Կարծիք

26.03.2010 17:10


Պաշտպանել թիմը' պատժելով Վարդան Այվազյանին

Պաշտպանել թիմը' պատժելով Վարդան Այվազյանին

«Սույն թվականի մարտի 20-ին տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Քննարկվեցին ներկուսակցական եւ ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Ներկուսակցական-կարգապահական հարցերի շրջանակում քննարկվեց նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Այվազյանի կուսակցական պարտականությունների կատարման հարցը: Վերջինիս' ՀՀԿ կանոնադրության 3.10 կետի համաձայն, հայտարարվեց խիստ նկատողություն»:  Սա ՀՀԿ մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունն է: Սույն  կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն,  փաստացի հերքել է լուրն այն մասին, թե Այվազյանին նկատողություն հայտնելու իրական պատճառը եղել է վերջինիս' «Ժամանակ» թերթին օրերս տված մեկնաբանությունը'  կապված  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի'  էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հասցեին արած հայտարարության հետ: Հիշեցնենք, որ Վ.Այվազյանը թերթին  հայտնել էր. «Եթե Ծառուկյանը տվել է իր գնահատականը, ապա դրա համար ունի իր արժանավոր հիմքերը: Իսկ պատգամավորը կաշկանդված չէ իր տեսակետը որեւէ մեկի կամ որեւէ բանի մասին հայտնելու հարցում»: Պատգամավորը, այնուհետ  ասել էր, թե  ԲՀԿ ղեկավարի ասածը չի մեկնաբանում որպես կոալիցիայից դուրս գալու մասին մեսիջ: «Ծառուկյանը ծտի լեզվով չի խոսում: Եթե ինքը որեւէ խնդիր ունի կոալիցիայից դուրս գալու, ապա այդ մասին կհայտարարի բացահայտ: Ես սա ասում եմ' շատ լավ ծանոթ լինելով նրա անձին: Դուք ինչո՞ւ եք կարծում, որ Ծառուկյանը ինչ-որ բանից պետք է վախենա»:  Նկատենք, որ Այվազյանն էլ օգտվելով պատգամավորի իրեն վերապահված լիազորությունից' արտահայտել էր իր տեսակետը, կարծիքը' մեկ այլ գործընկերոջ'  Ծառուկյանի ասածի մասին: Նա, ըստ էության, այսպիսով որեւէ քրեական արարք չի կատարել,  ընդամնեը իրացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը' տեսակետ է հայտնել: Բայց արի ու տես, որ պատգամավորի այս բացախոսությունը դարձել է վերկուսակցական ինտրիգների ու խլրտոցի առարկա, եւ միայն այն հանգամանքը, որ բազմազբաղ Սերժ Սարգսյանը, որն այդպես էլ ժամանակ չգտավ թեկուզ ռեպլիկի կարգով պատասխանելու ԲՀԿ ղեկավարին ու այսպիսով պահելու իր նորաթուխ կուսակից ընկերոջ' Երիցյան Ներսիկի թասիբը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է հրավիրում ու խիստ նկատողություն հայտնում իր մեկ այլ կուսակցի' Վարդանին' Այվազյան, հղում անելով ՀՀԿ կանոնադրության   3.10. կետին: Համաձայն այդ կետի. «Կուսակցության կանոնադրությամբ  նախատեսված պարտականությունները կամ վերադաս մարմինների որոշումները չկատարելու դեպքում կուսակցականը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության'  նկատողություն, խիստ նկատողություն, հեռացում կուսակցության շարքերից»: Թե այդ ո՞ր պարտականությունները եւ կամ այդ ո՞ր վերադաս մարմիների ու ո՞ր որոշումները չի կատարել Այվազյանը չի նշվում ՀՀԿ մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Եւ ուրեմն մնում է ենթադրել, որ այդ պարտականությունը, որը չի կատարել Այվազյանը, թիմակից նժդեհականներին ատամներով, դոշով  ու մարմնի մնացած մասերով պահելն է' անկախ «պաշտպանյալի» թույլ տված սխալի մեծությունից ու կոպտության աստիճանից: Նկատենք, որ  Սերժ Սարգսյանը ամեն ՀՀԿ-ականի ու ամեն ասածի առթիվ չէ, որ գործադիրի  նիստ է հրավիրում ու «շողուլի բերում» յուր թիմակիցներին, ավելին'  այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածում' ի լուր ամենքի: ՀՀԿ-ն, օրինակ, գործկոմի նիստ չհրավիրեց այն ժամանակ, երբ մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ական' Գալուստ Սահակյանը հայ-թուրքական արձանագրություններին ընդդիմացող սփյուռքահայ մեր հայրենակիցներին «ազգի տականք»  անվանեց: ՀՀԿ փոխնախագահը, բնականաբար, որեւէ կուսացական պատասխանատվության չենթարկվեց, անգամ' նկատողություն չստացավ իր այդ սանձարձակ հայտարարության համար, քանի որ արձանագրություններին ընդդիմացող «ազգի տականքները» Սերժ Սարգսյանին  միտինգներով ու պիկետներով էին դիմավորում, «դավաճան եւ ուրացող» անվանում  նրան: Եւ ուրեմն, կեցցե Գալուստը Սահակյան, որ նզովել է կուսղեկին քննադատողներին, նա արժանի գլուխշոյանքի: Իսկ այ Այվազյանի դեպքը բոլորվին այլ է, նա հանդգնել է «քցել» իր կուսակից ընկերոջը' համաձայնելով նրան քննադատողի հայտնած կարծիքի հետ, ինչի համար, ինչպես հայտնի է, հատուցվում են գլուխշոյանքի հակառակ գործողությամբ: Ի դեպ, հենց Վ. Այվազյանի հայտարարության առթիվ հրավիրված գործկոմի նիստը ու այդ նիստի հանրայնացումը բացահայտում է կարեւոր մի իրողություն, որն առնչվում է տնտեսական ճգնաժամի հայղթահարված լինելու մասին Երիցյանի հայտարարությանը: Ի վերջո, սա այն հայտարարությունն էր, որը հատուկ քարոզչական նպատակով էր դրվել շրջանառության մեջ, որպեսզի պատրանք ստեղծվի, որ  Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավարությունը կենսունակ է, աշխատող մարմին: Այն աստիճան, որ կարողանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հասցրած հարվածներին դիմագրավել' շնորհիվ թեկուզ եւ վերջերս ՀՀԿ-ական դարձած  «տեխնոկրատ նախարարների» ու վարչապետի:  Ու հանկարծ կոալիցիայում մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարը հանդգնում է ոչ միայն պայթեցնել Երիցյանի փչած քարոզչական փուչիկը, այլ նաեւ հղում անում տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին կանխատեսումներին: Սա հավասարազոր է Սերժ Սարգսյանի առաջ իմպիչմենտի պահանջ դնելուն, քանի որ ճգնաժամի երկրորդ ալիքը, որի մասին զգուշացնում է Ծառուկյանը,  ուղղակի աղալու է առանց այդ էլ ջարդված մեջքով ՀՀ տնտեսության եւ դրա համար պատասխանատու կառավարության  ոսկորները: Ուստի եւ բնական է Սերժ Սարգսյանի ինքնապաշտպանական ռեակցիան' ուղղված նախ Ծառուկյանի, ապա եւ Քոչարյանի' տնտեսական թեմայով քննադատություններին, որոնց պատասխանելու համար ընտրվեց Վարդան Այվազյանին անկյուն կանգնեցնելու,  ու Ներսիկ Երիցյանին «քաղցրավենիք» տալու մեթոդը: Ի վերջո, պաշտպանելով  Էկոնոմիկայի նախարարի թեզը' ճգնաժամի հաղթահարված լինելու մասին, Սերժ Սարգսյանը հոգում է նաեւ իր ու իր թիմակիցների, այդ թվում եւ Վարդան Այվազյանի պաշտպանությունը, որոնց ապագայում սպառնում են ոչ միայն տնտեսական, այլ մնացած  ճգնաժամերի երկրորդ, երրորդ եւ հնարավոր հաջորդ  ալիքները:

Հեղինե Մանուկյան      

Այս խորագրի վերջին նյութերը