Կարծիք

24.04.2019 14:18


Զարմանալի է, բայց փաստ

Զարմանալի է, բայց փաստ

Ժամը 12-ի դրությամբ Հայաստանի կառավարության ղեկավարը` դե ֆակտո առաջին պաշտոնյան, որքան էլ անհավատալի է, չէր հասցրել ուղերձով դիմել հայ ժողովրդին եւ «ձեւակերպել» իր վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ։

Համենայն դեպս, լրահոսում որեւէ խոսք չկար այդ մասին։ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում` նույնպես։ «Նոր Հայաստանի» բարձրաստիճան մյուս պաշտոնյաները` ԱԺ նախագահի գլխավորությամբ, նմանապես համեստորեն լռում էին։

Բոլթոնի ականջը կանչի` «հնացած» կարծրատիպը, երբ իշխանության վերին էշելոնների, քաղաքական եւ տնտեսական վերնախավի առանցքային դեմքերը, իրար հերթ չտալով, իրենց «սրտի խոսքը»` ապրիլքսանչորսյան ուղերձն էին հղում աշխարհասփյուռ հայությանը, կարծես մնացել է «հին Հայաստանում»։

Միակ բարձրաստիճան այրը, որ «շտապել էր» ուղերձով դիմել հայությանը եւ դատապարտել հայերի, մեծ հաշվով` մարդկության դեմ կատարված այդ ոճրագործությունը, նախագահ Արմեն Սարգսյանն էր։

Ժ.12.35-ին վերջապես ավետիս ստացանք, որ Փաշինյանը բարեհաճել է պաշտոնապես անդրադառնալ օրվա խորհրդին։ Այս դեպքում էլ` խիստ «ինքնատիպ» շեշտադրումներով․ թվարկելով Հայոց Ցեղասպանության «առանձնահատկությունները», այսպիսի հարցադրում է արել. «Մի՞թե սա հանցագործություն չէր մարդկության դեմ»։ Ինչից կարելի է հետեւություն անել, որ այդ հարցի պատասխանն այնքան էլ միանշանակ չէ...

Փառք Աստծո, որ «Իմ քայլը» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ հայտնի տիկինն ու իր բարձր հովանավորությունը վայելող «կապտամազիկները» չեն հասցրել պղծել Ցեղասպանության զոհերի հիշատակը թրքա(ադրբեջանա)սեր իրենց գրառումներով։

Չնայած`սրանց շատ չկա. դեռ կարող են զազրախոսել, թե`«սա մեր ամոթի (խայտառակության) օրն է»։ Կամ`սեւով սպիտակի վրա գրել. «Ծամեք ձեր նահատակների կաշին, ու պրծեք»...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը