Կարծիք

18.04.2019 15:05


Բաց նամակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին–2

Բաց նամակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին–2

Հարգելի՛ պարոն Վանեցյան.
Ընդամենը երեկ երեկոյան ես Ձեզ հղել եմ բաց նամակ՝ խնդրելով հետամուտ լինել Հայաստանում ընդդիմադիր գործիչներին և ակտիվիստներին ուղղված հալածանքին, սպառնալիքներին և «անցանկալի» մարդկանց այն չարաբաստիկ ցուցակին, որ մի քանի օր առաջ հրապարակվեց «Ֆեյսբուքում»:
Իմ բաց նամակից ժամեր հետո իր ֆեյսբուքյան էջում ինձ անձնական վիրավորանքներ գրեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, և մեր մեջ ծավալվեց թեժ վիճաբանություն: Տեղեկացնեմ Ձեզ, որ այդ ընդհարումը իմ և նրա միջև սկսվել է այն բանից հետո, երբ Սաֆարյանը ընդդիմադիրներին անվանել է «Քոչարյանի տուզիկներ» և «հակահեղափոխական եթիմներ»: Ես էլ նրան հակադարձել եմ՝ նշելով, որ ինքն է այդպիսին:
Փոխադարձ հոդվածներից հետո Ստյոպա Սաֆարյանը ինձ սպառնաց ԱԱԾ-ով՝ նշելով, թե, իբր, ես ներխուժել եմ իր անձնական տարածք, և ինձնով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը:
Պարո՛ն Վանեցյան, այդ երբվանի՞ց են հակառակ կարծիք արտահայտողներին սպառնում ԱԱԾ-ով, կամ այդ երբվանի՞ց Ստյոպա Սաֆարյանը դարձավ ազգ, որի անվտանգությունը պետք է պաշտպանել ինձնից: Մեր երկրի և պետության առաջ այսօր բազում վտանգներ ու սպառնալիքներ կան, և եթե ԱԱԾ-ն սկսի խորանալ ֆեյսբուքյան գրառումների մեջ, դրանից միայն Ձեր և Ձեր աշխատակիցների աշխատանքը կտուժի, և ձեր ժամանակը անիմաստ կսպառվի:
Կոչ եմ անում Ձեզ չտրվել խառնակիչների սադրանքներին և զբաղվել բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովմամբ: Այլապես, եթե վերադառնա 1937 թվականը, Հայաստանը դրանից միայն կթուլանա:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը