ինչ-ինչ ժամանակահատվածներ մեր երկար ու ձիգ պատմության ընթացքում, երբ շատ ուժեր ներսից ու դրսից համակարգված կերպով խեղաթյուրել են մեր պատմական հիշողությունը, հետևաբար՝ նաև մեր ազգային ինքնությունը, մինչև եկել հասել ենք սովետական շրջան, երբ մի քանի կեղծ պատմագիտական թեզեր հայտարարվեցին որպես ապացուցված ճշմարտություններ և սկսեցին դասավանդվել դպրոցներում ու համալսարաններում, ինչպես նաև օտար երկրներում եղած հայագիտական կենտրոններում: Այդ թեզերից է, օրինակ, այն անհեթեթությունը, համաձայն որի՝ հայկական պետականությունը ձևավորվել է ընդամենը մ.թ.ա. 6–րդ դարում, կամ որ մենք մինչև 5-րդ դար գիր ու գրականություն չենք ունեցել, կամ, ասենք, հայոց լեզուն ու ընդհանրապես մշակույթը պարսկական և այլ առաջավոր ասիական «ավելի զարգացած» ժողովուրդների լեզուներից ու մշակույթներից են ածանցվել, ու էլի շատ ու շատ այսպիսի բաներ:

Հիմա եկել հասել ենք այն հանգրվանին, որ մեր թշնամիների համար այս մոտեցումները նույնպես բավարար չեն, ու նրանք ադրբեջանցիների բերանով պահանջում են այն «պատմագիտական» մոտեցումներն ընդունել, ինչի մասին սկզբում արդեն գրել եմ, այլապես սպառնում են մեզ ընդհանրապես զրկել այս արևի տակ գոյատևելու իրավունքից: Իսկ ի՞նչ պիտի անենք մենք. կարծում եմ՝ ի հեճուկս բոլորի՝ պիտի սկսենք բարձրաձայնել իսկական պատմության մասին, ու սկսենք սովորեցնել այն մեր երիտասարդներին ու երեխաներին:

Հերիք է թույլ տանք, որ թքեն մեր ինքնության վրա, դրանից մեր նկատմամբ բարեհաճությունը չի ավելանալու, ինչպես որ կարծում էին որոշ հայ մտավորականներ 20–րդ դարի սկզբներին, երբ համաձայնվում էին խեղաթյուրել մեր պատմությունն ու մշակույթը: Դրանից թշնամիների ախորժակը ավելի է գրգռվելու, ու որպես արդյունք՝ մենք կարող ենք այնպիսի մի իրավիճակի առջև կանգնել մոտ ապագայում, որ մեր պատմության դասագրքերում ստիպված լինենք գրել այն մասին, թե ժամանակին ինչքան բարյացկամ են եղել մեր ժողովրդի հանդեպ ադրբեջանցիները, որ մեզ՝ թափառական ու կիսավայրենի հայերիս, թույլ են տվել «Արևմտյան Ադրբեջանի» տարածքների վրա հիմնել մեր պետականությունը, ու ճիշտ կլինի, որպեսզի մենք երկար չչարաշահենք նրանց բարությունն ու ինքնավար մարզի կարգավիճակով նորից վերադառնանք «Մայր Ադրբեջանի» կազմ, ու այսպես շարունակ…

Այնպես որ, կամ ընտրում ենք այս խայտառակությունը, կամ էլ սկսում ենք ինքներս մեզ ու նաև աշխարհին պատմել այն մասին, որ մենք ենք ամենաուղիղ ժառանգորդը այն հնագույն, այսպես կոչված, արիական հզոր մշակույթի, որի վրա ձևավորվել է մարդկային քաղաքակրթությունը ընդհանրապես, և որի կողմից սահմանված գիտական, գեղագիտական ու բարոյական օրիենտիրներից որոշ խելագարներ այսօր փորձում են նահանջել (որի արդյունքում մարդկությունը կհայտնվի կատարյալ կրախի առջև):

Վերջապես, հարկավոր է, առանց ամաչելու, խոսել քաղաքակրթության ակունքներում մեր հաստատուն ու ամենագլխավոր տեղը ունենալու մասին. դա հակագիտական մոտեցում չի, ինչպես որոշ կիսատ-պռատ գիտնականներ պնդում են այդ ամենի հետ կապված, այլ ընդհակառակը. իսկական պատմագիտությունը հենց դա է, որ կա, և հենց դրա մասին են վկայում բոլոր հնագույն սրբազան տեքստերն անխտիր, բոլոր աղբյուրները՝ Միջագետքից ու Եգիպտոսից սկսած, մինչև Արևմտյան Եվրոպա կամ Սիբիր ու Հնդկաստան: Հնագույն ժամանակներում Երկիր մոլորակի վրա եղել է զարգացած գլոբալ քաղաքակրթություն, որի հետքերը կան ամենուրեք, և որը ստեղծվել է այն մարդկանց կողմից, որոնց հետնորդը համարվելու իրավունքն այսօրվա աշխարհում միայն մենք ունենք. ո՛չ չինացիները, ո՛չ հույները, ո՛չ պարսիկները, ո՛չ ասորիները, ո՛չ հրեաները, ո՛չ սլավոնները, ո՛չ մեկը, միայն մենք՝ հայերս ունենք այդ իրավունքը:

Եվ հենց դա պիտի համարվի աշխարհին ներկայանալու մեր ամենագլխավոր բրենդը, այլ ոչ թե առաջին քրիստոնեություն ընդունած, չգիտես՝ ինչ արած, Ազնավուր ու Քրքորյան, Շեր ու Քարդաշյան, Միշա Գալուստյան, Մարգո ու Վարդանիկ (թավիշ-մավիշների և գմփ-գմփ հու-երի մասին էլ չեմ խոսում)… Ամոթ է վերջապես:

Իհարկե, մեր միջնադարյան վանքերն ու ամրոցները (որոնք, ի դեպ, մինչ օրս ավերակ ու անխնամ վիճակում են, կարծես թե այստեղ դեռ թուրք քոչվորներն են իշխում), մեր մագաղաթյա մատյանները, խաչքարերը, հնամենի կահ-կարասին, գորգերն ու մեր անկրկնելի խոհանոցը նույնպես մեր ժողովրդին խիստ ներկայանալի են դարձնում ու չտեսնված բրենդ կարող են լինել մեր երկրի համար, սակայն մարդկային քաղաքակրթության ակունքներում մեր նախնիների մեծագույն դերակատարության փաստը պիտի դառնա մեր երկրի ու ժողովրդի՝ աշխարհին ներկայանալու հիմնական բրենդը: Եկել է ժամանակը, որպեսզի մենք թոթափենք թշնամիների կողմից մեր մեջ ներարկված փոքրությունը, ու ինքներս մեզ և աշխարհին ներկայանանք որպես մեծագույն քաղաքակրթության կրողներ կամ գոնե կրողների հետնորդներ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը