Կարծիք

29.03.2010 13:09


Երբեք մի՛ զիջեք ձեր երազանքը

Երբեք մի՛ զիջեք ձեր երազանքը

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի զեկույցը 2010թ. մարտի 1-ին Վաշինգտոնում անցկացված' «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. անկախությունից 20 տարի անց» խորագրով Հայաստանի քաղաքականության ֆորումի երկրորդ տարեկան համաժողովում:

Ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Ջորջթաուն համալսարան' շատ կարեւոր ուսումնական մի օջախ այնպիսի նշանավոր մայրաքաղաքում, որը մշտապես առանցքային դեր է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի արդի պատմության ընթացքում: Ջորջթաուն համալսարանի իրավաբանական կենտրոնի շրջանավարտիս համար առավել հաճելի է վերստին լինել այս նվիրական դահլիճում' չնայած արդեն չեմ ուզում հիշել, թե որքան ժամանակ է' այստեղ չեմ եղել:

Բայցեւ պետք է խոստովանեմ, որ մի տեսակ կաշկանդված եմ ինձ զգում այսօր այստեղ' հատկապես այսպիսի հարգարժան լսարանում: Իրականում ես հիշեցի մի զրույց, որը, ըստ զվարճապատումի, տեղի է ունեցել հայկական Աշտարակ-Գյումրի մայրուղուն մերձ դաշտում արածող երկու կովերի միջեւ: Տեսնելով իրենց կողքով սլացող կաթնատար մեքենան, որի վրա գրված է' «պաստերացված, հոմոգենացված եւ D վիտամինով հագեցած», կովերից մեկը շրջվում է մյուսի կողմը եւ ասում. «սա քեզ ստիպում է մի փոքր թերարժեք զգալ, այնպես չէ՞»:

Ահա մոտավորապես այդպես եմ ինձ զգում' գտնվելով գիտնականների, դեսպանների եւ պրոֆեսորների միջավայրում, եւ հատկապես' երիտասարդ սերնդի, որն իր մեջ ամբարում է մեծ հեռանկար Հայաստանի ու նրա ապագայի համար: Իմ կարծիքով' հիմնական զեկույցը ոչ այլ ինչ է, քան հանրագումար: Նրանց համար, ովքեր ներկա էին այս ֆորումի ողջ ընթացքում' երեկ երեկոյան կազմակերպիչների նոր զեկույցի ներկայացումից եւ այսօրվա երկու նիստերից սկսյալ, ակնհայտ է, որ մենք ունենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նկատմամբ քննադատական մոտեցման եւ քաղաքական խոր վերլուծությունների հակված մի նոր սերունդ: Եվ Հայաստանի անկախության գրեթե երրորդ տասնամյակի նախաշեմին' ակնկալելով ապագայի միասնական կամ համակարգված տեսլականի կամ ծրագրի մշակում, կարծում եմ' դրա մարտահրավերն այս համաժողովում քննարկվող քաղաքական դեղատոմսերը եւ «սրտերն ու մտքերը» քաղաքական գործընթաց դարձնելն է:

Հայաստանն ու Սփյուռքը իրականում այնքան տարբեր են միմյանցից, որքան որ նման են: Մենք գիտենք, որ անդրազգային, գլոբալացված երրորդ հազարամյակում Հայաստանն ու Սփյուռքը թե՛ հայեցակարգային եւ թե՛ բառացի իմաստներով ընդհանուր ինքնություն ունեն. Հայաստանը դարձել է Սփյուռքի մաս, Սփյուռքը' Հայաստանի, ուստիեւ հայ ազգի մարտահրավերները, դժբախտություններն ու հեռանկարները մեծապես կապված են զարգացող այն երկխոսության հետ, որն առկա է  Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս, ինչպես նաեւ Սփյուռքի տարբեր հատվածների ու մեկ Հայաստանի Հանրապետության միջեւ: Շատ խորհրդանշական է, որ Քաղաքականության ֆորումը տեղի է ունենում այն եռյակ օրերի ընթացքում, որոնք շատ բան են նշանակում մեզ համար հայոց պատմության մեջ: Քսաներկու տարի առաջ' փետրվարի 27-28-ին, ադրբեջանական Սումգայիթ քաղաքի հայկական համայնքը հարձակման թիրախ դարձավ իր ինքնության' հայ լինելու համար, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմականացումն ու Արցախի' ազատության եւ ինքնորոշման փնտրտուքը, ըստ էության, նոր ձեւ ընդունեցին. իբրեւ պատմության մեջ Ցեղասպանություն ու հայրենազրկում վերապրած ազգ' նրանք կրկին ենթարկվեցին □պոգրոմների□ եւ զոհաբերության, ինչպես նաեւ առերեսվեցին մահացու եւ բռնի պատժի ուրվականին' միմիայն իրենց ինքնության համար:

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը' մարտի 1-ին, Երեւանի կենտրոնում մենք' հայերս, ենթարկվեցինք շատ ամոթալի, նախագահածին մի ողբերգության, որը տասը համաքաղաքացիների կյանք խլելուց զատ, սասանեց հավատն ու վստահությունը մեր ազգի եւ այն արժեքների ու չափանիշների նկատմամբ, որոնք մեզ են փոխանցվել ծնողներից եւ նախապապերից' իբրեւ ավանդույթ ու պատգամ: Մենք հիշում ենք զոհվածներին' Հայաստանի սահմանից անդին եւ բուն Հայաստանի ներսում, եւ մեր ձեւով ասում ենք' այլեւս երբեք թող չկրկնվի: Այլեւս երբեք, քանի որ Հայաստանի հաջողության գրավականը, նրա անամպ ապագան, արտաքին քաղաքական նպատակները հաջող կենսակոչելու' Հայաստանի ունակությունն ուղղակի պայմանավորված է մեր երկրում կյանքի որակի լավացման, ժողովրդավարության խորացման եւ օրենքի գերակայության կիրառման հանգամանքով: Մենք հիշում ենք եւ պետք է ջանանք' այլեւս թույլ չտալու ողբերգություն թե՛ մեր սահմանների ներսում, թե՛ դրանցից դուրս, որտեղ հայոց իրավունքներից յուրաքանչյուրի եւ բոլորի պաշտպանությունը խնդրահարույց է կամ' հարձակման ներքո:

Եվ վաղը' մարտի 2-ին, Հայաստանի' Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելու եւ դեպի ազգերի մեծ ընտանիք Հայաստանի ինքնիշխան մուտքի տասնութերորդ տարեդարձի օրն է: Շատ ուրախ եմ, որ դեսպաններ պարոն Շուգարյանը, պարոն Պապյանը եւ հանրային շատ այլ ծառայողներ այսօր այստեղ մեզ հետ են, ինչպես նաեւ հայրս' Արդի հայոց պատմության ամբիոնի դեկան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, ով ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության պատմական օրվա ականատեսն է եւ մեկը նրանցից, ովքեր խիստ մտահոգ են, որպեսզի հայոց պատմության ողբերգական էջերն այլեւս չկրկնվեն:

Կարծում եմ' այսօրվա մեր ելույթներով կարմիր թելի նման անցնող մարտահրավերն այն է, թե ինչպես առաջ շարժվել' զերծ մնալով սեփական հատվածապաշտությունից եւ հասնելով ամբողջական, ներառական քաղաքականության մի գործընթացի, որն անպայման չէ դնել կառուցվածքաստեղծ հիմքի վրա, թեպետ նոր կառուցվածքների շուրջ զրույցները շատ են: Քաղաքականություն, որն իրացնում է մեր ազգի ներուժը եւ գործնական արդյունք է տալիս Հայաստանում եւ Սփյուռքում:

Մենք, որպես ազգ, քաղաքակրթության երկար ճանապարհ ենք թողել ետեւում, սակայն պետականակերտման փորձը մեզանում սակավ է, եւ մենք դեռեւս չենք գտել այն բանաձեւը, որով հնարավոր լինի անհատական տաղանդի անսպառ հարստությունը հավաքական հաջողության վերածել Հայաստանում եւ արտերկրում: Իհարկե, սա իրականացնելու եւ համատեղ ինստիտուցիոնալացված որոշում կայացնելու համար հարկավոր է ի մի բերել մտավորականների, մասնագետների եւ, հատկապես, մեր երիտասարդության ներուժը' նրանց ընձեռելով անհատապես ու արհեստավարժորեն որոշումների ընդունման գործընթացում ներգրավվելու, ռազմավարությունն ու մարտավարությունները սկզբից եւեթ տարբերակելու ու նաեւ պատասխանատվության բաշխմանը մաս կազմելու հնարավորություն:

Քաղաքականության ձեւավորման ու իրականացման իրավունքը եւ դրան տիրոջ զգացումով մասնակցելը շատ կարեւոր են նոր սերնդի համար: Սա այն սերունդն է, ում համար արդի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պետք է պայքարի. պայքարի նրանց ռեսուրսները, աջակցությունը եւ ներդրումները ներգրավելու համար, որովհետեւ սա աշխարհի սերունդն է, ով կոչված է շատ պահանջներ դնել եւ բազում ընտրություններ կատարել: Ու նաեւ այս խորապատկերին Հայաստանը պետք է մրցունակ լինի:

Կարեւոր է, որ մենք դավանենք պետականակերտման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման հնարավորինս բարձր չափանիշներ: Պատմության ընթացքում շատ կորուստներ կրելուց հետո մենք չպետք է որոնենք զարտուղի ճանապարհներ, հեշտ կամ վթարային ելքեր:

Որքան էլ դժվար' ինքնաքննադատական ախտորոշումը միշտ էլ օգտակար է, եւ վերջին երկու օրերի ընթացքում մեր ունկնդրած ելույթների հիման վրա գալիս ենք եզրակացության, որ իսկապես խնդիրներ ունենք' կապված ճիշտ կառավարման եւ հաշվետվողականության հետ' մասնավորաբար Հայաստանի Հանրապետությունում, ինչպեսեւ Սփյուռքում եւ, վերջին հաշվով, Հայրենիքի հետ Սփյուռքի տարբեր հատվածների ու ենթահատվածների հարաբերություններում:

Հայաստանում չկա օրենքի իրական կիրառում' դույզն իսկ հավասար եւ արդար ձեւով: Դեռ հեռու է այն օրը, երբ կկարողանանք ասել' այո, Հայաստանում կա օրենքի գերակայություն' անկախ հարստությունից, իշխանությունից կամ ազդեցությունից: Ցայսօր գործում է որոշումների կայացման հետխորհրդային «ուղղահայացը», որով պետական իշխանությունները եւ կառավարության լիազորությունները ենթակա չեն որեւէ զսպման, հակակշռման կամ տարանջատման' գործադրի ձեռքում կենտրոնացած մի համակարգ, որտեղ «հեռախոսային» արդարադատությունը շարունակվում է բացասաբար անդրադառնալ նրանց վրա, ովքեր արդարություն են որոնում Հայաստանի Հանրապետությունում: Մի համակարգ, որը թույլ է տվել քաղաքական բանտարկյալների առկայություն' այլախոհության համար, համակարգ, որտեղ գերիշխող են մենաշնորհներն ու օլիգոպոլիաները, եւ որտեղ Հայաստանի պատմության հին նախարարական, այն է' ավատատիրական համակարգը պահպանվում է Հայաստանի մարզերում ու գյուղական վայրերում: Հանրային պարտականության եւ անձնական շահերի բախումը համատարած է, այն ներթափանցած է կյանքի բոլոր բնագավառները, եւ սկսվում է բուրգի ամենավերեւից' իջնելով մինչեւ ստորոտը: Ուրեմն' ամեն ոք, ով սիրում է խոսել դեղատոմսերի, ռազմավարության եւ ծրագրերի մասին, պետք է լծվի գործի եւ կիրառի օրենքի գերակայությունը' սկսելով վերից, որովհետեւ հենց այնտեղ է հայաստանյան կոռուպցիայի, կաշառակերության եւ շահերի բախման ակունքը: Եվ արատավոր այդ երեւույթները մեկընդմիշտ արմատախիլ անելու համար մեզ նախեւառաջ հարկավոր է հանրային կոնսոլիդացման նոր մեթոդաբանություն:

Միգուցե հեշտ է նստել Հայաստանում եւ, որպես ՀԿ, առաջարկել քաղաքական դեղատոմսեր' մեկը շրջակա միջավայրի, մյուսը' մարդու իրավունքների, երրորդը' արտաքին քաղաքականության ու հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում, հավաքվել Վաշինգտոնում կամ այլուր, որտեղ եւս ունենք շատ խելացի, Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանց մտքեր: Հարց է առաջանում. «ինչպե՞ս ենք մենք իրականացնելու այդ ներուժը»: Մի՞թե յուրաքանչյուրը' քայլելով իր նեղ արահետով, առաջ մղելով իր փոքր ծրագիրը (որը շատ կարեւոր է, ինձ սխալ չհասկանաք, այն Հայաստանի ու նրա ապագայի համար նշանակալից ավանդ է), սակայն «չտեսնելով» ավելի մեծ պատկերը, ինչը թույլ չի տալիս, որպեսզի բաժանումները կամրջվեն եւ Հայաստանի խնդիրների համար գտնվեն համատեղ քաղաքական ու սոցիալական լուծումներ:

Թերեւս քաղաքականապես կոռեկտ չէ այսպես ասելը, բայց այն, ինչի մասին խոսում ենք' արդյունքների ձեռքբերումն է: Եվ Հայաստանում մենք չենք կարող ձեռք բերել այդ արդյունքները մեր սերնդի օրոք, եթե լուծումը քաղաքական չէ, եւ քաղաքականություն իրականացնողներն անհաղորդ են իրենց ընտրողների եւ վստահորդների կարիքներին ու խնդիրներին թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում:

1995 թվականից ի վեր, ինչպես գիտենք, չի եղել իշխանության փոխանցում ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Բոլոր երեք վարչակազմերում քաղաքացու' ընտրողի իրավունքը ոտնահարվել է, ժամանակ առ ժամանակ էլ խլվել' ահաբեկմամբ եւ ուժի բացահայտ կիրառմամբ: Եվ իշխանությունը, աննշան բացառություններով, վերարտադրել է ինքն իրեն: Կեղծիքներ, բռնություններ, քաղաքացիների իրավազրկում. սրանք այն բոլոր խնդիրներն են, որոնք ի հայտ են եկել Հայաստանի անկախության այս երկու տասնամյակում:

Ի՞նչ ենք մենք մտածում: Լուսավորյալ մի ազգ, որ ողբերգական մեր պատմության պատճառով սփռված է աշխարհով մեկ եւ մոտավորապես երկու տասնամյակ ականատեսն է ու հանդուրժում է սեփական քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքը, մինչդեռ քաղաքացին եւ նրա լիազորումն առանցքային են ոչ միայն լավ կառավարման եւ Հայաստանի ապագայի համատեքստում, այլեւ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության նպատակներին հետամուտ լինելու առումով:

Երբ ընտրությունների ընթացքում մենք շրջում ենք գյուղեգյուղ' լինի դա «Ժառանգություն» կուսակցությունը, մեր ընդդիմադիր գործընկերները ՀՅԴ-ից կամ ՀԱԿ-ից, անգամ նրանք, ովքեր կոալիցիայի մեծամասնական կուսակցություններից են, գոնե մեզ համար այդ դռները թակելիս գլխավոր նպատակը հայ քաղաքացուն համոզելը չէ, որ անպայման քվեարկի մեր օգտին, այլ այն, որ ընդհանրապես դուրս գա քվեարկելու եւ ասի. «գիտե՞ք, ես կարող եմ փոփոխություն մտցնել, ես այս երկրին ու նրա ապագային եմ պատկանում»: Հայ հասարակությանը պարտադրված այդօրինակ ընկճախտը, անտարբերությունն ու ճակատագրապաշտությունը, ըստ իս, Հայաստանում, հայրենի քաղաքական դաշտում եւ, վստահ եմ, նաեւ Սփյուռքում մեր սերնդի գլխավոր մարտահրավերն են:

Կարեւոր մեկ այլ խնդիր, որ քննարկվեց, եւ որին անդրադարձ կա նաեւ Քաղաքականության ֆորումի զեկույցում' խնդիր, որի լուծումը մեր սերունդը պետք է գտնի, եկեղեցի-պետություն հարաբերություններն են: Ես Հայ առաքելական եկեղեցու անդամ եմ, մկրտվել եմ այդ եկեղեցում, այդտեղ ամուսնացել եմ, եւ այդ ավանդույթը մեզ է փոխանցվել սերնդեսերունդ: Եկեղեցին պետք է զերծ մնա քաղաքականացվելու գայթակղությունից: Պետությունն ու եկեղեցին պետք է տարանջատվեն, եւ եթե մինչեւ հիմա եկեղեցու քաղաքականացվածության հիմնական թիրախը Անթիլիասի Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի եւ Դաշնակցություն կուսակցության ուղղությամբ էր, ապա այժմ դա ինչ-որ առումով արդեն հնացող թեմա է: Հիմա, ինչպես նշված է զեկույցում, քաղաքականացման վտանգը մեծ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ծառայության ներքո գտնվող գոնե որոշ շրջանակներ մասնակցում են իշխանական գործընթացներին' ի վնաս եկեղեցու եւ հայ ժողովրդի: Մարտի 1-ին, երբ ցուցարարներն ու ոստիկանությունը գտնվում էին բեւեռացված հասարակության բաժանարար գծի տարբեր կողմերում, միայն «Ժառանգության» իմ գործընկերները չէ, որ պետք է կանգնած լինեին այնտեղ' կանխելու եղբայրասպանությունը, մեր ժողովրդի երկու հատվածների առճակատումը. այնտեղ եւ ամեն ինչից վեր պետք է կանգնած լիներ Մայր եկեղեցին:

Ցավոք, գաղափարների բազմազանության եւ մրցակցության վրա խարսխված միասնական կամ համակարգված քաղաքականության զարգացման փոխարեն մենք ունենք բոլորովին այլ բան, եւ ես մեջբերում եմ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի' Հայաստանի ներկայիս իրադարձություններին առնչվող վերջին զեկույցից: Սա ձեզ համար նորություն չէ.

«Հայաստանի ներքին քաղաքականությունը տակավին կաշկանդված է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ակնհայտ փակուղիով եւ քաղաքական երկխոսության ամլությամբ, որում անձնավորված եւ ծառայամիտ քաղաքականությունները գերակայում են ազգային շահերի քաղաքականության նկատմամբ: Առավել մտահոգիչն այն է, որ հայ հասարակությունը դեռեւս բեւեռացված է մնում 2008թ. չհանգուցալուծված հետընտրական ճգնաժամի պատճառով, իսկ իշխանությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում արձագանքել իրական փոփոխությունների համատարած պահանջներին: Հաշվի առնելով լեգիտիմության պակասը եւ կառավարելու' ժողովրդական մանդատի բացակայությունը, հայաստանյան իշխանությունները գնալով ավելի ու ավելի են ապավինում արտաքին հաջողության ապահովմանը: Սակայն, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունները □կարգավորելու□ դիվանագիտական ջանքերի առաջընթացը հունվարին գոնե արտաքուստ կտրուկ կանգ առավ, եւ Լեռնային Ղարաբաղի հարցում որեւէ իրական առաջխաղացում ավելի հեռու է թվում, քան երբեւէ, Հայաստանում այս տարվա սկզբին փոքրիկ հույս առկայծեց, որ Հայաստանի իշխանություններն ի վերջո կկարողանան լեգիտիմության այնքան իրենց անհրաժեշտ չափաքանակ ապահովել կամ էլ հաջողություն գրանցել արտաքին քաղաքականության բնագավառում: Ավելի երկարաժամկետ կտրվածքով, սակայն, երկրի ահագնացող սոցիալ-տնտեսական անջրպետը, ունեցվածքի եւ եկամտի միջեւ հետզհետե մեծացող բաժանումը եւ բյուջեի պակասուրդի ու ստվարացող արտաքին պարտքի հավելյալ ճնշումը շատ ավելի լուրջ սպառնալիք դարձան Հայաստանի կայունության ու անվտանգության համար: Այսպիսի ուժգին տնտեսական ճնշման ամենավերջին նախանշանը աճող արժեզրկման եւ առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների ու լայն տեսականու իրերի թանկացումների նոր միտումն է»: Սա նաեւ մատնանշում է ռազմավարական եւ կառուցվածքային պակասուրդի խնդիրները, քանի որ «հունվարին չտեսանք ոչ մի բարելավում ներդրումների կամ դրամական փոխանցումների մակարդակում, իսկ կառավարությունը, թվում է, դեռ չի ցանկանում կամ ի վիճակի չէ ընդունել արմատացած կաշառակերության եւ կամայական հարկահավաքության մարտահրավերը»:

Հեշտ է գրանցել, թե ինչ է մեզ անհրաժեշտ: Պատասխանները, կարծում եմ, պետք է առաջադրվեն ձեր իսկ ելույթներում եւ ներկա ֆորումի ձեւաչափով Սփյուռքի այլ վայրերում ու Հայաստանում անցկացվելիք միջոցառումներում' մեր օրակարգը փոխակերպելով, հայոց ծրագրին արդի խորություն եւ ուրվագիծ տալով, այն պատմական գոյատեւման եւ ազգային կայունության ավանդական դրույթների վրա կառուցելով, բայցեւ դրանում ներառելով ստեղծարար որոնումների եւ ուղենշային մասնակցության վրա հիմնված օրախնդիր դիտանկյունները, որտեղ հայերն ու մեր համայնքները կլծվեն քաղաքականության իրագործման հրամայականին եւ ոչ թե միմյանց հրմշտելով կփութան ՀՀ նախագահի կամ ԱՄՆ պետքարտուղարի հետ լուսանկարվելու համար:

Սրանք լուրջ խորհրդածության առիթ են, եւ եթե ուզում ենք հաջողության հասնել, ապա պետք է մեկտեղենք ազգային ու ժողովրդավարական օրակարգերը' Արցախ եւ արտաքին քաղաքականություն, զարգացման առաջնահերթություններ, օրենքի գերակայություն' եւ ոչ թե սին կարգախոսների կամ բարձրագոչ բառերի մակարդակով, այլ որպես Հայաստանի Հանրապետության հասունացած պահանջ, ժողովրդավարության խնդիրներ ու ենթակառուցվածքային ծրագրեր: Բոլորս հպարտ ենք Գորիս-Ստեփանակերտ մայրուղու համար, որը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սակավաթիվ շոշափելի արդյունքներից մեկն է: Բայց դրանից բացի, կան էներգետիկ խնդիրներ, ինչպես նաեւ Հայաստանի' ցամաքով շրջափակված կարգավիճակը ճեղքելու ստեղծարար եւ արդի ուղիներ, որտեղ կարող է փորձարկվել Հայաստան-Սփյուռք իրական համագործակցությունը: Կային որոշ այլ հնարավորություններ' թե Թուրքիայում, թե Վրաստանում ձեռք բերելու նավահանգստային համալիրներ եւ ենթակառուցվածքային բազմազանություն, ինչը մենք բավականաչափ կարեւոր չհամարեցինք մեր օրակարգում ընդգրկելու համար:

Այս փոխակերպումը, որը ոչ ռեւոլյուցիա է, ոչ էվոլյուցիա, պահանջում է նոր ազգային պարադիգմ' հիմնված մարդկային հիմնարար արժեքների (իսկ մարդու հիմնարար արժեքներում ապազգային ոչինչ չկա), ազգային կենսունակ շահերի, անձի ազատության եւ ազատ կամարտահայտման, ժողովրդավարական մասնակցության եւ կառավարման վրա: Մեր ներքին վարքագիծն ուղղակի ազդում է արտաքին քաղաքականության նպատակների արտահայտման եւ իրագործման մեր կարողությանը: Այստեղ է, որ քաղաքացիական հասարակությունը, Սփյուռքի համայնքներն ու յուրաքանչյուր բարեխիղճ եւ գիտակից հայ անհատ կարող են ներդրում ունենալ իրական ծրագրերի շրջանակներում, որպեսզի Հայաստանում ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ քաղաքացին թագավորում է, իսկ իրավունքները ղեկավարում են երկիրը:

Մենք պետք է կարգի բերենք մեր սեփական տունը' առանց այնտեղից փախուստի ելք փնտրելու: Եթե աշխարհից արդարություն ենք ակնկալում մեր պատմությունը, մեր իրավունքներն ու մեր ժառանգությունը ճանաչելու առումով, ապա մենք էլ պետք է արդարություն հաստատենք մեր տանը: Եվ երբ մենք դա անենք, հավատացնում եմ' այդժամ մեզ համար ավելի հեշտ կլինի, եւ կկարողանանք ավելի արդյունավետ կերպով կիսել աշխարհաքաղաքականության, մարդու իրավունքների ու աշխարհում Հայաստանի տեղի վերաբերյալ մեր մոտեցումներն ու դիրքորոշումները ԱՄՆ-ի, Արեւմուտքի եւ բոլոր երկրների մեր գործընկերների հետ:

1915 թվականին մենք միայն մեր մեկուկես միլիոն նախնիներին չկորցրեցինք: Մենք կորցրեցինք հայրենիք, կենսակերպ, քաղաքակրթություն, ուր մեր ժողովուրդն ապրում էր ավելի քան երեք հազարամյակ:

Ոչ մի բանակցություն, ոչ մի արձանագրություն եւ ոչ մի բանաձեւ' որքան էլ կարեւոր լինեն, չեն կարող փոխհատուցել անդրսերնդային (տրանսգեներացիոն) այդ կորստի խորությունն ու ծավալը: Չնայած այդ կորստին, վերածնված Հայաստանի Հանրապետության տեսակետն այն էր, որ մենք պետք է փնտրենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ելքեր: Եվ բոլոր այդ քննադատություններով հանդերձ, որոնք ես ուղղել եմ հայաստանյան բոլոր երեք վարչակազմերին, այս ուղեգիծը, ըստ իս, դրսեւորեց քաղաքական հասունություն, հանդարտություն եւ հաշվարկված քաղաքականություն, որոնք հարիր են նորանկախ Հայաստանին:

Ցավոք, մենք միայնակ մնացինք այդ քաղաքական առաջարկով: 1992թ. հունվարի վերջին օրերին' պատիվ ունենալով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը արտաքին հարաբերություններում, ես մեկնեցի Պրահա' նպաստելու համար Հայաստանի անդամակցությանը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդին, այսինքն' ԵԱՀԽ-ին, որը հետագայում վերանվանվեց ԵԱՀԿ: 1991թ. Սուրբ Ծննդյան օրը նախագահ Բուշ ավագի ուղերձով Հայաստանը նոր-նոր էր ճանաչվել Միացյալ Նահանգների կողմից: Բերկրաթմբիր, ոգեւորություն էր տիրում, շատ սփյուռքահայեր մեկնեցին իրենց գործընկերներին միանալու նոր Հայաստանում, որպեսզի հիմքից ստեղծեն արտաքին գործերի նախարարությունը: Եվ երբ ես Պրահայում մտա այդ սենյակ' ակնկալելով առանց խնդիրների մուտք միջազգային ոլորտ, հայ-թուրքական հարաբերությունների իրականությունը եւ դրանց ժառանգությունն անմիջապես հարվածեցին ինձ:

Ողջույնի փոխարեն, որ մենք սպասում էինք իմ լավ գործընկեր, Թուրքիայի արտաքին գործերի նախկին հարգարժան նախարար Հիքմեթ Չեթինից, նա անմիջապես խոսք վերցրեց եւ երեք նախապայման առաջադրեց' ԵԱՀԽ մեր մուտք գործելու դիմաց: Դրանք էին' Հայաստանը պետք է դե յուրե ճանաչի ներկայիս սահմանները' հիմնված Մոսկվայի եւ Կարսի վատահամբավ ու անօրինական պայմանագրերի վրա, որոնք ստորագրվել էին քեմալականների եւ բոլշեւիկների կողմից եւ, փաստորեն, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի հայկական տարբերակն են: Երկրորդ' Հայաստանը պետք է Ցեղասպանությունը դուրս մղի իր արտաքին քաղաքական օրակարգից' բառապաշարի իմաստով, եւ հրաժարվի աշխարհում այն վերահաստատելու փնտրտուքից: Եվ երրորդ' ահաբեկչությունը պետք է  Հայաստանի կողմից դատապարտվի' առանց զուգահեռաբար դատապարտելու պետական ահաբեկչության այն ամենաբարձր տեսակը, որն այլ կերպ կոչվում է Ցեղասպանություն:

Ավելի ուշ հավելյալ նախապայման դարձավ Լեռնային Ղարաբաղը եւ նրա, եթե կուզեք, «նվիրաբերումը» Ադրբեջանին: Նրանք, ովքեր ուշադիր կարդացել են այսօր սեղանի վրա դրված Արձանագրությունները, անշուշտ տեսել են, որ թուրքական կողմի վերոնշյալ երեք նախապայմաններն այս կամ այն կերպ արտացոլվել են այնտեղ: Եվ դրանք այլեւս նախապայմաններ չեն համարվում, քանի որ արդեն ընդունվել են:

Վերջին մոտ մեկ տարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո 18 տարվա վաղեմություն ունեցող իմ պատասխանը միգուցե մեծ սխալ էր, երբ ասել էի. «Դրանք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լուծվելիք հարցեր են: Այդ ակնհայտ խնդիրների լուծումը կարող է լինել երկու ճանապարհով. առաջին' դիվանագիտական հարաբերությունների հաստատում' նոտաների ու դիվանագիտական ներկայացուցչությունների փոխանակմամբ, ինչպեսեւ պաշտոնական այդ հարաբերությունների կիրառում' վստահություն ստեղծելու  ու ժամանակի ընթացքում լուծում տալու պատմությունից մեզ հասած այն խնդիրներին, որոնք արդի օրակարգի էական բաղադրիչն են: Կամ' երկրորդ. եթե Թուրքիան ցանկանում է պատմական էքսկուրս կատարել եւ այդ հարցերը քննարկել այստեղ հավաքված տասնյակ երկրների' ներառյալ իմ կողքին նստած ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի առջեւ, ապա մենք պատրաստ ենք' եկեք հենց այստեղ ամեն ինչ դնենք սեղանի վրա եւ ետ գնանք մինչեւ 1921թ.' Կարսի եւ Մոսկվայի պայմանագրեր, այնուհետեւ 1915թ.' հայ ժողովրդի Ցեղասպանություն ու մեծ Հայրենազրկում, որոնք պսակադրվեցին նշված անօրինական պայմանագրերով»:

Տեղի ունեցավ դիվանագիտական աշխուժության փոթորիկ, եւ պետքարտուղար Բեյքերի ու եվրոպացի այլ գործընկերների միջնորդությամբ Թուրքիան հանեց իր վետոն, եւ մենք մտանք ԵԱՀԽ: Հայաստանի իրարահաջորդ երեք վարչակազմերը' իրենց բոլոր թերացումներով ու սխալներով, մարդու իրավունքների անտեսումներով հանդերձ, այնուամենայնիվ, կարողացան մինչեւ վերջերս պահել այդ քաղաքականությունը:

Կարծում եմ' վարչապետ Էրդողանը ազնիվ մարդ է, եւ ես հավատում եմ, որ ելույթներ ունենալիս նա խոսում է իր ընտրողների անունից, ինչը գովելի է: Վարչապետը, արտաքին գործերի նախարարը, Եվրոպայի գծով գլխավոր բանակցողը եւ Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը, որը Վաշինգտոն կայցելի մարտի 4-ին, հանձնաժողովի լսումների նախաշեմին' նրանք բոլորն էլ իրենց մեջ կրում են ժխտողական դիրքորոշում, բարձրաձայնում իրենց մտքինը, եւ հենց այս մարդիկ են, ովքեր պետք է իրագործեն Արձանագրությունների դրույթները:

 

Առաջին օրվանից շատ ակնհայտ էր, որ ոչ միայն Կարսի պայմանագրով է վավերացվում ու օրինականացվում հայ ժողովրդի Հայրենազրկումը եւ Ցեղասպանությունը (ինչը եւ իրավամբ անում են Արձանագրությունները), այլեւ այն, որ գոյություն ունի խնդիրները «փոխկապակցելու» թուրքական քաղաքականությունը, որից որքան էլ փորձենք խուսափել եւ ընդունել, որ դա դիվանագիտորեն իմաստալից է եղել անցյալում, այնուամենայնիվ, վերադառնում է խաչմերուկ' Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ «կապակցվելու» պահանջարկով:

Եվ օգտագործելով «բռնազավթման» լեզուն, պաշտոնական Անկարան եւ ժամանակակից թուրքական պետության առաջնորդները, ովքեր իրենց պետությունն են կառուցել' հարգանք իրենց, բայց դա արել են հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելու գնով' էլ չհիշատակելով քրդերին, ալեւիներին եւ կիպրոսցիներին, այժմ էլ փորձում են «կապակցել» եւ «խեղդել» Ղարաբաղը Արձանագրություններով:

 Մենք չենք կարող թույլ տալ մեր հայրենիքի կորստի, մեր Հայրենազրկման եւ մեր Ցեղասպանության լեգիտիմացում ու լեգալացում' առանց գոնե պահանջելու, որ միաժամանակ արծարծվեն պատմության ու դրա ճանաչման, կրթության, մշակութային ժառանգության, վերադարձի իրավունքի ու դեպի ծով ապահով ելքի հարցերը: Այս որոշումը պետք է կայացվի ոչ միայն հայոց պետության, այլեւ բոլոր հայերի ու թուրքերի կողմից: Կամ առանց նախապայմանների հաստատում ենք այդ հարաբերությունները նոտաների փոխանակմամբ, բացում ենք դեսպանությունները եւ աշխատում ենք հարաբերությունների վրա, ԿԱ՛Մ ամեն ինչ սեղանին ենք դնում հենց հիմա:

Ահա թե որտեղ ենք մենք եւ ահա թե ինչը պետք է դրվի հայոց ազգային անվտանգության հիմքում' բացառելով հայրենասիրական ռոմանտիզմի պարզունակ հասկացությունները: Հատկապես այսօր Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական անցուդարձի հենքին (մենք նրանց լավն ենք ցանկանում, թող այս վիճակից կարողանան դուրս գալ ավելի ժողովրդավար դարձած եւ հարեւանների հետ հարաբերություններն ազնիվ հիմքի վրա կարգավորելու առավել վճռական հանձնառությամբ), վիճելի է այն հարցը, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստ է եվրոպական ոգով եւ հետպատերազմյան Գերմանիայի ուսանելի օրինակով առերեսվել սեփական պատմության հետ, բացել սահմանները, բնականոնացնել հարաբերությունները եւ լուծում տալ անցյալի բոլոր տարբեր խնդիրներին:

Սա Թուրքիայի զուտ «հայաստանյան» մարտահրավերն է, սակայն քրդական հարցը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք դարձյալ այս համատեքստում են' նմանապես կարոտ են բարեխիղճ հանգուցալուծման: Եթե վերադառնալու լինենք «Թանզիմաթի» ժամանակաշրջանին' կտեսնենք, որ Թուրքիայի արեւմտյան գործընկերները, անգամ հայերը, ժամանակ առ ժամանակ միամտորեն կարծում էին, թե խոստացված բարեփոխումների, փաստաթղթերի, արձանագրությունների եւ համաձայնությունների յուրաքանչյուր ալիքի հետ որոշակի բարելավում կլինի: Մինչդեռ ամեն անգամ դրությունն ավելի է վատթարացել: Եվ հիմա մեզ հարկավոր է արդյունք տեսնել եւ այնպես անել, որ մեր իրավունքի տերը լինենք, որ ավելի հզոր հարեւանի համեմատ փոքր եւ թույլ լինելով հանդերձ, նույնպես ինքնահարգանք ունենանք սեփական պատմության եւ իրավունքների գիտակցման հարցում: Ուզում ենք, ի վերջո, համաչափություն մտցվի մեր հարաբերությունների մեջ եւ, չեմ խուսափի կրկնելուց' կամ ոչ մի նախապայման որեւէ կողմից, կամ էլ ամեն ինչ դնենք սեղանի վրա:

Թիվ 252 «հայկական» բանաձեւը, որն այս շաբաթավերջին կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, եւ որն ավելի ուշ միգուցե քննարկվի Կոնգրեսի լիագումար նիստում, շատ կարեւոր է: Եվ հայկական կազմակերպություններին, եւ հանրությանը' որպես ամերիկացիների, պետք է արժանին մատուցել' այս հարցն օրակարգում պահելու համար: Սակայն այս բանաձեւն առաջին հերթին ամերիկյան պատմության ամբողջականության քննությունն է, եւ ահա թե ինչ պետք է որոշեն ներկա վարչակազմն ու Կոնգրեսը. արդյո՞ք ԱՄՆ-ի, նրա վարչակազմի, պետքարտուղարության եւ Կոնգրեսի համար  եկել է ժամանակը' ասելու, որ մենք մեր պատմության տերն ենք, պաշտպանում ենք մեր վավերագրությունը եւ մեր դեսպաններին, հյուպատոսներին ու նրանց վկայությունները, որոնք ձեւավորեցին 20-րդ դարի առաջին Ցեղասպանության առաջնային, աննախադեպ եւ համընդգրկուն փաստագրությունը: Եվ ես շատ հպարտ եմ, որ դեսպան Էվանսը այսօր այստեղ մեզ հետ է: Շնորհակալությո՛ւն, պարոն դեսպան:

Հիմա գանք Լեռնային Ղարաբաղի հարցին: Միջազգային օրենքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը միմյանց հետ անելու ոչինչ չունեն: ԼՂ-ն իր անկախությունը նվաճեց օրենքով, եւ ոչ միայն միջազգային օրենքի ու ավանդական պրակտիկայի սկզբունքներով, այլեւ համաձայն այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրության: Հայկական երկրամասը որոշեց դուրս գալ խորհրդային Ադրբեջանի կազմից, որն այն ժամանակ իրավական ոչ մի ինքնություն չուներ: Անջատումն ի կատար ածվեց օրենքով, եւ այն միջազգային իրավաբանները, ովքեր քաջատեղյակ են պետությունների կազմավորման եւ դրանց ճանաչման վերաբերյալ Մոնտեվիդեոյի հռչակագրին, գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը բավարարում է այդ հռչակագրի չափանիշները' յուրաքանչյուրը եւ բոլորը:

Ես' որպես «Ժառանգություն» կուսակցության անդամ եւ Հայաստանի հպարտ քաղաքացի, առաջին իսկ օրվանից եղել եմ Լեռնային Ղարաբաղի ճանաչման կողմնակիցը: Այդ ժամանակ' վկայաբերելով ԵԱՀԿ խաղաղարար գործընթացը, վարչակազմի անդամները մտածեցին, թե ճանաչումը խոհեմ քայլ չի լինի եւ կխանգարի խաղաղ գործընթացին' հարթելու իր ուղին: Եվ Հայաստանն այդ կեցվածքն ունի վերջին 16 տարիներին, իսկ Հելսինկիից սկսյալ' 18 տարիներին, երբ մեկնարկեց խաղաղ գործընթացը: Եվ ի՞նչ է այդ ժամանակից ի վեր տեղի ունեցել մի աշխարհում, որն անընդհատ խոսում է օրենքի գերակայության եւ ժողովրդավարության, չափանիշների հավասար կիրառման մասին: Մեր արեւմտյան գործընկերները ճանաչեցին Կոսովոն, եւ ես չեմ ընդունում մտավոր եւ իրավաբանական առումով կեղծ sui generis փաստարկումը, որը հիմնված է մի շարք եզակի հանգամանքների վրա: Մեր մյուս գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաեւ այլոք դրան ավելի ուշ արձագանքեցին' ճանաչելով Աբխազիան եւ Հարավային Օսիան:

Ո՞րն է օրենքի գերակայությունը:

 

Եվ եթե միջազգային հարաբերությունների հիմքում դրված չէ օրենքի գերակայությունը եւ փոխարենը շահերի գերակայությունն է այս աշխարհում, ապա Հայաստանը պետք է լրջորեն մտածի, թե որ երկիրն իր սահմանադրական շրջանակներում առաջինը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եվ աշխարհի ո՞ր ազգը կճանաչի Ղարաբաղը, Կոսովոն եւ Աբխազիան միասնաբար: Միգուցե սրանից հետո միայն կարող ենք խոսել միջազգային հարաբերություններում բարոյականության եւ օրենքի գերակայության մասին:

Դժբախտաբար, մենք հարկադրված ենք պատրաստ լինել հնարավոր պատերազմին, քանզի մեծ մտահոգությամբ հետեւում ենք այն ռազմատենչ ճամարտակությանը, որ  մեր դեմ է ուղղում Ադրբեջանի ղեկավարությունը: Եվ սա ոչ միայն խոսքեր են, այլ նաեւ' գործողություններ: Պատերազմը դժոխք է: Անկարգություններ եղել են բոլոր կողմերում, հակամարտության ընթացքում բոլորն ունեցել են ողբերգություն եւ կորուստ: Սակայն երբ տեսաժապավեններն ապացուցում են այն, ինչը համազգեստավոր ադրբեջանցի ոստիկանները 2005թ. դեկտեմբերին արեցին Նախիջեւանում' Ջուղայի միջնադարյան գերեզմանոցում, որտեղ օրը ցերեկով մեկ առ մեկ □սպանեցին□ Ջուղայի հազարավոր խաչքարերը, ինչպե՞ս կարելի է խոսել նախկինում եղած ստատուս-քվոյին վերադառնալու մասին: Սա պատահական բարբարոսություն չէ, սա պետականորեն հովանավորված մշակութային ահաբեկչություն է: Եթե այն լիներ սեմիտական գերեզմանոց' աշխարհն իրավացիորեն կվրդովվեր, եւ հարցը կդրվեր Վաշինգտոնում ու Ստրասբուրգում անցկացվող ցանկացած ֆորումի ու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի օրակարգերում: Սակայն սա ընդամենը հայկական գերեզմանոց է, եւ վերստին մեզ վերադարձնում է իրավունքների խնդիրը:

 

Եվ այս իրավունքները հարցականի ու հարձակման տակ են նաեւ Վրաստանում եւ Ջավախքի պատմական հայկական շրջանում: Խնդիրը ոչ միայն վիրահայության լեզվական եւ մշակութային փոքրամասնության իրավունքի հարցն է, այլեւ այնտեղ' հայոց հայրենիքի մի մասում, հայոց ազգային անվտանգության ներքո ապրելու ջավախահայության իրավունքը' որպես Վրաստանն ու Հայաստանը կամրջող շատ կարեւոր գործոն. նրանք երկու հնարավոր ռազմավարական դաշնակիցներ են, ովքեր դեռ պետք է գտնեն իրենց ընդհանուր ուղին: Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին խոսելիս նկատենք նաեւ, որ ռազմավարական դիրք ունեցող Ախալքալաքի երկաթգծի կայարանի սեփականաշնորհմանը, որը կատարվեց վերջերս, չմասնակցեցին ոչ Հայաստանը, ոչ էլ նրա սփյուռքյան կազմակերպությունները, եւ այն մասնավորեցրեց ադրբեջանական մի կոնսորցիում:

 

Վերջապես' էվոլյուցիայի եւ հեղափոխության միջեւ այս լայն տարրապատկերում հարկավոր է քննարկել փոխակերպման մեր նոր մոդելը: Մենք ցանկանում ենք քաղաքական հանգուցալուծում, սակայն չենք սպասելու մինչեւ այս նոր սերունդը գա իշխանության եւ/կամ հարի ընդդիմությանը: Մենք պետք է նրանց հանձնենք առնվազն արդի ժողովրդավարական պետության նվազագույն լեգիտիմ քաղաքական ուղենիշները բավարարող Հայաստան:

 

Մենք համընդհանուր ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք: Եվ իրավիճակն այժմ հրամայաբար պահանջում է հաջորդ նախընտրական փուլից առաջ' առաջիկա երկու տարիների ընթացքում, սկսել ազգային մեծ երկխոսություն: Ազգային երկխոսություն Հայաստանում' ներառյալ կոալիցիայի երեք կուսակցությունները եւ ընդդիմության երեք գլխավոր ուժերը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակությունը եւ ոչ կառավարական կազմակերպությունները: Ազգային մեծ երկխոսություն նաեւ Սփյուռքում' գտնելու համար ընթացակարգային, գործընթացի վրա խարսխված ու կառուցվածքային մեխանիզմ, որը մեկնարկ կտա Հայաստան-Սփյուռք արդյունավետ գործընկերությանը, որտեղ ժողովրդավարական եւ ազգային ճանապարհային քարտեզները նույնն են, որպեսզի' թեկուզ հիանալի եւ լավ կազմակերպված, այսպիսի համաժողովներում շարունակ կարծիք չհայտնենք, թե միայն խոսում ենք եւ չենք կարողանում խոսքից անցնել գործի' համահայկական մեծ գործի: Եվ այսպիսով' Հայաստան-Սփյուռք մեծ երկխոսության մեջ մենք պետք է դարբնենք կոնսոլիդացված, հայաստանակենտրոն, բայցեւ Սփյուռքը ներառող շրջանակ' 21-րդ դարի ռազմավարության, քաղաքականության, տնտեսության, տեղեկատվության ու նորարարության, կրթության ու շրջակա միջավայրի, առողջապահության ու հասարակության հետ հարաբերությունների եւ ինքնության պահպանության համար: Հայկական հարցը սոսկ տարածական չէ, այլ նաեւ որակական. այն առնչվում է կենսագործունեության ամեն մի ոլորտի:

 

Էդմոնդ Բուրքը' գրելով այլ ժամանակաշրջանում եւ վայրում, ասել է. «Միակ բանը, որ պահանջվում է չարի հաղթանակի համար' դա բարի մարդկանց անգործությունն է»: Եվ այսպես, խոսքս ձեզ եմ հղում, տիկնայք եւ պարոնայք, հատկապես' մեր երիտասարդներին, սա ձեր օրակարգն է, ձեր ընտրությունը, ձեր ապագան եւ սա է մեր հայրենիքը: Ուրիշը չկա: Այլեւս չպետք է մուրանք, քանզի հետայսու լուծումները մեր մեջ պիտի տեսնենք, մեր արդի խնդիրների համար այլեւս չմեղադրենք արտաքին դերակատարներին: Մեր հարցերն ու մեր պատասխանները հավասարապես մեր մեջ են, հենց այստեղ են, Երեւանում են, Ստեփանակերտում եւ ամենուրեք, որտեղ հայ երիտասարդները հավաքվում են միասին:

Խորհրդային ամենաթունդ ժամանակներում Պարույր Սեւակը' հայ հանրաճանաչ բանաստեղծը, հռետորական հարց էր տալիս. «Որտե՞ղ է մեր փրկությունը' մեր եւ, ավաղ, ոչ մեր ձեռքերում»: Եթե այսօր մեզ հետ լիներ մեծ գրողը եւ բախվեր հետխորհրդային այս շրջանի մարտահրավերներին, թերեւս ճշտեր ինքն իրեն' ասելով. «Մեր փրկությունը մեր ձեռքում է, եւ ավաղ' վերստին մեր ձեռքում»:

Կենսակոչեք ձեր ներուժը: Ապրեք իրականության մեջ: Բայց երբեք մի՛ զիջեք ձեր երազանքը:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը