Կարծիք

09.12.2010 17:39


Դեմոկրատական գործընթացի խոչընդոտներն ու սահմանափակում- ները ՀՀ–ում

Դեմոկրատական գործընթացի խոչընդոտներն ու սահմանափակում- ները ՀՀ–ում

Ժողովրդավարության թեման շատ հարուստ է և մեծ: Կառավարման այդ համակարգին նվիրված են անթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ, այդ խնդրով են զբաղվում ամբողջ աշխարհում գործող բազմաթիվ պետական և ոչ պետական կառույցներ: Մշակվել, փորձարկվել կամ այդպես էլ թղթի վրա են մնացել մի շարք տեսական և գաղափարական մոտեցումներ: Հաշվի առնելով խնդրի ծավալները, ցանկանում եմ կենտրոնանալ իմ կողմից առանձնացվող հետևյալ խնդրի վրա' խոսքը  ազգի և պետության կառավարման անկյունաքարը հանդիսացող' ժողովրդի կողմից պետության ղեկավարության, իշխանության ընտրության խնդիրն է: Այսպես կոչված' «լավագույնի ընտրության» հիմնախնդիրը մեր հասարակությունում:

Վերջում կանդրադառնամ ժողովրդավարության գնահատման չափորոշիչներին և մեթոդաբանությանը, փորձելով վերլուծել արդյո՞ք այսօր գործող գնահատման համակարգը, որն ակտիվորեն կիրառվում է ժողովրդավարական ինստիտուտների կողմից, ապահովում է ճիշտ արդյունք և հանդիսանում է ժողովրդավարության օբյեկտիվ չափանիշ:

Ժողովրդավարացման քաղաքական և տնտեսական սահմանափակումները Հայաստանում

Ժողովրդավարության կարևորագույն չափորոշիչներից է ժողովրդի, հասարակության հնարավորությունը ընտրել իշխանություն' որոշակի հիմնախնդիրներ լուծելու համար, և այդ իշխանությունը փոխելու կարողությունը' եթե առկա է ցանկություն փոխարինել իշխող վերնախավին նորով, որն ավելի լավ կարող է արտահայտել հասարակության տվյալ պահի պատկերացումները երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային զարգացման վերաբերյալ:

Ի՞նչն է պատճառը, որը որոշ երկրներում կայացան հզոր դեմոկրատական ինստիտուտներ, իսկ այլ տեղերում ակնհայտ է դեմոկրատիայի ճգնաժամը և նույնիսկ ձախողումը:

Կարիք չեմ տեսնում քննարկել Հայաստանի պարագայում մշակութային սահմանափակումների խնդիրը: Հայաստանը որպես քրիստոնեական մշակույթի վրա հիմնված երկիր, չունի և չի կարող ունենալ որևէ հոգեբանական էական խոչընդոտ դեմոկրատացման ճանապարհին: Եթե հիմք ընդունենք նույնիսկ ամենածայրահեղ մոտեցումը, համաձայն որի միայն արևմտյան քաղաքակրթությունը կարող է լիովին լինել դեմոկրատական, ապա պետք է հիշենք, որ ժամանակին կաթոլիցիզմի' որպես ժողովրդավարության խոչընդոտ, առաջ քաշվող նման թեզերը ապացուցեին իրենց ոչ կենսունակությունը: Հայաստանը, ի տարբերություն այլ երկրների' մշակութային, կրոնական, ավանդապաշտական խոչընդոտների որևէ էական պրոբլեմ չունի:

Այլ է խնդիրը տնտեսական հիմնախնդրի մասով: 1950-ականներին Ս. Լիփսեթի կողմից ներկայացված վարկածի համաձայն միայն տնտեսապես զարգացած հասարակությունը կարող է գնալ դեպի դեմոկրատիա (որոշ չափով □արդիականացման□ տեսությունը, ըստ էության, արդարացնում է Բիսմարկի և Ստալինի իշխանությունները): Դեմոկրատացման գործընթացներ հաջողությամբ ընթացել են հիմնականում միջինից բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում: Այստեղից, օրինակ, Ս. Հանթինգթոնը եզրակացնում է, որ աղքատությունը դեմոկրատիայի ամենամեծ խոչընդոտներից է: Կարելի է ենթադրել, որ դրանով է պայմանավորված միջազգային հաստատությունների հետևողական աշխատանքը Հայաստանում աղքատության նվազեցման ուղղությամբ:

Այսօր նույնպես որոշ արևմտյան մասնագետներ հանգում են եզրակացության, որ դեմոկրատիայի ապագան պայմանավորված է տնտեսական զարգացմամբ: Սակայն կարելի է կատարել և հակառակ պնդումը' ավտորիտար իշխանության պահպանումը պահանջում է աղքատության առկայություն հասարակությունում: Կարելի է կատարել նաև հետևյալ հաստատումը' աշխարհում դեռևս չկան ոչ դեմոկրատական հասարակություններ, որտեղ քաղաքացիների կենսամակարդակը հասել է Եվրոպայի, ԱՄՆ կամ Ճապոնիայի ցուցանիշներին' առանց դեմոկրատական տեղաշարժերի:

Արևմուտքում ընդունելի է, որ ժողովրդավարությանը զուգահեռ այնուամենայնիվ տնտեսական կյանքում չի կարող լինել ամբողջական ազատականացում: Հարց կուղղեմ այդ տեսակետը պաշտպանողներին' արդյ՞ոք Հայաստանի և այլ նեոլիբերալ, գերազատական (ըստ էության, վերջում' հակաշուկայական դարձող) տնտեսվարումը չի հանդիսանում խոչընդոտ դեմոկրատիայի համար: Միջազգային նեոլիբերալ հաստատությունների խորհուրդներով առաջնորդվող երկրները այդպես էլ չդարձան դեմոկրատական, իսկ եթե դարձան, ապա բոլորովին էլ այլ պատճառներով:

Եզրակացություն. նեոլիբերալիզմը և կարծես թե ազատականություն տարածող միջազգային ֆինանսական կառույցներն վերջում կամա թե ակամա դառնում են ավտորիտարիզմի պաշտպանը, որովհետև նման քաղաքականություն կարող է իրականացվել միայն ոչ դեմոկրատական ու ոչ զարգացած հասարակություններում' հիշենք Չիլիի և Լատինական Ամերիկայի այլ երկրների, Ասիական որոշ պետությունների, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և իհարկե' Հայաստանի օրինակը:

Դեմոկրատիան, ըստ Ռոբերտ Դալի, կարիք չունի առատության, ոչ էլ նյութական բացարձակ բարեկեցության: Այն պահանջում է համեմատական բարեկեցություն, հավատ արդարության և հաջողության հնարավորության նկատմամբ:

Այդ դեպքում, ինչու՞ է Հայաստանում հայրենասիրությունը, նվիրվածությունը երկրին, պետությանը փոխարինվում նյութականի պաշտամունքով: Հակադրվելով ազգայինին պարզապես նյութականացվում և բարոյազրկվում է հասարակությունը, որն այլևս չի կարող ապահովել դեմոկրատացում:

Եվ ամենակարևոր խնդիրը քաղաքականն է: Այսպես կոչված նոր դեմոկրատիայի երկրների ժողովուրդները չունեին դեմոկրատիայի փորձը: Լուրջ խոչընդոտ էր նոր վերնախավի թույլ ընդգծված կամ նույնիսկ բացակայող իրական հակումը դեպի ժողովրդավարություն: Իշխանության գլխին չգտնվելով, քաղաքական գործիչները ունեն դեմոկրատիայից խոսելու սեփական պատճառներն ու շահերը: Նրանց դեմոկրատական հայացքները և համոզումները փորձություն են անցնում իշխանություն ստանալուց հետո: Սակայն գալով դեմոկրատական ճանապարհով իշխանության, այդ գործիչները փաստացի հրաժարվում են ժողովրդավարությունից: Դրա վառ օրինակներից են հետխորհրդային երկրները' Ռուսաստանը, Ղրղզստանը, Վրաստանը, Ադրբեջանը և իհարկե' Հայաստանը: 1990-ականների «դեմոկրատ» առաջնորդները հաստատեցին ավտորիտար ռեժիմներ և արժանացան հասարակության լուրջ դիմադրության:

Ֆեոդալ էլիտարացումից դեպի ազգային էլիտայի ընտրության համակարգի ստեղծում

«Նոր դեմոկրատիաների» առանձնահատկությունը կձևակերպեի «ուժեղ իշխանություն-թույլ պետություն» սխեմայով: Իշխանություններն այնքան ուժեղ են, որ կարող են անել ամեն ինչ իրենց երկրի ներսում և ըստ էության ապահովել իրենց մշտական վերարտադրությունը: Սակայն քաղաքական մրցունակության բացակայության պայմաններում այդպիսի «դեմոկրատիայով» չի ընտրվում լավագույնը: Կաղում է պետական կառավարման արդյունավետությունը, փաստացի չի գործում պետական կառավարման բուրգը, ի սպառ չի գործում որոշումների կայացման որևէ համակարգված մեխանիզմ:

Այլ պատկեր ունենք Արևմուտքում: Գործում է «թույլ իշխանություն-ուժեղ պետություն» մոդելը: Իշխանությունն այնքան հզոր չէ, որ երաշխավորված նստի պետական բուրգի վերևում: Իշխող քաղաքական ուժը փորձում է մշտապես հաղորդ լինել հասարակության և ընդդիմության կողմից բարձրացվող խնդիրներին, տալ դրանց լուծումները: Այդպիսի, հայկական «վերնախավի» տեսանկյունից «թույլ իշխանությունը» ղեկավարում է քաղաքական մրցակցության շնորհիվ արագ զարգացող հարուստ և հզոր պետությունը:

Այս վիճակի պատճառներն հասկանալու համար պետք է մի փոքր պատմության մեջ ետ գնանք: Արևմտյան ժողովրդավարությունների արդյունքը ազգային հեղափոխություններն էին, որոնք տեղի ունեցան ավելի քան երկու հարյուրամյակ առաջ: Եթե նախկինում ֆեոդալական վերնախավի ընտրությունն, ըստ էության, նախօրոք կայացված էր կամ դրա ընտրության իրավունքը պատկանում էր միապետին, իսկ փոփոխությունները հազվադեպ էին տեղի ունենում, ապա նոր դասակարգի ցանկությունը' հայտնվել վերնախավում, պահանջում էր ընտրության մեխանիզմի առկայություն: Իսկ քանի որ աչքի առաջ էր հին վերնախավով պայմանավորված որոշակի արժեահամակարգ, ապա գնահատականն ու չափորոշիչները պետք է առնվազն բարարարեին նախկին էլիտայի նվազագույն պահանջներին և նույնիսկ գերազանցեին դրանք: Կարելի է ասել, որ տեղի ունեցավ □ապաէլիտարացում□, կամ, որն ավելի ճիշտ է, էլիտայի ձևավորման համընդհանուր համակարգի ձևավորում, որից կարող էր այսուհետ օգտվել հասարակության յուրաքանչյուր մարդ' բավարարելով որոշակի պահանջներ:

Հայաստանը չուներ էլիտա, ոչ քաղաքական, ոչ տնտեսական: Պետականության բացակայության պայմաններում հայ ժողովրդի մոտ ձևավորված էին ազգային մարդուն, ազգի նվիրյալին համապատասխանող բազմաթիվ հզոր կերպարներ, սակայն չկային իշխող վերնախավի, պետության վերնախավի ձևավորված պատկերացումներ: Առավել ևս' վերջինիս ընտրության պատկերացումներ: Հայաստանում տեղի չի ունեցել ապաէլիտարացում, հակառակը' Հայաստանում տեղի է ունեցավ նոր վերնախավի ձևավորում, որը համապատասխան ընտրության ավանդույթների և պատկերացումների բացակայության պայմաններում տարավ երկիրն հակառակ ուղղությամբ:

Եթե Անգլիայի, Ֆրանսիայի կամ Հոլանդիայի հեղափոխությունները հիմք դրեցին ազգային պետության կառուցմանը, որտեղ էլիտայի շտեմարանը ամբողջ ազգն է, ապա Հայաստանում տեղի ունեցավ էլիտարացման, ֆեոդալացման գործընթաց: Արդյունքում, ձևավորվել է դասական ֆեոդալական համակարգ, որտեղ երկրի իշխող վերնախավին ավելի հարազատ են օտարերկրյա իրենց գործընկերները, բայց ոչ իր հասարակության ներկայացուցիչները կամ ընդդիմախոսները:

Որո՞նք են լուծումները:

Թ.Կարլն ու Ֆ. Շմիթտերը առանձնացնում են հետևյալ չորս ուղիները ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն' վերնախավի տարբեր խմբավորումների փոխհամաձայնություն, իշխող վերնախավի կողմից բարեփոխումների միակողմանի պարտադրանք' անմիջապես իշխանություն ունեցող անձանց առկա դիմադրությունը կոտրելու նպատակով, հասարակական լայն զանգվածների կողմից պարտադրվող որոշ չափով փոխզիջումային բարեփոխումներ' առանց բնռության, հեղափոխություն' զինված ապստամբության միջոցով գործող ավտորիտար վարչակարգի տապալում:

Ամերիկացի քաղաքագետները առավել ողջունելին համարում են առաջին տարբերակը: Համաձայնվելով իրենց հետ միաժամանակ կատարենք հետևյալ հարցադրումը' արդյո՞ք Հայաստանում դա հնարավոր է: Ըստ օտարերկրյա մասնագետների, երբ ենթադրվում են քաղաքացիական իրավունքներն ու լայն  զանգվածների ազատությունները, երբ տարբեր խմբերի իրավունքները պաշտպանվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից, պետությունը կրում է պատասխանատվություն շուկայի կարգավորման և եկամուտների վերաբաշխման, իսկ տնտեսությունը ինտեգրված է միջազգային շուկաներին, ապա նման «պայմանագիրն» հնարավոր է: Ինչպես տեսնում եք, գոյություն չունեն նման փոխհամաձայնության նախադրյալներ: Այլ կերպ ասած' Հայաստանի վերնախավը սկզբունքորեն դիտարկում է վերը նշված հարաբերությունները բոլորովին այլ հարթության մեջ:

Չեմ տեսնում առայժմ նաև երկրորդ տարբերակը, քանի որ վերնախավի միակողմանի պարտադրանքը որոշ չափով ենթադրում է նաև ինքնաոչնչացում' չէ որ Հայաստանի դեմոկրատացման հիմնական խոչընդոտը հենց ներկայիս համակարգն է' իր բոլոր դրսևորումներով:

Բարեփոխումների հասարակական պարտադրանքի համար թույլ են զարգացած հասարակական ինստիտուտները, իսկ փոքր պետության պայմաններում իշխող ուժի համար շատ ավելի հեշտ է վերահսկելի և կառավարելի դարձնել գործընթացները:

Չորրորդ' ուժային տարբերակը շատերը կարող են դիտել ոչ ժողովրդավարական, սակայն նման տեսանկյունից դիտարկումը սխալ է, քանի որ ժողովրդավարական ինստիտուտների անգործության կամ փաստացի բացակայության պայմաններում ժողովրդական և ժողովրդավարական հեղափոխությունը չի կարող դիտվել հակադեմոկրատական: Այս ուղու հիմնական թերությունը տեսնում եմ իշխանության եկող նոր վերնախավի ձևավորման մեջ: Հասարակություն, որը չունի պրոգրեսիվ իշխող վերնախավ կամ վերնախավեր, չունի բարեփոխումներ և առաջընթաց պարտադրող հզոր հասարակական ինստիտուտներ, չի կարող ունենալ երաշխիքներ, որ հեղափոխական ճանապարհով փոփոխությունը բերելու է ժողովրդավարություն: Վկա' թե մեր 20 տարվա պատմությունը, թե այլ նորանկախ պետությունների օրինակը, ինչի մասին արդեն նշել ենք:

Որոշ մասնագետներ նշում են, որ բռնությունից հրաժարումը և առանց ուժի կիրառման իշխանության փոփոխությունը հանդիսանում են դեմոկրատիայի հիմքերից մեկը: Հարց. նույնիսկ ոչ դեմոկրատական վարչակարգերի դեմ պայքարելի՞ս:

Ավտորիտար իշխանությունից դեպի ժողովրդավարական հասարակություն ընկած ճանապարհը պահանջում է նախ և առաջ նոր սերնդի ձևավորում, որը կարող է դառնալ բոլորովին այլ արժեքային համակարգով ապրող նոր վերնախավի հիմքը: Այնպիսի վերնախավի, որը պատրաստ կլինի գնալ զոհողությունների, որը կգիտակցի իր առաքելությունը ազգի և ապագա սերունդների առջև:

Որպեսզի ճիշտ հասկացվեմ, միանգամից նշեմ, որ խոսքը չի գնում Կոնֆուցիի կողմից խոսվող բարոյական և պրոֆեսիոնալ փոքրամասնության մասին, որը միշտ լավ գիտի թե հասարակությանը ինչ է պետք:

Հիշատակելով լորդ Ջ. Աքթոնի խոսքերը, որ □իշխանությունը այլասեռում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասեռում է բացարձակապես□, համոզում եմ հայտնում, որ իշխանությունը պետք է փոխվի: Միշտ: Հակառակ պարագայում ամենալավ դեմոկրատը կունենա շանս դառնալ աշխարհի ամենադաժան բռնապետը:

Վարկանիշեր և գնահատականներ. օգու՞տ, թե վնա՞ս

Վերջում ուզում եմ անդրադառնալ ժողովրդավարության գնահատման չափանիշներին, որոնք կիրառում են բազմաթիվ միջազգային կառույցներ: Ի՞նչ են առաջարկում մեզ այդ կառույցները: Ասվում է, որ ամեն ինչ հարաբերական է, ինչի հետ դժվար է վիճել: Սակայն այստեղ առկա է նաև լուրջ վտանգ, որը տեսնում ենք □մասամբ□ բառը կրող խմբի մեջ մտնող երկրների դեպքում: Լինեն դրանք տնտեսական զարգացման աստիճանի, կոռումպացվածության կամ ժողովրդավարացման վարկանիշեր, հարկավոր է դրանց վերաբերել շատ զգույշ հետևյալ պատճառով: Դրանց մեթոդաբանությունը լուրջ բանավիճելու առիթ է, իսկ դրանց կիրառումը փաստացի պաշտպանում և հովանավորում է երկրներում առկա վատ բարքերը: Ճգնաժամն արդեն ապացուցեց տնտեսական ոլորտի վարկանիշների բացասական ազդեցությունը և վիճարկելի լինելու հանգամանքը: Ժամանակն է անդրադառնալ այլ վարկանիշերին: Երբ կոռումպացվածության մակարդակի աղյուսակում մի երկիր մյուսից մի քանի տողով տարբերվում է, ապա դա բոլորովին չի կարող նշանակել դրանցից մեկում վիճակն ավելի լավ լինելու մասին: Իսկ մի քանի տասնյակ երկրների ցանկի խորքում տեղաշարժը չի կարող ապացուցել վիճակի լավացման կամ վատացման մասին: Դեմոկրատացման կամ հասարակական ինստիտուտների զարգացվածության մակարդակը բնութագրող վարկանիշերն պարզապես արդարացնում են ոչ դեմոկրատական ռեժիմների գոյությունը և լեգիտիմացնում դրանք:

Հասկանալի է, որ չկա □բացարձակ դեմոկրատիա□ հասկացությունը, բայց նաև չի կարող համարվել դեմոկրատական փաստացի այդպիսին չհանդիսացող պետությունը: Եկեք ընդունենք, որ արդյունքում հենց նման միջազգային վարկանիշերն են փաստացի լեգիտիմացնում ժողովրդավարական չհանդիսացող նույնիսկ այնպիսի վարչակարգեր, որոնք առկա են Ադրբեջանում կամ Ղազախստանում:

Իսկ գուցե իսկապես' դեմոկրատիա կամ կա, կամ չկա՞: Պարզ է, որ երկրի ժողովրդավարական համակարգը ստեղծելու արյդունքում կարող ես ունենալ սեփական որոշ առանձնահատկությունը, սակայն հենց սկզբից առանձնահատկություններն առաջ մղելով, ավտորիտար վարչակարգերը պարզապես տեղական առանձնահատկությունների անվան տակ խուսափում են ժողովրդավարական բարեփոխումներից:

Ժամանակն է նաև անկեղծորեն ասել, որ «մասամբ ժողովրդավարական» երկրների նպատակը ոչ թե ժողովրդավարության հաստատումն է, այլ զարգացած ժողովրդավարական երկրների բարիքներից, ընդ որում' նյութական բարիքներից, օգտվելը: Եվ եթե դա Արևմուտքի համար ընդունելի է կամ երկկողմանի շահավետ, ապա...

Վերջում կրկնեմ. իշխանությունը պետք է միշտ փոխվի, հակառակ դեպքում ցանկացած դեմոկրատ կարող է դառնալ աշխարհի ամենադաժան բռնապետը:

Արա Նռանյան

Այս խորագրի վերջին նյութերը