Լրահոս

17.04.2019 12:14


Ինչո՞ւ է Արթուր Դավթյանը վերացրել Միհրան Պողոսյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը

Ինչո՞ւ է Արթուր Դավթյանը վերացրել Միհրան Պողոսյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը

Միհրան Պողոսյանի վերաբերյալ հարուցված նոր քրեական գործով ձեռք էին բերվել տվյալներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրա հիման վրա վերացնեմ նախկինում կայացված որոշումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ գործը նորից վերաբացվեց:

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի վերաբերյալ գործի վարույթը կարճվել էր 2017թ. հունվարին: Իսկ օրեր առաջ ՀՔԾ-ն հայտարարեց Պողոսյանի վերաբերյալ քննվող նոր քրեական գործի մասին, որի շրջանակներում Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել նաև օֆշորային մեքենայությունների համար:

«Քրեական գործով այս կամ այն որոշում կայացնելու հիմքերը գործում առկա փաստական տվյալներն են: Վերջերս հրապարակվեց Միհրան Պողոսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակը, եթե նկատեցիք, մենք այնտեղ ունեինք հանցագործության դրվագներ, որոնք նախկինում հարուցված քրեական գործի շրջանակներում չէին եղել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կարելի՞ է փաստել, որ հեղափոխությունից հետո դատախազությունն ավելի անկաշկանդ է գործում, Արթուր Դավթյանը պատասխանեց.

«Նախկինում չի եղել որևէ ճնշում, հանգամանք. Միհրան Պողոսյանի գործը վերաբացելը բացառապես քրեական գործի տվյալներով պայմանավորված է եղել»,-ասաց գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։

Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը