Հարցազրույց

19.04.2019 11:55


«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

«Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական և քաղաքական վրեժխնդրության հետևանք է»

Ապրիլյան «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» մեկ տարի անց երկրում ստեղծված իրավիճակը, մեր հարցերին ի պատասխան, գնահատում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը

-Եթե հավատանք իմքայլականներին, ապրիլյան իշխանափոխության հիմնական ձեռքբերումներից մեկն այն է, որ մարդկանց դեմքին «վերջապես» ժպիտ է հայտնվել։ Երբ քայլում եք փողոցով`ժպտացող շա՞տ դեմքեր եք տեսնում։

-Ընդհանուր առմամբ, ես հեղափոխությունների նկատմամբ ունեմ իմ անփոփոխ վերաբերմունքը`որեւէ հեղափոխություն որեւէ երկրի, որեւէ ժողովրդի երբեք ոչ մի լավ բան չի տվել, բացի ժամանակավոր էյֆորիայից։ Հակառակը, հեղափոխություններից հետո` չկատարված ցանկությունների բացասական ֆոնի վրա, էյֆորիան վաղ թե ուշ վերածվում է հուսախաբության եւ ապատիայի։ Նույնը ապրիլյան «հեղափոխության» դեպքում է։

-Ասում են` մերն ուրիշ է, այդ հեռանկարը մեզ չի սպառնում։

-Հասկանում եմ, որ իշխանությունների, իշխանական լիդերի քաղաքական միտքը կանգնել-մնացել է մի տարի առաջվա իրողությունների դաշտում` որեւէ զարգացում չկա, նոր խոսք չկա, նոր միտք չկա։ Անընդհատ նույն բանն ենք լսում` մենք հեղափոխություն ենք արել, հաղթել ենք, կոռուպցիա չկա, մենաշնորհներ չկան, էս չկա, էն չկա... Այդ մարդը` Նիկոլը, իր ողջ գիտակցական կյանքում իրեն նախապատրաստել է միայն հեղափոխության, եւ հեղափոխության հաղթանակից հետո այլեւս ասելիք չունի` մի տարի կրկնվում է։ Այս ընթացքում որեւէ տեսանելի առաջընթաց չի արձանագրել, եւ առաջնորդվում է հեղափոխության դասական կանոններով՝ արտաքին քաղաքական, ռազմավարական հարցերում գնալ զիջումների, թշնամիներ փնտրել ներսում եւ կռիվ տալ ներքին թշնամու դեմ։

Եթե ժողովուրդը մի տարի առաջ ժպտում էր, ուրախանում էր, եւ հիմա հանկարծ փաստի առաջ է կանգնում, մեղավորը ինքն է` ժողովուրդը։ Տա Աստված, որ կառավարությունը հաջողի, տա Աստված` տնտեսական թռիչք լինի, Արցախի հարցը հայանպաստ լուծում ստանա, եւ մեկ տարի առաջվա ժպիտները, որ այսօր, ցավոք, չեմ տեսնում, նորից հայտնվեն մարդկանց դեմքերին։ Բայց ճանաչելով այն մարդկանց, ովքեր ժողովրդին ոսկե սարեր էին խոստանում, այնքան էլ լավատես չեմ այդ հարցում։ Ամենաստոր քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ ժողովրդի միջից հանեցին անհատականությունը`ինքնուրույն մտածելու, երեւույթները սթափ գնահատելու ունակությունը եւ դարձրեցին ամբոխ։ Իսկ ամբոխին կառավարելու համար ընդամենը ամբոխավար պետք է լինել, ինչի պակասը, փառք Աստծու, չի զգացվում` Նիկոլը իր ամբողջ կյանքում լավագույն ամբոխավարներից մեկն է եղել եւ շատ լավ տիրապետում է այդ հնարքներին։

-Բայց այդ գործիքակազմն արդեն, կարծես, իրեն այնքան էլ չի արդարացնում։

-Այդ տեխնոլոգիաները չեն կարող երկար աշխատել։ Եթե իրենց հիշողությունը կարճ է, ապա ժողովրդի հիշողությունը երկար է։ Ժողովուրդը սպասում է, որ տրված խոստումները դառնան իրականություն։ Բայց մինչեւ հիմա որեւէ խոստում չի կատարվել, չի էլ կարող կատարվել, որովհետեւ դա եղել է պարզ մանիպուլյացիա` հանրային գիտակցության վրա ազդելու միջոց։ Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է լրագրողական, քարոզչական մեթոդներով, իսկ այսօրվա լրագրությունը (կներեք`Դուք էլ լրագրող եք) «վերնագրային» լրագրություն է. վերնագիրը լավ լինի, մնացածը երկրորդական է։ Մի ժամ հետո կարելի է մեկ այլ վերնագիր դնել`նախորդին հակասող, եւ`ոչինչ, աշխարհը շուռ չի գա։

-Վարչապետը նոր միտք, նոր գաղափար առաջ չի քաշել, փոխարենը` քաղաքական բառապաշարը հարստացրել է այնպիսի թեւավոր արտահայտություններով, ինչպես` ասֆալտին փռել, ծեփել պատերին (պատերով տալ), վզներից բռնել` դուրս շպրտել, դանակ չխաղացնել, չթպրտալ եւ այլն։ Մի՞թե դա արժանի չէ գնահատանքի։

-Գիտե՞ք՝ ինչն է արտառոց. հա՛մ ասում է` ասֆալտին փռել, ծեփել պատերին, հա՛մ ակնկալում է ներդրումներ, եւ թվեր է հնչեցնում... Լավ, չե՞ս ամաչում։ Գիտես, չէ՞ որ խաբում ես ժողովրդին։ Կարող է` ինչ-որ մարդիկ, որոնք ներդրումներից, ներդրումային միջավայրից ընդհանրապես բան չեն հասկանում, կուլ տան այդ խայծը, բայց մի տարի է անցել`կարո՞ղ ես ասել, ինչ ներդրումներ են եղել Հայաստանում։ Բոլորը հասկանում են, որ ներդրումների համար անհրաժեշտ է ստաբիլ, կանխատեսելի միջավայր. դու քաոս ես ստեղծել, գործող բիզնեսների վերաբաշխման գործընթաց ես սկսել, խնդիրներ ես ստեղծում միջին եւ խոշոր բիզնեսի վրա, եւ ուզում ես`որեւէ մեկը գա, ներդրումներ անի՞ Հայաստանում։ Այդպես չի՛ լինում։

Լյումպենի համակրանքը շահելու համար առաջ ասում էին` կուլակներ, ժողովրդի արյունը ծծողներ, հիմա ասում են` համատարած թալան, կոռուպցիա։ Ասում էին` 700-800 միլիոն դոլար ամեն տարի բյուջեից գողանում են, մի տարի է` դուք եք իշխանության։ Ասում եք` կոռուպցիա չկա` զրո է։ Հարց եմ տալիս`ո՞ւր են նախկինում թալանվող այդ գումարները, ինչո՞ւ բյուջեում չեն երեւում։ Դա նշանակում է` կա՛մ նախկինում չեն թալանել` ժողովրդին խաբել եք, կա՛մ հիմա դուք եք թալանում։

-Վերջերս ականատես եղանք երեւույթների, որ նախկինում ո՛չ տեսել էինք, ո՛չ լսել. տրանսգենդերը ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից եւ իշխող կուսակցության ներկայացուցիչները նրան ծափահարում են, վարչապետը մաքսատան աշխատակցին տեղո՛ւմ ազատում է աշխատանքից, իշխանության դեմ աշխատող ՖԲ օգտատերերի սեւ ցուցակ են դնում շրջանառության մեջ եւ այլն։ Սրա վերջը ի՞նչ է լինելու։

-Մի տարի, 10 ամիս վարչապետը տարբեր ամբիոններից թմբկահարում էր, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, ես նրանցից մեկն եմ։ Էդ ոնց է լինում, որ մի վարչապետը մյուս վարչապետին ազատում է աշխատանքից։ Պարզ է, չէ, որ ընդամենը խաբել ես մարդկանց։ Խաբել ես «հպարտ քաղաքացուն», որը գըմփ-գըմփ-հու էր անում, հրճվում էր, երբ ասում էիր`դու վարչապետն ես, ես` քո ծառան։ Հիմա ասում ես` ա՛յ տղա, ձգված կանգնի, երբ վարչապետն է գալիս։ Գոնե իրեն հայելու մեջ նայո՞ւմ է, տեսնո՞ւմ է` ինքը կարողանո՞ւմ է ձիգ կանգնել, որ ուրիշից է պահանջում։

-Տրանսգենդերի պատմությունն էլ փորձեց ՀՀԿ-ի ու նաև ԲՀԿ–ի վրա «սաղացնել»։

-Մինչեւ տրանսգենդերի ԱԺ ամբիոնի մոտ հայտնվելը գույնզգույն մազերով մի կին ելույթ էր ունեցել Ոսկեզօծ դահլիճում։ Այնպես որ, չե՛մ զարմանում։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ հայտնի տրանսգենդեր է, տրանսվեստիտ է` չգիտեմ, Կարաբինան գնում է Կրթության նախարարի մոտ, երկարատեւ, «ծանր» խոսակցությունից հետո բավարարված դուրս է գալիս եւ հայտարարում է` ո՞նց կարող էր չընդունել, մենք ցեմենտված ենք եղել հեղափոխությանը, իրենց թիկունքին կանգնել ենք... Հիմա ո՞ւր ես փախնում։ Քո հենարանն իրենք են, Սորոսի ճտերն են, Էլթոն Ջոնի նկարներն են, կրոնական փոքրամասնությունները։ Չե՛ս կարող փախնել, շատ փախնես` իրենք իրենց ձեռքով քեզ կպատժեն։ Հիմա ում վրա ուզում ես` գցի, փաստն այն է, որ այդ մարդիկ նախկինում երբեք Աժ ամբիոն չեն բարձրացել, ոսկեզօծ դալիճում ելույթ չեն ունեցել` թույլ չենք տվել։

-Փաշինյանի ամենամեծ «հաջողություններից» մեկը Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելը եւ ավելի քան 4 ամիս փակի տակ պահելն է։ Այդ «գործը» հեռանկար ունի՞։

-Իրավական առումով, կարծում եմ`դեռեւս այն ժամանակ Մարտի 1-ի էջը փակված էր։ Քաղաքական առումով` ոչ. դա մի գործիք է, որ անընդհատ շահարկելու են եւ փորձելու են ծառայեցնել իրենց օգտին։ Այսօրվա իշխանությունները 10 տարի դա են արել։ Ասում էին` քանի դեռ բացահայտված չեն 10 զոհերի մահվան հանգամանքները, Մարտի 1-ի էջը փակված չէ։ Եվ ասում էին` այս իշխանությունների օրոք Մարտի 1-ը չի բացահայտվի։ Այնքան են ասել, քիչ էր մնում` ես էլ հավատայի, որ այդպես է։ Հիմա մեկ տարի դո՛ւք եք իշխանություն։ Որպես մի մարդ, որ տարիուկես գիշեր-ցերեկ այդ կադրերն եմ նայել, տեսել զոհվածների հարազատների արցունքները, հուզվել նրանց հետ, հարց եմ տալիս` պարզե՞լ եք մահվան հանգամանքները, բացահայտե՞լ եք մարդասպաններին։

Որեւէ քայլ այդ ուղղությամբ չի արվել, որովհետեւ դա նրանց պետք չէ։ Ընդհանրապես, ապշեցուցիչ է, երբ բոլորը խոսում են Մարտի 1-ի հետեւանքների մասին, բայց ոչ մեկը չի անդրադառնում պատճառներին։ Իսկ պատճառն այն է, որ այն ժամանակ ընդդիմությունը պատրաստվում էր ոչ թե ընտրություններին, այլ հետընտրական զարգացումներին։ Բանավեճերի ժամանակ, երբ ասում էինք` կտեսնե՛ք, փետրվարի 19-ին ժողովուրդը իր խոսքը կասի, ասում էին` կտեսնե՛ք, փետրվարի 20-ին մե՛նք մեր խոսքը կասենք։ Երկրորդ ամենավտանգավոր բանը, որ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարեց՝ եթե ես չհաղթեմ, ուրեմն` ընտրությունները կեղծվել են։ Երրորդ, հայտարարեց՝ ժողովուրդը պետք է տեր կանգնի իր հաղթանակին եւ այստեղից ինձ տանի Բաղրամյան 26։ Եվ երբ իրենց քարոզչական պատասխանատուներից մեկին դատարանում հարց տվեցին` էդ որ ասում եք` 60, 65 տոկոս, էդ թվերը որտեղի՞ց եք վերցրել, մարդը պարզ ասաց`քարոզչություն է, այդպես պիտի ասեինք, որ ժողովուրդը գար մեր հետեւից։ Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է։

-Ցանկացած կոնֆլիկտ ունի երկու կողմ։ Այս դեպքում կողմերից մեկը դատում է մյուսին, այն էլ`մի հոդվածով, որ «հանցագործության» կատարման պահին գոյություն չուներ։ Այսպիսի արդարադատությունը կարո՞ղ է արդար եւ անկողմնակալ լինել։

-Այն, ինչ կատարվում է երկրորդ նախագահի շուրջ, ակնհայտորեն անձնական եւ քաղաքական վրեժխնդրության հետեւանք է։ Երբեմն մտքեր են հնչում, որ ուղղակի ապշում ես։ Օրինակ, ասում են` բանակը անմիջական մասնակցություն է ունեցել ցույցը ցրելու գործողություններում։ Դա բացահայտ սուտ է`բանակը, այո՛, ներգրավված է եղել, զորանոցներից դուրս է բերվել պետական շենքերի պահպանության համար, ոստիկաններն էլ զբաղված են եղել իրենց գործով։ Բոլորս դա տեսել ենք, եւ Ռոբերտ Քոչարյանն ինքն է ասել այդ մասին։ Այն, ինչ հիմա ասում եւ անում են` ո՛չ իրավագիտության, ո՛չ ճշմարտության հետ որեւէ աղերս չունի։

Հարցազրույցը վարեց Լիլիթ Պողոսյանը

Այս խորագրի վերջին նյութերը