Մեկնաբանություն

21.04.2019 15:50


Գալիս է Արթուր Վանեցյանի հետ նկարները ջնջելո՞ւ ժամանակը

Գալիս է Արթուր Վանեցյանի հետ նկարները ջնջելո՞ւ ժամանակը

Կար մի ժամանակ, երբ Հայաստանի, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հակառուսական քարոզի ցեխավիկներն ու փոդրատչիները, սորոսականները և սրանց հավասարեցված անձիք հիացական խոսքեր էին շռայլում ԱԱԾ նոր ղեկավար Արթուր Վանեցյանի հասցեին ու լուսանկարվում նրա հետ։

Մի կողմ թողնենք այն հարցը, որ քաղհասարակության ներկայացուցիչը, ով էլ լիներ ԱԱԾ–ի պետ, նրա հետ չպետք է բերանը լայն բացած ու գրկախառնված նկարվեր, քանզի ԱԱԾ–ն իր կարևորությամբ հանդերձ պետք է միշտ լինի քաղհասարակության հակադիր թևում՝ անկախ այդ կառույցի ղեկավարի վարքագծից։ Տվյալ դեպում հարցն այն է, որ այսօր Վանեցյանին քննադատողները, երեկ նրան քծնում էին ու ներկայացնում որպես հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկ։

Վանեցյանը ներկայացվում էր որպես նոր «Կոմիսար Կատանի», որը դուրս է եկել սև ուժերի դեմ։ Դե իսկ Նիկոլ Փաշինյանին վերագրվել էին աստվածային հատկանիշներ։

Թե ինչպես, ում դեմ և ում թելադրանքով էր գործում Վանեցյանը, պարզ դարձավ հայտնի հեռախոսային զրույցի հրապարակման արդյունքում։ Իրավապաշտպան կոչվածները դրանից հետո ծպտուն չհանեցին։ Չխոսեցին ընտրովի ու զանգովի արդարադատության, անմեղության կանխավարկածի խախտման ու մարդու իրավունքների մասին։ Սրանց համար կա հեղափոխական նպատակահարմարություն և գլոբալիստական արժեքներին ծառայելու մասով պապից ավելի կաթոլիկ լինելու պատրաստակամություն։ Հատկապես երբ այդ պատրաստակամությունը լավ վարձատրվում է։

Տխրահռչակ Դավիթ Սանասարյանի պատմությունից հետո Վանեցյանը վերը նշված շրջանակների համար դարձավ ռուսական լրտես ու գաղութատիրական ծրագրերի սպասարկու։ Սորոսականների մոտ հիմա եկել է Վանեցյանի հետ ունեցած նկարները ջնջելու ժամանակը։ Հետո կգա արդեն Նիկոլ Փաշինյանի հետ նկարները ջնջելու ժամանակը։

Պարզից էլ պարզ է, որ ԱԱԾ ղեկավարին գործ սարքողի, գործ կարողի և ռուսական շահերին ծառայողի մեղադրանք են ներկայացնում՝ իրական թիրախ ունենալով Նիկոլ Փաշինյանին։

Եվ այսպես, վերահաստատվում է այն բանաձևը, ըտս որի՝ հեղափոխականներն իշխանության գալուց հետո դառնում են ոխերիմ բարեկամներ։ Այսպիսին են հեղափոխական ժանրի կանոնները։

Ներտեսակային պայքարը շատ հաճախ ավելի դաժան է լինում միջտեսակայինից։ Ներտեսակային պայքարը դառնում է միջտեսակային մեծ բախմանը նախորդող միջանկյալ փուլ։ Թե ինչպե՞ս դուրս կգա Հայաստանն այդ փուլից և ո՞ւր կհայտնվի, այլ խոսակցության թեմա է։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը