Մեկնաբանություն

27.03.2010 15:55


Պայքար ոստիկանապետ դառնալու համար

Պայքար ոստիկանապետ դառնալու համար

Կառավարության կազմում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո կրկին ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ միայն օրինացականներով չի ավարտվելու գործադիրի «բարեշրջումը»։ Սերժ Սարգսյանի «բարեփոխիչ» ձեռքը կարող է հասնել նաև ուժայիններին։

Այժմ «պլանի տակ» է ոստիկանապետը։ Շրջանառվում են մի քանի անուններ, ովքեր կարող են փոխարինել Ալիկ Սարգսյանին։  Արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո՝ ոստիկանապետի պաշտոնի համար մրցավազքում Արմեն Երիցյանը դուրս եկավ շրջանառությունից։ Մնացին հավերժ նախարարացուի կարգավիճակ ունեցող Վովա Գասպարյանը, այդ կարգավիճակին ձգտող Գիզիրյանը և սեփական թեկնածության տարբերակը շրջանառության մեջ դնող Ներսիկ Նազարյանը։

Վ. Գասպարյանը, երևի, ինքն էլ արդեն չի հավատում, որ երբևէ կդառնա հանրապետության թիվ մեկ ոստիկանը։ Նախընտրական փուլում նա չէր հեռանում Սերժ Սարգսյանի կողքից, բայց դա չօգնեց, և ոստիկանապետի պաշտոնն իր կողքով անցավ։

Գիզիրյանը «նեզալատոյ զապասի» կարգավիճակ ունի և, հավանաբար, այդ դերում էլ կմնա դեռ երկար ժամանակ։

Դե իսկ Երևանի քաղաքային վարչության պետ Ն. Նազարյանը այն մարդկանցից է, ովքեր պարբերաբար հիշեցնում են իրենց մասին. հեռուստաէկրաններից են երևում, հարցազրույցներ տալիս, որպեսզի մշտապես գտնվեն բարձր ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Ճիշտ է, Նազարյանը երբեմն նշում է, որ իրենց ուժերը չհերիքեցին, որպեսզի մինչև վերջ գնան այս կամ այն գործը բացահայտելիս, բայց դա այսօրվա Հայաստանում այնպիսի «մանր» խոչընդոտ է ոստիկանապետ դառնալու  համար, որ շատերի ուշադրությունից վրիպեց Երևանի քաղաքային վարչության ներկայիս պետի այդ ինքնախոստովանությունը։

Ուշագրավ է, որ ոստիկանապետ դառնալու համար Ն. Նազարյանը կիրառում է բավական հետաքրքիր PR-տեխնոլոգիաներ և դա պատահական չէ, քանի որ բիզնեսի կանոններին ու ինքնագովազդի նրբություններին Նազարյանը տիրապետում է գործի բերումով։ Բանն այն է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Նազարյանին են պատկանում «Մոսկվիչկա» սուպերմարկետը, «Մանչո Գրուպ» կազմակերպությունը։ Այսինքն ստացվում է, որ բացահայտումներ անելիս Նազարյանի ուժերը կարող են չբավականացնել, բայց այդ ուժերը լրիվ բավարար են լինում, երբ խոսքը վերաբերում է «էլիտար» սուպերմարկետների ցանցի ընդլայնմանը։

Ենթադրաբար էլի բաներ կունենա Երևանի ոստիկանապետը, ինչից, սակայն, մենք տեղյակ չենք։ Բայց դա չէ էականը։ Էականն այն է, որ ոստիկանի, այսինքն՝ պետական պաշտոնյայի ներգրավվածությունը բիզնեսում, եթե չենք սխալվում, կոչվում է կոռուպցիա։ Կոռուպցիայի դեմ պայքարի թեմաներից խոսել սիրող «էլիտար» վարչապետ Տիգրան Սարգսյանը լավ կլինի, որ նախևառաջ հետաքրքրվի «էլիտար» ոստիկանների իրական գործունեությամբ և դեմագոգիայով չզբաղվի, եթե, իհարկե, նրա նպատակը էժանագին քարոզչությունը չէ;

  Նազարյանը, բնականաբար, կարող է ասել, որ նշած բիզնեսներն իրենը չեն, այլ իր ընտանիքինը կամ հարազատինը, բայց հետաքրքիր է, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ հատկապես պետական բարձր պաշտոն զբաղեցնողների հարազատներն ու բարեկամներն են հմուտ ու հաջողակ բիզնեսմեն դառնում մեր երկրում, այլ ոչ թե հասարակ մահկանացուները։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նազարյանների բարեկամներն ու ծանոթներն են Երևանի կենտրոնում թանկանոց խանութներ ունենում, այլ ոչ թե ուրիշները։

Ի դեպ, Երևան քաղաքի քրեածին իրավիճակի թվերին  ծանոթանալիս՝ հետաքրքիր պատկեր ի հայտ եկավ. հանցագործությունների բացահայտման թվերն աճ են արձանագրել, բայց դատվողների թվերը՝ նվազեցում։ Դա միայն մեկ բանի մասին կարող է վկայել, որ ոստիկաններն ակնհայտորեն «շտատնի» դատվողների ցուցակ ունեն, ովքեր տարբեր հանցագործություններ իրենց վրա են վերցնում և որոշակի գործարքի դիմաց «ցուցմունքներ» տալիս։ Դրա արդյունքում վիճակագրությունը ցույց է տալիս բացահայտումների աճ, բայց քրեածին իրավիճակը դրանից չի փոխվում։ Սրանք, իհարկե, ենթադրություններ են, որի կապակցությամբ կուզենայինք որոշակի պարզաբանումներ ստանալ ոստիկանությունից, ինչը և կանենք առաջիկայում։ Եթե Նազարյանը ձգտում է ոստիկանապետի պաշտոնին, ապա լավ կլինի, որ հենց նա էլ տա այդ պարզաբանումները։

Իսկ առայժմ՝ ոստիկանապետի պաշտոնին հասնելու մրցավազքը շարունակվում է։ Սպասենք «բարեշրջումների»։

Արտակ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը