Կարծիք

13.04.2019 12:55


Ցեմենտը՝ որպես մեթոդաբանական որոշիչ

Ցեմենտը՝ որպես մեթոդաբանական որոշիչ

Խորհրդարարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կայանալիք քննարկումն այս անգամ էական բան է որոշելու: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը հանձնաժողովին «Պետական տուրքի մասին օրենքում» փոփոխության առաջարկ է ներկայացրել: Այս փաստից կարելի է եզրակացնել, որ կառավարությունը տնտեսական պրոտեկցիոնիզմի հարցում արդեն կողմնորոշվել է: Այսինքն, դիրքորոշում ունի: Նախարարը (բնականաբար, կառավարության անունից) առաջարկում է Հայաստան ներկրվող ցեմենտի մեկ տոննայի դիմաց մաքսատուրք սահմանել: Այս քայլն ինչ–որ իմաստով անսպասելի էր: Մեր նոր իշխանությունների այն փոքրաթիվ մասը, ում տնտեսական հայացքներն ու մոտեցումները հայտնի էին նախկինում, հիմնականում դեմ էին տնտեսական աջակցության քաղաքականությանը: Պարզ ասած՝ ազատ շուկայական հարաբերությունների կողմնակիցներ էին: Սա՛ է ինտրիգը: Փաստորեն, օրենքի՝ տրամաբանորեն հակառակ օրինագիծ է ներկայացվել խորհրդարան: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում էլ տնտեսագիտական նույն հայացքները կրող մարդիկ քիչ չեն: Հանձնաժողովում կայացած քննարկումից հետո այն կտեղափոխվի ԱԺ նիստ։ ԱԺ-ն կընդունի կամ կմերժի օրինագիծը, և դրանից պարզ կլինի՝ նոր իշխանությունները տնտեսության առաջընթացի ինչ մոտեցում ունեն:

Բազմաթիվ աշխատատեղեր փակելու երկարամսյա խոստումների ֆոնին կառավարության անդամը հիմա չի թաքցնում, որ ցեմենտ արտադրող երկու գործարանների 400 աշխատեղերը պահելու համար է այս ամենը: Եկեք նախ դիտարկենք ցեմետի շուկայի ծավալներն ու երկու գործարանների վարքը թվերով:

Մինչև 2015թ. Հայաստանը ցեմենտ արտահանող երկիր էր: 2012թ. արտահանվել է մոտ 137 հազար տոննա ցեմենտ, 2013թ.` 185 հազար: 2014թ. ցուցանիշն ընկնում էր, բայց դեռ ողբերգական չէր. այդ տարի արտահանվել է մոտ 73 հազար տոննա: 2016-ին արտահանում չի եղել, ու այդ թվականից մեր երկիրը դարձել է ցեմենտ ներկրող: Այսինքն, մեր արտադրողներն արտաքին շուկան կորցնելուց հետո դիրքերը զիջում են նաև ներքին շուկայում:

Ներմուծումների ծավալային աճը կարելի է տեսնել գրաֆիկում: Իսկ զուտ ֆինանսական առումով 2014-ին ներկրումներում առաջին անգամ 1 մլն դոլարի ցուցանիշը գերազանցվեց: 2016-ին ներկրվել է մոտ 2.8 մլն դոլարի ցեմենտ, 17-ին` մոտ 5 մլն-ի արժեքի: 2018թ.-ին, որի կեսից ավելին արդեն անզուսպորեն ազատ շուկայական տնտեսության կողմնակիցների շրջանն էր, ներկրումների ծավալը հասավ 26,5 մլն (աճը հինգ անգամից ավելի է, եթե, իհարկե, հնարավոր է այս պարագայում «աճ» բառն օգտագործել):

Անցած տարվա ընթացքում հայտնի և անհայտ սեփականատերերի պատկանող գործարանները փորձեցին այս թեմայի շուրջ հասարակական հետաքրքրություն առաջացնել: Չստացվեց: Խոշոր սեփականատերերը հարգի չէին անգամ աշխատատեղեր ապահովելու պարագայում: Եվ ահա, այժմ իշխանություններն իրենք են ասում, որ Հայաստանում արտադրվող ցեմենտն ավելի բարձր ինքնարժեք ունի, քան հարևան երկրների արտադրածը: Այն, որ իրանական ցեմենտն ավելի էժան է, բոլորը գիտեին. այդ երկրի ներքին շուկայում էներգակիրների արժեքը ցածր է: Բայց որ մենք զիջում ենք վրաց արտադրողներին, շատերի համար շոկային նորություն էր:

Ցավոք, պատկերն այդպիսին է: Էներգակիրների (հատկապես գազի) բարձր արժեքի պատճառով մեր երկրում ցեմենտի ինքնարժեքն ավելի բարձր է: Մեր իշխանությունների խոստացած շինարարական բումի համար ցեմենտ է պետք: Տարօրինակ է, բայց իշխանությունները չեն գնում էժան ցեմենտ «հայթայթելու» ճանապարհով: Օրենքի նախագծի ընդունումից հետո պարսկական ցեմենտի մեկ տոննան կթանկանա առնվազն 22 հազար դրամով: Բայց շատերը գիտեն, որ նման մոտեցումը կամ տնտեսական աջակցություն-պրոտեկցիոնիզմը երկարաժամկետ դրական հետևանքներ կարող են չունենալ: Ավելին, դրա բացասական հետևանքները դասագրքային ճշմարտություն են` ընդունված ու չվիճարկվող: Նման պարագայում տեղական արտադրողը բավարար միջոցներ չի ներդնում սեփական արտադրությունն արդիականացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար մի կողմից, մյուս կողմից, ներմուծումներից «պաշտպանված» ներքին արտադրողը, որպես կանոն, հոգ չի տանում սեփական արտադրանքի որակի մասին, և այդպես շարունակ: Կարճ ասած, հետաքրքիր է լինելու դիտարկել, թե ինչ վերաբերմունք կդրսևորի խորհրդարանը: Չնայած, անկեղծության համար պետք է ասել, որ գործադիր իշխանության որոշումները վավերացնելով՝ նոր խորհրդարանն ամենևին էլ ինքնատիպ չի լինի:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը