Կարծիք

15.04.2019 13:09


Հլա ո՜ւր եք... ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Հլա ո՜ւր եք... ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Ինչ-որ մեկը ուշ գիշերով սեւ թավշից մի ցուցակ էր դրել շրջանառության մեջ, որտեղ նշված էին Նիկոլի եւ իր ջոկատի մասին վատ արտահայտվող «անպատասխանատու» ՖԲ օգտատերերի անունները։ Անաստվածները լուսահոգի Կիմա Եղիազարյանին էլ չեն մոռացել...

Արձագանքը «միանշանակ» չէ։ Ֆեյսբուքահայությունը վաղ առավոտից տագնապահար բզզում է, եւ ոչ միայն այն պատճառով, որ սրանից վատ հոտ է գալիս։

Բանն այն է, որ ցուցակը զարմանալիորեն կարճ է`«սաղ-սաղ» մի 160 անուն։ Իսկ ապրիլյան «սիրո եւ համերաշխության» ալիքի վրա իշխանության եկած նեոբոլշեւիկների նկատմամբ, մեղմ ասած, անբարյացակամ վերաբերմունքը ակտիվորեն բարձրաձայնող ակտիվ մարդկանց թիվը, ինչպես ինքներդ էլ հասկանում եք, շատ ավելի մեծ է։ Անհամեմա՛տ ավելի մեծ։

Եվ ահա, շատերը, խոշորացույցի տակ զննելով ցուցակն ու չգտնելով այնտեղ իրենց անունները, խորապես հիասթափված են ակնհայտ խտրական եւ անարդար այդ վերաբերմունքից. ի՞նչն է խնդիրը` որտե՞ղ են թերացել, ինչո՞ւ իրենց չեն նկատել եւ չեն մտցրել տեսողության, լսողության, մարդկային պարզ տրամաբանության հետ խնդիրներ չունեցող գուցե ոչ «հպարտ», բայց համարժեք քաղաքացիների ցանկում։

Մի՛ վշտացեք, հարգելինե՛րս։ Երեւի ոմանց դուր է գալիս մտածել, որ այդպիսի մարդկանց Հայաստանում «մատների վրա կարելի է հաշվել»։

Համ էլ` ամեն ինչ առջեւում է... Դեռ կհասցնեք հայտնվել Նիկոլի դեմ խոսող անցանկալի անձանց ցուցակներում։ Նիկոլի ասած` որ շատ «թպրտաք» (բառապաշար եմ ասել Է՜), կարող է`Նարեկ Սամսոնյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի եւ մյուսների պես ոստիկանություն էլ բերման ենթարկվեք։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը