Կարծիք

19.04.2019 15:20


Հեղափոխության պարադոքսը

Հեղափոխության պարադոքսը

Հայաստանում քաղաքական դիսկուրսի մեջ մեկընդմիշտ պիտի արգելվեն «հեղափոխություն» և «հակահեղափոխություն տերմինները»: Ես այս ֆեյք հեղափոխության հենց առաջին օրերին եմ ասել, որ վերջ պիտի տրվի այդ տերմինոլոգիային և հիմա նորից պնդում եմ իմ ասածը, ու խնդիրը միայն հասարակությանը մեկը մյուսին բացառող երկու ճամբարների բաժանելու մեջ չի, որը ազգային անվտանգության տեսակետից խիստ վտանգավոր երևույթ է:

Բանն այն է, որ այդ դիսկուրսը հանգեցնում է մի այնպիսի իրավիճակի, երբ իշխանությունների դեմ դուրս եկած ցանկացած ուժի այդ նույն իշխանությունները կմեղադրեն հակահեղափոխություն կազմակերպելու մեջ, այսինքն՝ նրանք օրենքից դուրս կհայտարարվեն: Հետևաբար, ստացվում է, որ Հայաստանում մեկընդմիշտ խաչ է քաշվել քաղաքացու կողմից իրական քաղաքական պայքար տանելու իրավունքի վրա, խաչ է քաշվել բազմակուսակցական քաղաքական համակարգի վրա, քանի որ ցանկացած ուժ կամ կուսակցություն, որը կսկսի իսկապես մրցակից դառնալ այսօրվա իշխանություններին, անմիջապես վերջինների կողմից կհայտարարվի հակահեղափոխական ուժ ու ռեպրեսիաների կենթարկվի:

Ահա թե ինչու են այսօրվա իշխանություններն անցած տարվա իշխանափոխությունը փորձում ամեն կերպ ներկայացնել որպես հեղափոխություն և ներքաղաքական դիսկուրսը կառուցում հեղափոխություն-հակահեղափոխություն կոնցեպտի վրա, որովհետև չտեսնված լավ հասկանում են, որ միայն այդ դեպքում կկարողանան արդարացնել սեփական ավտորիտարիզմը, միայն այդ դեպքում կկարողանան արդարացնել սեփական քաղաքացիների դեմ ուղղված ռեպրեսիաները, և վերջապես միայն այդ դեպքում կկարողանան իրենց ներկայացնել որպես սպիտակ ու բարի ուժեր, իսկ իրենց քաղաքական ընդդիմախոսներին՝ որպես սև ու չար ուժեր:

Հեղափոխության պարադոքսն է, երբ այն արվում է հանուն ազատության, սակայն ազատության փոխարեն բերում է բռնություն և անազատություն, ու պատահական չէ, որ ամենատոտալիտար պետություններն աշխարհում ստեղծվել են հանուն ազատության տեղի ունեցող հեղափոխությունների արդյունքում:

Ելնելով այս ամենից՝ մարդիկ պիտի վճռականորեն մերժեն հեղափոխություն-հակահեղափոխություն կոնցեպցիան մեր ներքաղաքական դիսկուրսի մեջ, այլապես դա կհանգեցնի մի այնպիսի դրության, որից դուրս գալու համար մեր ժողովուրդը ստիպված կլինի շատ բարձր գին վճարել:

Հարկավոր է հասկանալ, որ կարող է լինել կամ ժողովրդավարություն՝ իրական բազմակուսակցական համակարգով, կամ էլ ավտորիտարիզմ, որտեղ միակ «օրինական» ուժը հեղափոխականներն են լինելու, իսկ նրանց ընդդիմախոսներն օրենքից դուրս են հայտարարվելու և պիտակավորվելու են որպես հակահեղափոխականներ: Քաղաքական այս երկու ռեժիմները՝ իրական բազմակուսակցականության վրա հիմնված ժողովրդավարությունը և հեղափոխություն-հակահեղափոխություն կոնցեպտի վրա հիմնված ավտորիտարիզմը, անտագոնիզմներ են ու բացարձակապես անհամատեղելի, այնպես որ, քանի դեռ Հայաստանում իշխանությունները քաղաքական դիսկուրսը կառուցելու են հեղափոխություն-հակահեղափոխություն կոնցեպցիայի վրա, իրական ժողովրդավարության ու քաղաքացու իշխանության մասին խոսք անգամ լինել չի կարող:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը