Մեկնաբանություն

16.04.2019 13:20


Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ ռուսական հեռուստաալիքների (տեսանյութ)

Հայաստանում տեղի ունեցած զարգացումները կասկածների ու «դասակարգային» հակադրության պատճառ են դարձել հայ–ռուսական հարաբերություններում։

Փոխանակ փարատելու այդ կասկածները, վերացնելու «դասակարգային» հակադրության հիմքերը և բարելավելու Մոսկվայի հետ փոխշահավետ ռազմավարական հարաբերությունները՝ Նիկոլ Փաշինյանը հակառակ քայլերն արեց։

Փաշինյանն իր պաշտոնավարման սկզբում առաջարկում էր Ռուսաստանին ադապտացվել Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»։ Հետո նա հասկացավ, որ այդ խաղի կանոնը կարող է շատ թանկ նստել իր վրա ու սկսեց ինքն ադապտացվել Մոսկվային, բայց արդյունքում ստացվեց ինչպես միշտ։ Այսինքն՝ ավելի վատ։

Փաշինյանը փորձեց ՌԴ–ին սիրաշահել։ Նա որոշեց Սիրիա զորախումբ ուղարկել։

Այդ քայլով նա, մեծ հաշվով, չփոխեց Կրեմլի վերաբերմունքն իր հանդեպ, բայց առաջացրեց Արևմուտքի բացասական ռեակցիան։

Փաշինյանը զուգահեռաբար որոշեց ադապտացվել նաև ԱՄՆ–ին՝ մտնելով Հայաստանի շահերին հակասող Բոլթոնի պլան ու հետո վախից հետ քաշվեց, որի արդյունքում անվստահությունը մեծացրեց Մոսկվայում ու միաժամանակ առաջացրեց բացասական ռեակցիա Վաշինգթոնում։

Ու որքան շատ էր ադապտացնում Փաշինյանը Հայաստանն աշխարհի հզորների շահերին, այնքան ավելի ուժգնանում էին դրսի հարվածները պաշտոնական Երևանի ուղղությամբ։ Այդ ադապտացիաների արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը «և՛, և՛»–այինից դարձավ «ո՛չ, ո՛չ»–ային։ Այսինքն՝ Հայաստանը ո՛չ Ռուսատանում էր շահում, ո՛չ Արևմուտքում։

Մենք հիմա անվստահելի ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ու անհուսալի մեր բնական գործընկեր Արևմուտքի համար։ Դասեր, սակայն, չեն քաղվել։ Չեն քաղվել, քանզի Փաշինյանը քաղաքականությամբ զբաղվում է բացառապես անձնական շահի ու հոգեբանական բարդույթների ազդեցության տակ։

Նա ամենուրեք դավադրություններ է տեսնում։ Բոլոր նրանք, ովքեր իր թրի տակով չեն անցնում կամ չեն հիանում իրենով, հակահեղափոխականներ ու սևեր են հռչակվում։ Սև են նախկինները, ներկաների չզոմբիացված հատվածը, աշխատանք պահանջող քաղաքացին, մանրից մինչև խոշոր բիզնեսմենը, իր խոստումները հիշեցնողները, ֆեյքերը։

Փաշինյանը թիրախավորել է նաև հայկական մեդիային։

Ուշագրավն այն է, որ նա արդեն տեղականից անցել է արտաքին տարածք ու կռիվ է տալիս ռուսական մամուլի դեմ՝ վերջինիցս պահանջելով ադապտացվել իրեն։

Երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը պահանջում էր դադարեցնել ռուսական որոշ ալիքների հեռարձակումը Հայաստանում, նա ակնհայտորեն դա անում էր Փաշինյանի ցուցմամբ, բայց այդ ամենը, ժանրի կանոնների համաձայն, մատուցվեց որպես «աշխատավորական կոլեկտիվների» պահանջ։

««Ռոսիա» ալիքը եթեր է հեռարձակում չափազանց ագրեսիվ հաղորդումներ՝ ակնհայտ հակահայկական ուղղվածությամբ, որոնք հայերի հանդեպ ատելության կոչ են անում»,– հայտարարեց քայլարած Նարինեն։

Ինչպես որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը սկզբում քաղաքապետացու Հայկ Մարությանի շուրթերով շրջանառության մեջ դրեց հանրությանը սևի ու սպիտակի բաժանելու կոդը, ու հետո ինքը մտավ խաղի մեջ, այնպես էլ իր կռիվը ռուսական հեռուստաալիքների հետ սկսեց թիմակցի միջոցով։

Թուխիկյանի «հուժկու» պահանջից հետո արդեն Փաշինյանն անձամբ «մեյդան» եկավ ու սկսեց կռիվ տալ ռուսական հեռուստաալիքների դեմ։

Իսկ ո՞րն է ռուսական ալիքների մոտ ոչ կոռեկտը։

Գաղտնիք չէ, որ ռուսական վերնախավն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին։ Գաղտնիք չէ նաև այն, որ հայ–ռուսական հարաբերություններում լարվածություն է առաջացրել մասնավորապես 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված պատմությունը։ Հասկանալի է, որ սա միայն Պուտին–Քոչարյան ջերմ ընկերական հարաբերությունների հարց չէ։

Կրեմլի համար Քոչարյանի հետ տեղի ունեցողը կարող է վատ նախադեպ դառնալ ԵԱՏՄ տարածքում՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Չհասկանալ սա, գնալ անձնական հաշիվներ մաքրելու ճանապարհով ու հարվածի տակ դնել Հայաստանի շահերը նշանակում է փողոցային գործչից չդառնալ պետական գործիչ։

Ռուսական համապետական հեռուստաալիքները Քոչարյանին համարում են քաղաքական հետապնդումների զոհ, իսկ Փաշինյանին՝ 2008–ի մարտի 1–ին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչ ու «փորձառու քաղաքական խառնակիչ» Լևոն Տեր–Պետրոսյանի թիմակից։

Ահա այս ամենն է հունից հանել Փաշինյանին, ով հայ–ռուսական հարաբերություններում առաջացած կնճիռները հարթելու փոխարեն ավելացնում է դրանք՝ ելնելով անձնական շահերից ու հաշվարկներից։

Թե ինչով կավատրվի Փաշինյանի՝ իրեն ադապտացվելու պահանջն առ ռուսական լրատվամիջոցներ, դժվար չէ գլխի ընկնել։ Հարց է, թե այս անգամ ի՞նչ գին է վճարելու «ժողովրդի վարչապետը»։ Իսկ որ վճարելու է, անկասկած է։ Հայաստանի հաշվին, բնականաբար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը