Կարծիք

20.04.2019 13:17


Ում է պետք անընդհատ պտտել «Մեղրիի փոխանակման» մաշված մեղեդին

Ում է պետք անընդհատ պտտել «Մեղրիի փոխանակման» մաշված մեղեդին

Այս մասին այնքան է խոսվել, որ, թվում է` ավելացնելու բան չկա։
Բայց ոմանց «սե՛նց պետք է» մշտապես օրակարգում պահել Մեղրին ոչ այն է` Լաչինի, ոչ այն է` Արցախի հետ փոխանակելու ժամկետանց շահարկումները։

Իբր` Ռոբերտ Քոչարյանի ուշքը գնում էր «Մեղրին հանձնելու» համար, Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, մի քիչ էլ` այդ մաշված ձայնասկավառակը պարբերաբար պտտեցնող «Շիրխանյան եւ կամպանիան», չթողեցին։

Վերջին անգամ այս թեման արծարծվեց Սամվել Բաբայանի երեկվա ասուլիսում, եւ ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարարը պարզ ասաց` այդ հարցը չէր կարող քննարկվել (առավել եւս` դառնալ բանակցությունների առարկա) առանց իր գիտության եւ համաձայնության, որովհետեւ հենց իր ղեկավարած կառույցը` ԼՂՀ պաշտպանության բանակն էր վերահսկում սահմանի այդ հատվածը։

Իրականում ինչ է քննարկվել` ասել է ինքը` Ռոբերտ Քոչարյանը, եւ ոչ մեկ անգամ։ Խոսքը այդպես էլ Մինսկի խմբի պաշտոնական առաջարկություն չդարձած Քի-Վեստյան տարբերակի մասին է, որով նախատեսվում էր Ղարաբաղը միացնել Հայաստանին, փոխարենը Ադրբեջանին Մեղրիի տարածքով ավտոճանապարհային միջանցք տրամադրել Նախիջեւանին միանալու համար։

Ինչո՞ւ հայր Ալիեւը Քի-Վեստում համաձայնեց, Բաքու ոտք դնելուն պես` գետնով տվեց իր խոսքը, երեւի թե պետք չէ բացատրել։
Բոլոր այն մարդիկ, ում «Մեղրին հանձնելու» ուրվականը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս, հատկապես նրանք, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում իշխանական հիերարխիայում, կարող են դիմել ԱԳՆ եւ խնդրել (հորդորել, համոզել) բացել արխիվները, հրապարակել այն ժամանակ բանակցվող աշխատանքային փաստաթուղթը եւ մեկընդմիշտ վերջ տալ պիտանելիության ժամկետը վաղուց կորցրած այդ շահարկումներին։
Եթե չեն անում` ուրեմն, մի բան գիտեն...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը