Կարծիք

14.04.2019 14:35


Ինչի՞ մասին է խոսում մեր «հեղափոխական» կառավարության գոյության փաստը

Ինչի՞ մասին է խոսում մեր «հեղափոխական» կառավարության գոյության փաստը

Ես բազմիցս անդրադարձել եմ աշխարհի հզորների կողմից հասարակությունների կազմակերպվածության աստիճանի թուլացման, նրանց ներսում երկպառակություններ սերմանելու ու այդօրինակ այլ բաներ անելու թեմային: Դա արվում է, որպեսզի հասարակությունները չկարողանան պաշտպանել սեփական շահերը, ու կախվածության մեջ ընկնեն իրենցից: Սա մարքսիստների տերմինաբանությամբ ասած՝ սովորական դասակարգային պայքար է, երբ իմպերիալիստական հզոր կլանները ցանկանում են սահմանափակել հասարակության մյուս շերտերի ու դասակարգերի իրավունքներն ու ազատությունները նրանց շահագործելու և ռեսուրսների հասանելիությունից նրանց զրկելու կամ գոնե դա նվազեցնելու համար:

Այդ նպատակով նրանք խրախուսում են այդ հասարակությունների մեջ եղած դեստրուկտիվ խմբերին` պարտադրելով մարդկանց նրանց արժեհամակարգը. ինչ է դա նշանակում, օրինակ՝ ընտանիքի ինստիտուտը ոչնչացնելու համար նրանք աղջիկների ու երիտասարդ կանանց մեջ ներարկում են այնպիսի արժեհամակարգ, ու հետևաբար նաև վարքականոն, որն անհամատեղելի է ընտանեկան կյանք վարելու հետ, այդպիսի կանանց հետ տղամարդիկ սովորաբար ի վիճակի չեն լինում մեկ հարկի տակ երկար ապրել: Այդ նույն բանը անում են նաև տղաների հետ` զրկելով նրանց տղամարդկային որակներից, մասնավորապես իրենց մեջ իդեալներ կրելու որակից և պասիոնարությունից՝ դարձնելով նրանց եսակենտրոն, նյութապաշտ, ցուցամոլ ու ձևականությունները բովանդակայինից գերադասող:

Բանն այն է, որ այսպիսի արժեհամակարգ կրող մարդիկ հենց այն ամբոխն են, որոնց անհամեմատ ավելի հեշտ է կառավարել ու ուղղորդել, որոնց ավելի հեշտ է ստրկացնել վերջապես:

Իմպերիալիստական հզոր ուժերի թիվ 1 թշնամին ազատ մարդն է, ու նրանք մարդու հենց այդ տեսակին են պատերազմ հայտարարել, և որպեսզի հաղթեն այդ պատերազմում, պիտի կարողանան խաբել բնության կողմից այդ մարդու մեջ դրված ծրագիրը և, վերածրագրելով նրան, ստանալ մարդու մեկ այլ տեսակ` ավելի սահմանափակ մտավոր կարողություններով և զուրկ արդարության ու ճշմարտության հանդեպ ներքին բնական մղումներից:

Կարճ ասած, նրանք քաղաքակրթության բնականոն զարգացումից վախենում են ու ստեղծում են բոլոր պայմանները, որպեսզի մարդկային հասարակությունները սկսեն դեգրադացիայի ենթարկվել:

Ի դեպ, մարդկային քաղաքակրթության պատմությունն ունի այդ օրինակները, որ տեղի են ունեցել տարբեր ժամանակներում և տարբեր աշխարհագրական վայրերում, օրինակ՝ ամերիկյան մայրցամաքում եղել են բարձր քաղաքակրթություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով դեգրադացվել են` կորցնելով իրենց որակները, ու երբ ժամանակին այնտեղ են գնացել եվրոպացի գաղութարարները, այդ քաղաքակրթությունները, որոնք արդեն լրջագույն հետընթաց էին ապրել, ի վիճակի չեն եղել մրցակցել եվրոպական քաղաքակրթական մոդելի հետ, որի արդյունքում ասպարեզից հեռացել են: Նույնը եղել է նաև Աֆրիկայում և աշխարհի այլ մասերում:

Հիմա որպեսզի մարդիկ կարողանան թացը չորից տարբերել ու ճանաչել այդ հետընթաց զարգացման սինդրոմները, պիտի ընդամենը մեկ բան իմանան ու հասկանան, որ մարդկանց մեջ հոռի բարքեր ու վատ դրսևորումներ միշտ էլ եղել են, դրանցից են, օրինակ, ավազակությունը, պոռնկությունը, գռեհկությունը, ամբարտավանությունը, տգիտությունը, անհանդուրժողականությունը և նմանատիպ այլ բազմաթիվ երևույթներ, որոնք առողջ հասարակություններում միանշանակորեն դատապարտվում են, իսկ այն հասարակություններում, որտեղ այդ երևույթները չեն դատապարտվում և ընդունվում են որպես նորմա, անգամ ողջունվում են, ուրեմն իմացեք, որ այդ հասարակությունները բռնել են դեգրադացիայի ու ինքնաոչնչացման ուղին:

Երբ մեր «հեղափոխական» իշխանությունները հայտարարում են, որ իրենց հետևում ոչ մի արտաքին ուժ չկա կանգնած, դա նորմալ մարդկանց մոտ ընդամենը ծիծաղ կարող է առաջացնել, որովհետև եթե դա իսկապես այդպես լիներ, ապա իրենք չէին գործի այնպես, ինչպես սովորաբար գործում են իմ կողմից վերը նշված իմպերիալիստական հզոր կլաններից ուղղորդվող ու հովանավորվող կառավարությունները, որոնք իրենց երկրների ներսում անում են այն ամենը, որի մասին արդեն նշեցի, այսինքն՝ պատերազմ են հայտարարում ազատ մարդուն, մոլորությունների մեջ գցելով ու բարոյապես ոչնչացնելով՝ սահմանափակում են նրանց իրավունքներն ու ազատությունները, այդ նույն իրավունքները պաշտպանելու անվան տակ խեղում են նրանց ինքնությունը՝ հոգևոր արարածին վերածելով նյութապաշտ ու մորթապաշտ սպառողի, որը անասունի նման միայն իր ստամոքսի ու բազմացման բնազդի մասին կարող է մտածել ու մտահոգվել: Այնպես որ, մեր ինքնաոչնչացման ծրագիրն արդեն գործում է, ու դրա վառ ապացույցն է մեր «հեղափոխական» կառավարության գոյության փաստը:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը