Հարցազրույց

14.04.2019 00:45


«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

«Երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի». Տարասով

Արդյոք իրականում Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռվե՞լ է ՀՀ նոր իշխանությունների պաշտոնավարման օրոք այն դեպքում, երբ հայտարարվել է նաև կտրուկ շրջադարձերի բացառման մասին։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ նման հարցերի մասին դատելուց առաջ պետք է նայել քարտեզին, հասկանալ, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ է իրենից ներկայացնում, ովքեր են Հայաստանի բարեկամները և թշնամիները։

Ըստ նրա՝ հայաստանամետ ձևակերպումը, իհարկե, տեղին է, ղեկավարը պետք է լինի հայաստանամետ, պետք է սիրի Հայաստանը, նվիրված լինի Հայաստանին, որպեսզի կարողանա զարգացնել երկիրը, այդպես էլ պետք է լիներ։

Ավելին, ռուս վերլուծաբանի համոզմամբ՝ որևէ մեկը չի ասի՝ ինքը ռուսամե՞տ է, թե՞ արևմտամետ։ Բայց, Տարասովի խոսքով, պետք է հասկանալ, թե ով է Հայաստանի սերտ գործընկերը՝ Թուրքիա՞ն, Իրա՞նը, Վրաստա՞նը, Գերմանիա՞ն, Միացյալ Նահանգնե՞րը, կամ միգուցե Չինաստա՞նը: Կոնկրետ ո՞վ, թող մի երկիր անվանեն այս ցանկից՝ որպես սերտ գործընկեր, այսինքն՝ հռետորաբանության մեջ դա պետք է լսելի լինի, այլապես անհասկանալի իրավիճակ է ստեղծվում։

Սակայն, նրա կարծիքով, ՀՀ արտաքին քաղաքական հռետորաբանությունում որոշ նրբերանգներ փոխվել են, քանի որ նոր ղեկավարները երիտասարդ են, անփորձ, հրապարակախոս, զգացմունքային։

«Ես, օրինակ, հրապարակախոս եմ, ես էմոցիաների իրավունք ունեմ, իսկ երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի։ Քաղաքականությունը պետք է հստակ լինի, գնահատականները պետք է հստակ տրվեն, դրանք իրար չպետք է հակասեն, այլապես կարող է «ապուր» ստացվել։ Երբեմն չեմ հասկանում՝ ինչ են ցանկանում, ինչ են խոսում, ինչ ասել է, օրինակ, լինել հայաստանակենտրոն, դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ գործընկերները պետք է պտտվե՞ն Հայաստանի շուրջ, թե՞ ինչ-որ այլ ձևաչափ է։ Կան լուրջ բարդույթներ, հայ ժողովուրդը, որը մեծ պատմություն ունի, ներկայումս բարդույթներ է ձեռք բերել, որոնցից ելնելով՝ արտաքին քաղաքական ուղերձներ է հղում»,-ասաց վերլուծաբանը։

Խոսելով հայ-ռուսական հետհեղափոխական հարաբերությունների մասին՝ Տարասովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի արել որևէ քայլ, որը կասկածներ կհարուցի Մոսկվայում, որը կանհանգստացնի Մոսկվային։

Նա նշեց, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի գործընկերը, սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում շարունակվում է։

«Որոշ դրվագներում կան հայ-ռուսական հակասություններ, բայց կոնկրետ քայլեր չեն արվել, որոնք կասկածներ կհարուցեն Մոսկվայի մոտ։ Հասկանալի է նաև, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է բազմավեկտոր լինի, որպեսզի տնտեսության զարգացումը հնարավոր լինի, որպեսզի արևմտյան ներդրումներ ևս ներգրավվեն։ Զուգահեռաբար՝ ՌԴ-ն «կամ-կամ»-ի հարց չի դնում, հասկանում է, որ հարկավոր է վարել բազմակողմ քաղաքականություն: Բայց պետք է հասկանալ նաև, որ պատասխաններ պետք է տալ, թե ով ես դու և ինչ իրավիճակով ես շրջապատված, դրանում ովքեր են քո բարեկամները և թշնամիները, ում հետ ես դու հույսեր կապում։

Նրա հետ խաղում են, և նա, լինելով նախկին լրագրող, զգացմունքային է արձագանքում այդ ամենին։ Ժամանակ առ ժամանակ սա կրկեսի է նմանվում։ Նա մեկ ուղղության վրա է դասում Մոսկվային և Վաշինգտոնին։

Ուզում եմ նշել, որ Մոսկվան չի ցանկանում լսել բարձրագոչ ելույթներ իր հասցեին, բայց հարաբերությունների բնույթը Մոսկվայի և Վաշինգտոնի հետ տարբեր է, դրանք պետք է տարբերակվեն նաև ելույթներում, հստակ պետք է լինի դա: Սակայն հստակ վարվող արտաքին քաղաքական գիծ չկա, չնայած նաև չեն փոխվել հայ-ռուսական հարաբերություններն ընդհանուր առմամբ»,-ասաց Տարասովը։

Մանրամասները՝ 168.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը