«Քաղաքական դեմագոգիան ժողովրդին հոտի վերածելու արվեստ է»։
Երբ քաղաքական սթափ միտքը սկսում է պարտվել, ու քաղաքական ասպարեզ են բարձրանում զանգվածները, դեմագոգիան ու դեմագոգները հանրային կյանքում որոշիչ դերակատարություն են ստանձնում։
Հետաքրքիր է «դեմագոգիա» բառի հունարեն բացատրությունը՝ «demos»-ժողովուրդ, «ago»-«առաջնորդել», այսինքն՝ «ժողովրդի առաջնորդություն»։ Հին հույները ժողովրդի առաջնորդներին դեմագոգներ էին անվանում:
Առհասարակ ժողովուրդը ցանկանում է երևույթների պարզ բացատրություններ ստանալ, գտնել մեղավորներին, իսկ դեմագոգը՝ ասել այն, ինչը ցանկանում է լսել ժողովուրդը, ու դա պետք է ասել հնարավորինս պարզ, հակիրճ ու ոգևորիչ եղանակով։ Դա ժողովրդի նկատմամբ առաջնորդություն ստանձնելու կարևոր պայման է։
«Երբ հայտնվում է բռնակալը, նա կայանում է որպես ժողովրդի դրածո»։
Պլատոն
Հեղափոխությունները խորքային սոցիալական ու արժեքային պատճառներ ունեն, սակայն հեղափոխությունները կարող են վիժեցվել դեմագոգների կողմից և ժողովրդին «առաջնորդել» դեպի անորոշություն՝ արժեզրկելով պատմական պահի պահանջներն ու օրակարգը։ Հեղափոխական փոփոխությունները երբեմն պատմական անհրաժեշտություն են, որոնք նոր դուռ են բացում դեպի զարգացում և բարգավաճում, սակայն այդ փոփոխությունները կարող են վիժեցվել, երբ առաջնորդողները դառնում են ամբոխավար ու չեն ընկալում պատմական պահի առաջնությունները։
Սկզբնական փուլում դեմագոգներ էին համարվում ժողովրդական տրիբունները՝ հռետորները, որոնց Արիստոտելը անվանում էր «պրոստատներ»՝ ժողովրդի պաշտպաններ, սակայն հետագայում այդ եզրը սկսեց բացասական երանգ ստանալ։ Սկսեցին համարել, որ դեմագոգները շահարկում են հանրության ցածրագույն զգացմունքները ու ցանկությունները։
«Ժողովուրդը սեփական տեսակետն է ունենում այնքան ժամանակ, մինչև որ չի ապակողմնորոշվում դեմագոգների կողմից»։
Նապոլեոն
Ցանկացած քաղաքական գործիչ շահարկում է այդ զգացմունքները, հատկապես ընտրությունների ու խառնակ ժամանակներում, սակայն առավել պատասխանատուները հասկանում են, որ գալու է պահը, երբ տրված խոստումների համար պետք է պատասխան տալ։ Դասական դեմագոգները տարբերվում են պատասխանատու, բայց, այնուամենայնիվ, ժողովրդի զգացմունքների հետ խաղացող քաղաքական գործիչներից։ Արևմտյան հասարակություններում այդ պատասխանատվության զգացումն է, որ որոշակիորեն սահմանափակում է պոպուլիզմը և թույլ չի տալիս, որ այն վերաճի դեմագոգիայի։ Պոպուլիզմը և խոստումներ տալը ժողովրդավարական երկրներում բնականոն երևույթ են, սակայն, միևնույն ժամանակ, հանրությանը խաբելը կամ ապակողմնորոշելը ծանրագույն մեղք են համարվում, իսկ որոշ երկրներում քրեորեն պատժելի են։
«Բռնակալների մեծամասնությունը դուրս է եկել դեմագոգներից, որոնք ստացել են ժողովրդի վստահությունը՝ սևացնելով նշանավորներին»։
Արիստոտել
Դեմագոգիան և պոպուլիզմը բովանդակային առումով նույն արմատներն ունեն, ուղղակի «պոպուլիզմի» հիմքում «ժողովուրդ» բառի լատիներեն տարբերակն է օգտագործված, սակայն որպես հասկացություններ՝ դրանք միմյանցից պետք է տարբերել։ Եթե պոպուլիզմի տակ հասկանում են ժողովրդին դուր գալու երևույթը, և հաճախ այն նույնիսկ դրական իմաստ է ստանում, ապա դեմագոգիան միանշանակորեն բացասական իմաստ ունի։ Ունենալով ժողովրդին առաջնորդելու իմաստ՝ իրականում այն ժողովրդին ինտելեկտուալ առումով շահագործել է նշանակում։ Դեմագոգիան հենվում է հասարակության ամենապարզունակ ու չկրթված խավի ընկալումների վրա։
Ժամանակակից արևմտյան քաղաքակրթություններում պոպուլիստական են անվանում այն առաջնորդներին ու քաղաքական շարժումներին, որոնք փորձում են հենվել լայն զանգվածների վրա, որոնք ավելի ազգայնական ու հակագլոբալիստական են, քան ներկայիս լիբերալ շարժումների վերնախավը։ Իսկ դեմագոգիան սկզբնական փուլում համարվելով հռետորական արվեստի տեսակ՝ հետագայում դարձել է հռետորական այդ տեխնիկայի միջոցով զանգվածներին թյուրիմացության մեջ գցելու և, ի վերջո, նրանց ենթարկեցնելու միջոց։
Որոշակիորեն կրթված հասարակություններում դեմագոգները հաջողության չեն հասնում, սակայն ինտելեկտուալ առումով թույլ իմունիտետ ունեցող հասարակություններում կարողանում են հաջողել։
Հաջորդ մասում կքննարկենք դեմագոգիայի՝ որպես արվեստի տեխնիկական հնարքները։
«Դեմագոգը»՝ ժողովրդին առաջնորդող. մաս I

(շարունակելի)
Ստեփան Դանիելյան
Աղբյուրը՝ politeconomy.org