Մեկնաբանություն

21.04.2019 13:50


Դավիթ Սանասարյանով քանդվող կծիկը (տեսանյութ)

Դավիթ Սանասարյանով քանդվող կծիկը (տեսանյութ)

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պատմությունը շատ խորհրդանշական է և ջրբաժանային։ «Մերժի՛ր Սերժին» շարժման ակտիվ անդամը մեղադրվում է կոռուպցիոն գործունեության մեջ։ Այդպիսով պայթում է այն քարոզչական փուչիկը, ըստ որի՝ նոր իշխանությունների օրոք կոռուպցիա չկա, և երիտհեղափոխականները բյուրեղյա մաքրության տեր են։

Չենք ուզում խախտել Սանասարյանի անմեղության կանխավարկածը, բայց քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե լուրջ հիմքեր չլինեին, ապա Նիկոլ Փաշինյանը թույլ չէր տա ԱԱԾ–ին, ինչպես Սանասարյանենք են պնդում, գործ «կարել» նրա դեմ։

Ակնհայտ է, որ Փաշինյանն անձամբ է ցուցում տվել իրավական ընթացք տալ Սանասարյանի գործին։ Ակնհայտ է նաև, որ «ժողովրդի վարչապետին» այս պատմությունը ձեռնտու չէ։ Հետևաբար, գործ «կարելու» տարբերակը գրեթե զրոյական է։

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Այլոց անմեղության կանխավարկածը պարբերաբար խախտող ու պոպուլիստական էժանագին ակցիաներ իրականացնող Դավիթ Սանասարյանն այժմ մեղադրվում է կոռուպցիայի մեջ ու պահանջում չխախտել իր անմեղության կանխավարկածը։

Ի դեպ, Փաշինյանը վաղուց էր ակնարկում այս գործի մասին։ Նա սրտնեղում էր, որ անգամ հեղափոխականների մեջ եղան մարդիկ, ովքեր չդիմացան գայթակղությանը և սկսեցին զբաղվել կոռուպցիայով։ Նա ԱԺ ամբիոնից զարմանք էր հայտնում, որ որոշ հեղափոխականներ քանդուքարափ եղան, երբ ձեռքները իշխանություն ընկավ։ Ակնարկի հասցեատերն ակնհայտորեն Դավիթ Սանասարյանն էր։

Ո՞վ էր Դավիթ Սանասարյանը հեղափոխությունից առաջ

Հեղափոխությունից առաջ Դավիթը, պատկերավոր ասած, մի «սագագող» էր։ Նա քաղաքացիական ակԾիվիստ–անտիվիստ էր աշխատում։ Այո՛, աշխատում, այլ ոչ թե ապրում քաղաքացիական արժեքներով։

Դավիթ Սանասարյանի ու իր նմանների համար մինչհեղափոխական շրջանում կար աշխատանքային երկու ճակատ։ Մեկը թունդ արևմտամետ խաղալն ու հակառուսականության վրա գումար աշխատելն էր՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար սպասարկելով, փաստացի, թուրքական շահերը, իսկ մյուսը՝ Բ26–ի համար հաճախորդություն անելը։ Հաճախորդությունը ենթադրում էր պայքար Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսների դեմ «Սերժը վատն է, բայց նրա ընդդիմախոսներն ավելի վատն են» ծրագրի շրջանակներում։

Դավիթն ու իր ակԾիվիստ գործընկերները Ռուսաստանի դեմ կռիվ տալով ու Բ26–ի համար հաճախորդություն անելով հաճելին համատեղում էին օգտակարի հետ։ Հա՛մ առաջադեմ էին երևում հանրության աչքերում, հա՛մ գումար էին վաստակում։

«Թավշյա հեղափոխությունը» գրեթե բոլոր արևմտամետ ակԾիվիստներին գոնե ձևականորեն դարձրեց «թունդ ռուսամետ»։ Այդպիսին դարձան ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան վրա առարկաներ շպրտող Դավիթ Սանասարյանն ու մյուսները։

«Թավշյա» կոռուպցիան և հեղափոխական կուսության ավարտը

Վարձով ապրող Դավիթ Սանասարյանի վարքագիծը պետական բարձր պաշտոնի նշանակվելուց հետո կանխատեսելի էր։ Ով ամենաբարձրն է գոռում կոռուպցիայի դեմ պայքարի մասին ու պաթոսով ելույթներ ունենում այդ թեմայով, մեծ է հավանականությունը, որ կդառնա «թավշյա» կոռուպցիոներ, որպեսզի իր ուղեղում ու դրամապանակում հաղթահարի սեփական աղքատությունը։

Սանասարյանի պատմությունը ջրբաժանային է ու «թավշյա հեղափոխության» համար նոր փուլ է նախանշում։ Սա մի փուլ է, երբ հեղափոխությունը խժռում է իր զավակներին, իսկ զավակները խժռում են միմյանց։

Փաշինյանը հիմա ծանր վիճակում է հայտնվել։ Նա հաստատ չէր ուզենա, որ նման պատմություն լիներ, բայց երբ սեփական աղքատությունը որպես առաքինության ու ազնվության հոմանիշ ներկայացնող մեկին նշանակում ես կարևոր պաշտոնի, ապա սպասիր, որ նա կոռուպցիոն պատմություն է սարքելու։ Հատկապես երբ նա տեսնում է, որ վերևում էլ հեռու չեն նմանատիպ պատմությունների մեջ մխրճվելու գայթակղությունից։ «Քեզ կարելի է, իսկ մեզ՝ ո՞չ» մտածում են «թավշյա» տղաներն ու աղջիկները և անցնում գործի։ Դավիթն, ըստ այդմ, առաջինն է, բայց ոչ վերջինը։ Բոլոր քայլարածների մոտ էլ կապիտալի նախնական կուտակման հարցը սուր է դրված։ Ինչևէ։

Եթե Փաշինյանը Սանասարյանի պատմությանն իրավական ընթացք չտար, ապա կապալեգիտիմացվեր իշխանության մի թևի մոտ։ Թև, որին պայմանականորեն կարելի է հայաստանակենտրոն համարել։ Փաշինյանը հրահանգ է տվել Սանասարյանի դեմ գործ հարուցել ու այդպիսով կորցրել է իր լեգիտիմությունը մյուս՝ սորոսական կոչված թևի մոտ։

Հիմա Փաշինյանը հայտնվել է սորոսականների ու հայաստանակենտրոնների փոխհրաձգության արանքում։ Թե ինչով կավարտվի այս ամենը, դժվար չէ կռահել։ Փաշինյանը կամաց–կամաց դառնում է օտար յուրայինների և օտարների մեջ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը