Կարծիք

19.04.2019 16:40


«Նիկոլը լավն է, բայց թիմը՝ վատը». հին և չաշխատող կարգախոս

«Նիկոլը լավն է, բայց թիմը՝ վատը». հին և չաշխատող կարգախոս

Երբ դուք հետևում եք խորհրդարանի նիստերին և տեսնում՝ ովքեր են իշխող խմբակցության անդամները, անմիջապես հիշում եք լավ Փաշինյանի և վատ թիմի մասին ձևակերպումը: Բայց եկեք տեսնենք՝ ով է սա հայտարարում: Այդ մարդկանց կարելի է բաժանել մի քանի խմբի.

  1. Նրանք, ովքեր դեռևս հավատում են, որ ներկայիս կառավարությունը կկարողանա երկիրը վերափոխել, և կարծում, որ միայն Փաշինյանի կադրերը թույլ չեն տալիս, որ դա անեն:
  2. Նրանք, ովքեր արդեն հիասթափվել են, բայց հիմա հոգեպես խուսափում են ընդունել, որ Փաշինյանի հարցում սխալվել են, այդ իսկ պատճառով բոլոր նրա սխալները փորձում են բարդել Փաշինյանի թիմի վրա:
  3. Նրանք, ովքեր պարզապես ցանկանում են իշխանության մաս լինել և քողարկված տեքստով ասում են, թե Փաշինյանը հիանալի ծրագիր ունի, բայց իր թիմն ի վիճակի չէ այն իրականացնել: Կամ համեմատում են Փաշինյանին Լի Կուան Յուի հետ: Նմաններին հաստատ չի կարելի իշխանության մաս դարձնել:

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ղեկավար ձևավորում է իր թիմը՝ հիմնվելով ի՛ր գաղափարների և նպատակների վրա: Կարող եք պատկերացնել, թե ինչպիսի նպատակներ ունի Փաշինյանը, երբ նման թիմ ունի:

Մեկ այլ հանգամանք ևս կարևոր է. վարչապետի կադրային բանկը դատարկ է, և այն պատճառով, որ «Փաշինյան պատգամավորը», հատկապես «Նիկոլ լրագրողը», ճնշում են ներկա «վարչապետ Փաշինյանին»: Երբ դուք տարիներ շարունակ ցեխ եք նետում տարբեր քաղաքական գործիչների վրա, մադկանց անվանում եք «մոնղոլ-թաթարներ», կոռումպացված պաշտոնյաներ, ապա դուք ինքներդ եք այրում կամուրջները: Դուք զրկվում եք նախորդ իշխանության համակարգից որակյալ անձնակազմի հետ աշխատելու հնարավորությունից, քանի որ այսօր ձեզ աջակցող զանգվածը չի ընդունի ձեր նշանակումները: Հետևաբար, երբ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Գևորգ Կոստանյանին, շատերը սկսեցին քննադատել իշխանություններին:

Սակայն հարցն այն է, որ Փաշինյանը չունի թիմ, և չի էլ ունենալու: Նա չի ձգտում իր շուրջը հավաքել պրոֆեսիոնալ թիմ:

1990-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ էին անում փոխել իր թիմը, որը ներառում էր ՀՀՇ ներկայացուցիչների: Որոշ ժամանակահատվածում Հայաստանի առաջին նախագահը սկսեց թարմացնել իր շուրջն աշխատող անձանց կազմը եւ «Ղարաբաղ կոմիտեի» առաջին դեմքերին, որոնց հետ Տեր-Պետրոսյանը սկսել էր պայքարը։ Արցախը Հայաստանին միացնելու համար փոխարինելու եկան «երկրորդ էշելոնի» մարդիկ, ովքեր իշխանության համակարգում աշխատելիս արդեն հասցրել էին թաթախվել կոռուպցիայի մեջ: Արդյունքում՝ այս ամենն ավարտվեց 1995 թ. ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքներով եւ, ըստ էության, 1996 թ. ընտրությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալմամբ:

Բանն այն է, որ փոխաբերական խոսքերով գումարելիների տեղափոխությունից գումարը, միևնույն է, չի փոխվում: Փոխես թիմը, թե ոչ, միեւնույն է՝ իրենց նույն անձն է ղեկավարում՝ իր նույն գաղափարներով, գաղափարախոսությամբ եւ ապագայի տեսլականով:

Իհարկե, առաջնորդության տեսության մեջ կա մեկ այլ մոտեցում, որը ենթադրում է, որ թիմն է առաջնորդին դարձնում այնպիսին, ինչպիսին նա կա: Սակայն տեսությունից բացի՝ կա դաժան հայկական իրականություն, եւ իրականությունն այն է, որ ինչպես 1990-ականների սկզբին Տեր-Պետրոսյանն, ըստ էության, այլ թիմ չուներ, եւ ՀՀՇ-ի մի բլոկին փոխարինեց մեկ այլ բլոկ, Փաշինյանն էլ այլընտրանքային թիմ չունի, եւ «քայլարածների» մի մասի փոխարեն կգան ուրիշները, բայց է՛լ ավելի անդեմ եւ անհայտ անձինք:

Արե՛ք եզրակացություններ, պարոնա՛յք:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը