Կարծիք

16.04.2019 00:10


Արդյոք հեղափոխություն եղե՞լ է

Արդյոք հեղափոխություն եղե՞լ է

Հայաստանում տիրող անորոշության մթնոլորտը գնալով ավելի է խորանում, և հանրությունն ապակողմնորոշված է և չի կարողանում հստակ գնահատել այն ամենը, ինչը տեղի է ունենում։ Անհրաժեշտ է ստեղծված իրավիճակում հստակություն մտցնել, ինչի համար պետք է մեկ տարով հետ գնալ ու փորձել գնահատել անցած տարվա ապրիլյան դեպքերը։ Առանց այդ ժամանակվա իրադարձությունների մեջ պարզություն մտցնելու՝ անհնարին կլինի առաջ շարժվել։

Իշխանության լեգիտիմությունը

Լիգիտիմություն նշանակում է ժողովրդի համաձայնություն իշխանության հետ, այսինքն՝ իշխանության կողմից ընդունված ինքնակամ որոշումների հետ համաձայն լինելը։

Լեգիտմությունը չպետք է շփոթել օրինականության հետ։ Օրինակ՝ անցած տարվա ապրիլյան իրադարձություններն անօրինական էին, այսինքն՝ ժողովրդի ճնշմամբ իրականացած իշխանափոխությունը հակասահմանադրական էր, սակայն լեգիտիմ էր, որովհետև համապատասխանում էր հանրության ճնշող մեծամասնության ցանկությանը։ Ժողովուրդը հոգնել էր հեռանկարի բացակայությունից և քաղաքական ու արժեքային ճահճից դուրս գալու տարբերակներ էր որոնում և լեգիտիմ, բայց ոչ օրինական գործողությունների շնորհիվ փոփոխությունների կողմ հանդես եկավ։

Ցանկացած իշխանություն իր լեգիտիմությունը հաստատելու համար դիմում է պրոպագանդիստական հնարքների։ Ապրիլյան դեպքերը ներկայիս իշխող ուժը որակեց «հեղափոխություն» և ըստ հեղափոխությունների կանոնների՝ փորձեց հեղափոխական սիմվոլիկա հաստատել՝ «քաղաքացու օր», հեղափոխության թանգարան, մշակել տարբեր տեսակի խորհրդանիշներ և այլն։ Ավելին՝ կառավարության կողմից կա ձգտում «հեղափոխությանը» հաղորդել միջազգային հնչեղություն, այսինքն՝ ժամանակակից աշխարհում այն ներկայացնել որպես մի մոդել, որով կկարողանան շարժվել նման վիճակներում հայտնված երկրները, սակայն «միջազգային հանրությունն» այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե ինչ նոր արժեքներ, նոր բարոյականություն կամ նոր լուծումներ է աշխարհին առաջարկել «հայկական հեղափոխությունը»։ Կարծում եմ, որ մեզ համար ևս այդ ամենն այնքան էլ հասկանալի չէ։

Պարզ է, որ «հեղափոխության» բրենդը ներկայիս կառավարության լեգիտիմության հիմքն է, սակայն բրենդը՝ բրենդով, իսկ բովանդակության հարցում դեռևս որոնողական աշխատանքներ է պետք իրականացնել, որոնց արդյունքների հիման վրա կկարողանանք այս անորոշությանը պարզություն հաղորդել։

Ինչո՞ւ ընդվզեց հանրությունը

90-ից սկսած՝ Հայաստանի կառավարող շերտը պարզ տրամաբանությամբ է շարժվել․ իշխանությունը պահելու համար պետք է վերահսկել տնտեսությունը և կապիտալը, կամ ավելի պարզ ասած՝ փողը։ Եղած կապիտալը պետք է ծառայեցնել սեփական քաղաքական նպատակների համար և թույլ չտալ, որ գոյություն ունենա իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող ազատ կապիտալ, որը կծառայի ընդդիմադիր կուսակցությունների կայացմանը։

Վերահսկել և բաժանել, դա է եղել Հայաստանի իշխանությունների գլխավոր գործելակերպը. ով վերահսկում է տնտեսությունը, նա վերահսկում է քաղաքական դաշտը և արդյունքում՝ պետությունը։ Դա տնտեսության և իշխանության սերտաճման հիմնական պատճառն է եղել, ինչպես նաև ապրիլյան իրադարձությունների հիմնական դրդապատճառներից մեկը։

Այդ դեպքերը մարդկանց մոտ հույս էին արթնացրել, որ տնտեսությունը և քաղաքականությունը միմյանցից կտարանջատվեն, ինչը մրցակցային քաղաքական համակարգի ստեղծման համար առողջ հիմք կհանդիսանա, որտեղ միմյանց դեմ կպայքարեն գաղափարները, իսկ ընտրողը կկարողանա կատարել գիտակցված ընտրությունը։ Տնտեսությունն, իր հերթին, կկարողանա ազատվել քաղաքական տանիքներից, մոնոպոլիաներից ու ազատ շունչ կքաշի, ու արդար մրցակցության շնորհիվ կկարողանանք տնտեսական բարգավաճման հասնել։ Արդյունքում՝ սեփականությունը հանրության կողմից կճանաչվի արդար, առանց որի՝ երկրում չեն կարող բարգավաճում և օրինականություն հաստատվել։ Սա էր հիմնական սպասումը, որը հանրության համար հստակ ձևակերպված չէր, սակայն ենթագիտակցորեն բոլորի համար ընդուների էր։

Այսպիսով, որպեսզի ապրիլյան իշխանափոխությունը վերաճեր հեղափոխության, պետք է իրականացվեր երկու քայլ․

  • տարանջատել տնտեսությունը իշխանությունից,
  • հանրության կողմից ճանաչել տալ սեփականության անձեռնմխելիությունը։

Մնացած քայլերը՝ Սահմանադրության փոփոխությունն ու իշխանության ճյուղերի միջև հավասարակշռություն հաստատելը, կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը, անկախ դատական համակարգի հաստատումը այդ երկու քայլերի արդյունքը կլինեին։

Մեկ տարին բավական էր, որ գործող իշխանությունը հստակորեն հռչակեր այդ նպատակները և հանրությանը ներգրավվեր այդ գործընթաց, սակայն մենք հակառակն ենք տեսնում, դա տեղի չի ունենում. ավելին՝ տրված խոստումներից «հեղափոխության առաջնորդը» կամ «ժողովրդի թեկնածուն» հրապարակավ հրաժարվում է։

Հեղափոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն

Անցած տարվա ապրիլին տեղի ունեցածը կարելի է համարել հեղափոխություն, ինչպես նաև կարելի է համարել իշխանափոխություն։

Եթե համարենք, որ երկրում ընտրական համակարգի հանդեպ կար խորքային անվստահություն, և հանրության միջամտության շնորհիվ վերականգնվել է ընտրությունների ինստիտուտը, ապա կարող ենք համարել, որ ընտրությունների միջոցով (հանրության միջամտության շնորհիվ) տեղի է ունեցել պարզ իշխանափոխություն՝ մեկ քաղաքական ուժը եկել է փոխարինելու մյուս քաղաքական ուժին, ինչպես դա տեղի կունենար բնականոն ընտրությունների ժամանակ։

Իսկ եթե տեղի է ունեցել հեղափոխություն, ապա պետք է ենթադրել, որ ընթանում են համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք վերը թվարկվել են։

Կարծես թե թվարկված համակարգային փոփոխություններից գործող իշխանությունը հրաժարվում է, ինչից կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, տեղի է ունեցել իշխանափոխություն, սակայն արդար ընտրական համակարգի հաստատման համար երաշխիքներ չեն ձևավորվել՝ սեփական լեգիտիմության հաստատում, կուսակցությունների մասին նոր օրենք, Սահմանադրության փոփոխություններ և այլն։

Այսինքն, կարելի է եզրակացնել, որ հաջորդ ընտրությունների արդար անցկացման համար պարբերաբար հանրության միջամտության անհրաժեշտությունը պետք կլինի, կամ ամեն ինչ կշարունակվի նախկինի պես, որովհետև կա դասագրքային ճշմարտություն՝ որքանով իշխանությունների լեգիտիմության աստիճանը նվազում է, այնքան իշխանության մոտ մեծանում է ուժի դիմելու գայթակղությունը, ինչը տրամաբանորեն կհանգեցնի հետագա ընտրությունների կեղծմանը, այսինքն՝ նրան, ինչից սկսել ենք։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը