Կարծիք

17.04.2019 21:30


Ո՞ւմ է ձեռնտու մարդկանց տգիտության խավարի մեջ պահելը

Ո՞ւմ է ձեռնտու մարդկանց տգիտության խավարի մեջ պահելը

Մարդիկ հաճախ տերմիններ են գործածում, որոնց իմաստը ընդհանրապես չգիտեն, ու ըստ իրենց հայեցողության իմաստավորելով այն` շրջանառության մեջ են դնում. հետո դա դառնում է արդեն սխալ կարծրատիպ, որի արդյունքում ամբողջովին խճճվում են:

Ես բազմիցս անդրադարձել եմ այս խնդրին՝ նշելով, որ դա հիմնականում արվում է որոշակի ուժերի կողմից դիտավորյալ, սակայն դա սովորական տգիտության հետևանք էլ կարող է լինել (ինչը որ այդ ուժերի կողմից խրախուսվում է): Մարդիկ, օրինակ, պարզվում է գաղափար չունեն, թե ինչ է պետությունը կամ ինչ է ժողովրդավարությունը, կամ բռնատիրությունը, ազատականությունը, ինքնիշխանությունը, ինքնորոշումը, մարդու իրավունքներ ասածը և այլն:

Մեկը կար, ծանոթ մարդ էր, շատ լավ ու ազնիվ մարդ էր ի դեպ, ամբողջ օրը ժողովրդավարությանն էր հայհոյում, երբ մի անգամ հարցրի, թե ինչո՞ւ է հայհոյում ժողովրդավարությանը, ասաց, որ մեր բոլոր դժբախտությունները ժողովրդավարությունից են գալիս, որ ինչ Սովետը քանդվեց ու ժողովրդավարություն հաստատվեց՝ մեր երկրի ու ժողովրդի վիճակը միայն ու միայն վատացավ: Փաստորեն, խեղճ մարդը մտածում էր, որ Սովետից հետո մենք ժողովրդավարության պայմաններում ենք ապրում, ու բնական է, որ պիտի հայհոյեր այդ ժողովրդավարությանը: Երբ նրան բացատրեցի, որ ինչին ինքը ժողովրդավարություն է անվանում, իսկական ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունի, ինձ չհավատաց, որովհետև արդեն դա կարծրատիպ էր դարձել իր ուղեղում, ու ոչ միայն իր, այլև հազարավոր մարդկանց ուղեղներում: Կամ մեկին գիտեմ ազատականությանն է (լիբերալիզմ) հայհոյում, հարցնում եմ, թե ինչո՞ւ ես հայհոյում, ասում է՝ դա այլասերվածների գերիշխանությունն է մնացած մարդկանց վրա, դե արի ու այդ մարդուն բացատրի, որ մարդկանց իրավահավասարության սկզբունքը լիբերալիզմի գաղափարական հիմնասյուներից մեկն է: Կամ կան մարդիկ, որոնք հայտարարում են, որ մեր գլոբալիզացված դարաշրջանում ինքնիշխան երկիր չի կարող լինել, հատկապես Հայաստանի նման փոքր երկիրը: Ինչո՞ւ են այդպիսի բաներ հայտարաում, որովհետև չգիտեն, որ ինքնիշխանությունը այն է, երբ քեզ վերաբերվող հարցերի հետ կապված դու ես որոշում կայացնում, այլ ոչ թե ինչ-որ մեկն է քո փոխարեն որոշում, և դա ոչ մի կապ չունի քո չափսերի ու մյուս երկրների հետ քո տնտեսական ինտեգրացիայի աստիճանի հետ:

Ինչևէ, այս սարսափելի տգիտության դեմը պիտի առնվի. քանի դեռ դա չի արվել, մոլորված ոչխարների հոտի նման մեր ժողովրդին կքշեն մի սպանդանոցից դեպի մյուս սպանդանոցը: Բայց դա պիտի արվի քաղհասարակության կողմից (ի նկատի չունեմ ծախու գրանտակերներին)՝ սեփական նախաձեռնությունների շրջանակներում, որովհետև հույս ունենալ, որ մեր նորօրյա «հեղափոխական» իշխանավորները կանեն դա, ուղղակի միամտություն կլինի, քանի որ իրենք նախորդ իշխանություններից շատ ավելի ավտորիտար են, հետևաբար շատ ավելի են շահագրգռված մարդկանց տգիտության ու մոլորությունների մեջ պահելու առումով (մեր վարչապետի ու նրա թիմակիցների մանիպուլյացիաները միայն ու միայն դրա մասին են վկայում): Ընդհանրապես որքան հասուն են հասարակությունները քաղաքականապես ու որքան բարձր է մարդկանց իրավագիտակցությունը, այնքան այդ հասարակություններն ազատ են ու մարդիկ ապահով են և բարեկեցիկ, իսկ իրենց պետականությունները՝ կայացած ու ինքնաբավ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը