Լրահոս

24.04.2019 12:00


Ավ. Իսահակյանը պատրաստ սպասում էր. եթե Թեհլերյանը չկարողանար սպանել, նա էր սպանելու Թալեաթին

Ավ. Իսահակյանը պատրաստ սպասում էր. եթե Թեհլերյանը չկարողանար սպանել, նա էր սպանելու Թալեաթին

Հայ մեծ գրող, մտավորական, մեծ հայրենասեր ու մեծ հայ Ավետիք Իսահակյանը, երկար տարիներ ապրելով Հայաստանից հեռու, այդպես էլ չդադարեց մտածել հայերեն, հայերի ու հայրենիքի մասին: Իսահակյանի մասին փաստերը պետք է բաժանել երկու խմբի՝ հայտնի և ոչ լիովին հայտնի:

Ցավոք, Իսահակյանի ամբողջ գործունեությունը չէ, որ բացահայտված է, բայց բացահայտվածներն էլ պակաս կարևորություն չունեն:

Իսահակյանը երկար տարիներ ապրել է Շվեյցարիայում և Գերմանիայում, որի պատճառը պարզ էր: Նա ՀՅԴ Ալեքսանդրապոլի կոմիտեի անդամ էր, համարվում էր Ցարական Միապետության դեմ պայքարող, մի քանի անգամ ձեռբակալվել էր ու աքսորվել, հետևաբար նրա կյանքը այլևս վտանգված էր հայրենիքում:

Դեռևս 1914թ-ին Բեռլինում ստեղծվում է Գերմանահայ ընկերություն՝ մեծ հայասեր Յոհաննես Լեփսիուսի գլխավորությամբ: Իսահակյանը դառնում է ընկերության քարտուղարը: Նա Եվրոպայում փորձում էր միջոցներ գտնել հայրենակիցներին օգնելու համար: Բայց շուտով մեկը մյուսի հետևից սարսափելի լուրեր է ստանում հայրենիքից կոտորածների մասին. Սիամանթոն, Դանիել Վարուժանը և մյուս հայ մտավորականները սպանված էին: Իսահակյանի հարսը հետագայում պատմում է, որ օրերով չէր խոսում: Իսահակյանը հաճախ իր մտքերը կիսում էր իր հարսի հետ: Իսահակյանի խորը ապրումների մասին են վկայում նաև նրա այդ շրջանի գրած բանաստեղծությունները:

Մեծ հայրենասերի ծավալած գործունեության շատ մանրամասներ բացահայտվեցին բանաստեղծի մահվանից տասնյակ տարիներ անց և հիմնականում նրա անձնական նամակներից: Պահպանվել են Շահան Նաթալիի նամակները Իսահակյանին, որտեղ նա դիմում էր նրան ուղղակի Ավո: Շահան Նաթալին «Նեմեսիս» օպերացիայի հիմնական կազմակերպիչներից էր համարվում: Հետագա փաստերը ցույց տվեցին Իսահակյանի` ոչ միայն Շահան Նաթալիի, այլ նաև «Նեմեսիս» օպերացիայի հետ ունեցած կապը:

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին դատապարտեցին մահվան, և քաղաքական հուզումներից խուսափելու համար անգլիական կողմը նրանց տեղափոխեց Մալթա, որ այնտեղ իրականացնի նրանց մահապատիժը հանգիստ պայմաններում: Սակայն այնտեղ նրանց փոխարինեցին անգլիացի բանտարկյալների հետ և ազատ արձակեցին:

1919թ-ին արդեն սկսվեց կազմավորվել հայ վրիժառուների խումբը և մշակվել հատուկ օպերացիա, որը անվանվեց «Նեմեսիս»: Վերջին տարիներին միայն բացահայտվեց Իսահակյանի ու Նեմեսիս օպերացիայի կապը: Բայց փաստերը նաև մատնանշում են այն հանգամանքին, որ Իսահակյանը ոչ միայն կապ ուներ, այլ հենց ինքն էր կազմակերպիչներից և ոգեշնչողներից մեկը, նա էր ֆինանսական միջոցներ հայթայթում գործողություններն իրականացնելու համար:

Սողոմոն Թեհլերյանը, որ նույնպես մասնակցում էր օպերացիային, ուղարկվում է Բեռլին: Նրան տեղեկացնում են, որ Բեռլինում նրան է սպասելու Ավետիք Իսահակյանը: Բեռլինում արդեն Թեհլերյանը ստանում է Շահան Նաթալիից հետևյալ գրությունը. «Կը պայթեցնես գանգը թիւ 1 ազգասպանին եւ չես էլ փորձեր փախչիլ. Կը կանգնես տեղդ, ոտքդ սատակին վրա ու կը յանձնուիս ոստիկաններուն, որոնք կու գան ու կձերբակալեն քեզ»:

Բեռլինում Թեհլերյանի հետ Թալեաթ Փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը: 1921թ-ի մարտի 15-ին Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին: Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում:

Իսահակյանի ցանկությամբ այս և մյուս բոլոր փաստերի մասին գրեթե չխոսվեց: Միայն կան կցկտուր վկայություններ անձնական արխիվներում և նամակներում: Բանաստեղծի գործունեության մասին գիրք գրեց հետագայում նրա որդին՝ Վիգեն Իսահակյանը՝ վերնագրելով գիրքը «Հայրս»: Գիրքը հրատարակվեց Ավետիք Իսահակյանի թոռան՝ Ավիկ Իսահակյանի կողմից:

Ավետիք Իսահակյանը Թալեաթին հետևել է ոչ միայն Բեռլինում: Ահա 1919 թվականի նոյեմբերի 26-ին Վահան Զաքարյանին Ժնևից հղված նամակում գրում է. «Վերջերս Բեռլինի գազանը, հրեշը մի քանի օրով եկած է եղել Զվեցարիա, մինչև իմացանք, արդեն վերադարձել էր Բեռլին: Ժողով են ունեցել Բեռն…նույն անունով էր եկել, ինչ-որ Բեռլին ուներ»:

Թալեաթի սպանությունից հետո դատավարությանը Իսահակյանը ուշի-ուշով հետևում էր և դատավարությունից հետո գրառում. «Սողոմոնի հետ փողոց կիջներ ոչ միայն ինքը. ան ինքը չէր, որ փողոց կիջներ. իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա կտաներ իր առջև դրոշակը ամբողջ ժողովրդի պատվին…»:

Այս մասին վկայում է նաև Վիգեն Իսահակյանը. «Մենակ մի զգացում էր տիրում նրա (Ավետիք Իսահակյանի- Ա. Գ.) հոգում` վրեժխնդրության զգացումը: 1919թ. աշնանը նա երեք ամսով Բեռլինում էր, նրան մի գաղտնի հանձնարարություն էին տվել: Վրեժով լցված հայ տղերքի հետ պիտի հետևեր հայ ազգի դահիճ Թալեաթ փաշային, որը ուրիշի անվան տակ թաքնվում էր Բեռլինում և շարունակ բնակարաններ էր փոխում: Ինչպես գիտենք, այս հրեշն իր արժանի պատիժն ստացավ. քաջ Սողոմոն Թեհլերյանը ինչպես մի կատաղած շուն սատկացրեց նրան Բեռլինում` ասֆալտի վրա: Եվ հայրս հատուցման այդ սուրբ գործում նույնպես ուներ իր ավանդը»:


Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին: Վարպետը հարսին` Իզաբելլա Իսահակյանին բազմաթիվ մանրամասներ է պատմել Թալեաթի սպանությանն իր մասնակցության մասին: Նույնիսկ կարծիքներ կան, որ սպանությունը նախապես հանձնարարված է եղել բանաստեղծին: Իսահակյանի պատմածից հայտնի է դառնում, որ Բեռլինում բազմիցս հանդիպել է Թեհլերյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները: Հավանաբար, այս զննումները 1921 թվականի սկզբներին Բեռլինում հաստատված և Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ ներկայացող Թալեաթին հայտնաբերելու համար են եղել:

Այն, որ Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում, հաստատում են նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակներն ու գրառումները: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի՛ Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ: Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա: Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»:

Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922-ի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պետրոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային:

Այս խորագրի վերջին նյութերը